14.08.2013 13:58

iLur Բլոգ. Բարեւներս նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն այրել կամուրջները

iLur Բլոգ. Բարեւներս նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն այրել կամուրջները

Էս տեքստը սկզբում լրիվ ուրիշ բանի մասին էր: Ահագին չարչարվել գրել էի, ժամանակ էի ծախսել, բայց հանկարծ զգացի, որ ուրիշ բան ունեմ ասելու, կարեւոր բան, ու նախկին տեքստս ջնջեցի, որ գրեմ էն, ինչ հիմա կարդում ես:

Բարեւել եմ ուզում: Բարեւել եմ ուզում բոլոր նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն հեռացել:  Էդ թվում՝ նրանց, ու երեւի առաջին հերթին՝ նրանց, որոնց  համար մնալը ծանր էր, ու կյանքը դժվար էր շատ, իսկ գնալը հնարավոր էր, հեշտ էր ու հրապուրիչ: Բայց մնացին:

Ինչո՞ւ հանկարծ ուզեցի բարեւել: Որովհետեւ ինձ թվում ա` վճռական օրեր են մոտենում, եւ շուտով Հայաստանում փորձ ու վճռականություն  ունեցող մարդկանց կարիք ա զգացվելու:  

Ափսոս, որ գնացողներ եղան, ու ոչ քիչ: Իհարկե, նաեւ նորերն են գալիս, էսօր Մաշտոցի պուրակն ու քաղաքապետարանի դիմացը լիքն են, շարժում ա գնում, մարդիկ ակտիվացել են, հիմնականում` ամենաջահելները, իսկ ամեն շարժում միշտ նոր մարդիկ ա բերում: Բայց էդ ամենաջահելները մինչեւ հասցնեն փորձ ձեռք բերել,  կարող  ա ասածս վճռական օրերը եկած լինեն արդեն, ու երբ որ դա տեղի ունենա, շատ կարեոր ա լինելու 2008-ի շարժման ընթացքում փորձ ու քաղաքական գիտելիքներ ձեռք բերած մարդկանց դերը:

Դրա համար էլ ասում եմ` ափսոս, որ գնացողներ եղան: Ընդ որում՝ գնացողները մենակ նրանք չեն, որ հավաքեցին ճամպրուկներն ու հեռացան ամերիկաներ կամ եվրոպաներ կամ ռուսաստաններ: Եղան նաեւ հեռացողներ, որ հեռացան առանց սահման հատելու: Հեռացան՝ մնալով Հայաստանում:  Ներքին աքսոր:  Ես եղել եմ, գիտեմ էդ ինչ ա: Եղել եմ ու վերադարձել: Որովհետեւ կամուրջները, պարզվեց, զարմանալի ամուր էին, չէին այրվել` հակառակ ծխին ու կրակին: Ու ես նաեւ նրանց եմ ուզում բարեւել, որոնք վաղը վերադառնալու են չայրված կամուրջներով:

Երբ որ վճռական պահը գա:

Մարինե Պետրոսյան