14.08.2013 13:59

Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ռուս–ադրբեջանական գործարքը

Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ռուս–ադրբեջանական գործարքը

Մինչ Սերժ Սարգսյանը գերգաղտնիության պայմաններում իր արձակուրդն էր վայելում, մինչ ֆեյսբուքահայությունը «ղժժում» ու տարատեսակ անեկդոտներ էր հորինում այդ արձակուրդի թեմայով և մինչ մենք հերթական բարոյական հաղթանակն էինք տոնում ՌԴ արտգործնախարար Լավրովի անվան փոխարեն Բաքվում հնչեցված «ս.…րի» կապակցությամբ, Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսական այնպիսի համաձայնություն կնքեցին, որը համարժեք է Բաքու–Ջեյհան նախագծին։

Ռուսական «Роснефть»-ը և ադրբեջանական «SOCAR»-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են իրականացնել Ադրբեջանից դեպի Ռուսաստան նավթի մատակարարումը։ Իսկ դա նշանակում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի թիվ մեկ գործընկերը դառնում է մեր թշնամի երկիրը։

Սա նաև նշանակում է, որ ռուսական քաղաքական վերնախավում պրոադրբեջանական լոբբին լուրջ «բնագծեր» է նվաճել ու ժամանակի ընթացքում է՛լ ավելի է ամրապնդելու իր դիրքերը, քանզի նավթադոլարները կանեն իրենց գործը։ Իսկ թե ինչ հետևանքների դա կարող է բերել, դժվար չէ կռահել։

Ադրբեջանը, փաստորեն, կարողանալու է ոչ միայն «Սմերչ» ու հարձակողական այլ տիպի զենքեր ձեռք բերել ՌԴ–ից, այլ նաև ստանալ դրանք կիրառելու այսպես ասած «դաբրոն», ինչը չի ունեցել1994թ. հրադադարը հաստատելու պահից ի վեր։

Պուտինն իր այցով ցույց տվեց, որ ՌԴ–ն մեր տարածաշրջանում իր քաղաքականությունն այսուհետև իրականացնելու է ոչ թե միֆական պատկերացումներով, այլ պրագմատիկ տարբերակով, քանի որ հայաստանյան իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի միֆը փլվի։

Ռուսների աչքերը հիմա բացվել են, և նրանք սկսել են չոր հաշվարկի վրա հիմնված պրագմատիկ քաղաքականություն վարել։ Արդյունքում՝ Ադրբեջանն, օգտվելով միֆի փլուզումից, Հայաստանի նկատմամբ դիրքային առավելության հասավ։ Ասել է թե՝ Սարգսյանի «նախաձեռնողականության» պտուղները քաղեցին Բաքվում, իսկ դրանից առաջ տեղի ունեցած «ֆուտբոլի» ժամանակ այդ պտուղները համտեսել էին Անկարայում։ Երևանի շահի մասին խոսք անգամ չի կարող լինել։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» և «արևմտամետ» (իրականում՝ թուրքամետ և փողամետ) քաղաքականությունը տալիս է իր շոշափելի արդյունքները. հայ–ռուսական հարաբերությունները վատացել են, ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգը հարվածի տակ է հայտնվել, մեր առաջ կռվի երեք ճակատ է բացվել. Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղղակիորեն, իսկ ՌԴ–ի հետ՝ անուղղակիորեն։

Բոլորին «այո» ասելու քաղաքականությունը և գավառական «շուստրիությունը» հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ. մենք Արևմուտքի մաս չենք կազմել, բայց ՌԴ–ին կորցրել ենք։ Այս պայմաններում նույնիսկ «կամ կամ» ընտրությունը ելք չէ։

Թե ում է ձեռնտու նման պատկերը, հասկանալի է անգամ դպրոցահասակին։

Տեսակետ կա, որ «նախաձեռնողականությունը» և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանությունների քաղաքական անմեղսունակության հետևանք են, սակայն մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ գործ ունենք Սահմանադրության 57–րդ հոդվածով նախատեսված դեպքի հետ։ Այսինքն՝ այս ամենից պարզապես պետական դավաճանության հոտ է գալիս։

Ուրիշ ի՞նչ անուն դնես տնտեսության շարունակական քայքայմանը, արտագաղթի խթանմանը միտված քաղաքականությանը և մեր անվտանգության համակարգի նպատակադրված թուլացմանը։

Այն հետևողականությունը, որը ցուցաբերում է Սերժ Սարգսյանը ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում և այն կազմաքանդիչ ֆունկցիան, որը նա կատարում է, կասկածի տեղ չի թողնում, որ գործ ունենք թրքաբոլշևիկյան կոդերով առաջնորդվող պետրոսգետադարձների հետ։ Հետևաբար՝ իշխանափոխության հասնելու բոլոր մեթոդները դառնում են լեգիտիմ։ Խոսքս, իհարկե, քաղաքական մեթոդների մասին է։

Կորյուն Մանուկյան, 7or.am