16.08.2013 13:39

Թոմաս դե Վաալ. «Այն, ինչ չասվեց Բաքվում»

 Թոմաս դե Վաալ. «Այն, ինչ չասվեց Բաքվում»

Carnegie հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Այն, ինչ չասվեց Բաքվում» հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 13-ին Բաքու կատարած այցին: Հոդվածում դե Վաալը, մասնավորապես, գրում է.  

«Առավել արդյունավետ է այն բանի վրա կենտրոնանալը, թե ով չժամանեց Բաքու և ինչ չասվեց Բաքվում: Որևէ կերպ չհիշատակվեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ), որը Ռուսաստանը լքել (հրաժարվել) է նախորդ տարեվերջին: Պուտինի այցը վկայեց, որ Ռուսաստանը փակված է համարում այդ հարցը:

Պուտինը միայն մեկ տողով հիշատակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը հանդիսացել է իր նախորդ Դմիտրի Մեդվեդևի թիվ մեկ արտաքին քաղաքական նախաձեռնությունը: Դա հերթական անգամ ակնհայտ դարձրեց այն, որ դա այն հարցն է, որն առանձնապես չի հետաքրքրում նրան (Պուտինին):

Պուտինի մեծ պատվիրակության ֆոնին ակնառու էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի բացակայությունը: Նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվել էր Rosneft-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով խոշոր համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:

Rosneft-ը փորձում էր բաժնեմաս ստանալ Աբշերոնի գազային հանքավայրերում, ինչի համար էլ պետք է որ ռուսները հիասթափված հեռացած լինեն, քանի որ նրանք չստացան ընդհանուր բառերով նկարագրված համագործակցության համաձայնագրից ավելին:

Հանդիպումներում չեն արտաբերվել մի շարք կարևոր բառեր, որոնցից մեկն «Ամերիկան» էր: Այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը Բաքու է ժամանել կես դյուժին նախարարներով, պետք է ադրբեջանցիներին հուշեր, թե որտեղ է պետք փնտրել սեփական առաջնահերթությունները:

Երկրորդ բառը «Հայաստանն» էր: Այցի պատճառներից մեկը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության քննարկումն էր, ինչը պետք է նյարդայնացներ հայերին և հարկադրեր առավել լրջորեն վերաբերվել Պուտինի Մաքսային միությանը (ռուսական պատվիրակության ազդեցիկ դեմքերից մեկը ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող Rosoboronexport ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինն էր: Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կազմում է 4 միլիարդ դոլար):

Երրորդ չհնչեցված բառը, որը շարունակում էր «օդում կախված» մնալ «ընտրություններ» բառն էր: Ալիևը գնում է դեպի իր երրորդ նախագահական ժամկետ՝ հոկտեմբերի 9-ին: Այս անգամ սովորաբար անկենսունակ ադրբեջանական ընդդիմությունը որպես միասնական թեկնածու առաջադրել է իրական կշիռ ունեցող, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Ընտրապայքարին մասնակցելու համար երկքաղաքացիություն ունեցող Իբրահիմբեկովը պետք է հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից՝ մի ընթացակարգ, որը Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տվել դե-ֆակտո վետո դնել ընտրություններին նրա մասնակցության վրա: Այս մասով ոչինչ չասվեց. երկու կողմն էլ գիտեին, թե ինչ է ցանկանում մյուս կողմը»:

Թարգմանությունը՝ ըստ 168.am-ի