16.08.2013 19:38

«Հարցազրույց Հայաստանի հետ». Ռուզաննա Գրիգորյան. Իրացնում եմ իմ իշխանությունը

«Հարցազրույց Հայաստանի հետ». Ռուզաննա Գրիգորյան. Իրացնում եմ իմ իշխանությունը

iLur.am-ը ներկայացնում է հարցազրույցների նոր շարք, որը պայմանական անվանում ենք «Հարցազրույց Հայաստանի հետ»: Այս շարքում կներակայանան մեր հասարակության տարբեր շերտեր, տեսակետներ, բայց՝ ոչ միայն: Մեր նախագիծը ենթադրում է որոշակի կառուցվածք, առանձին հատվածների միջեւ որոշակի կշռույթ (ռիթմ), հերթականություն, նույնիսկ՝ սյուժե: Այսինքն՝ մեր նպատակն է ունենալ ոչ թե ինքնաբավ եւ մեկը մյուսից լրիվ անկախ, ինքնանպատակ զրույցներ, այլ տարբեր զրուցակիցների միջեւ հեռակա երկխոսություն, ինչպես նաեւ տարբեր թեմաների միջեւ կապեր եւ հղումներ: Այլ կերպ ասած՝ հուսով ենք արդյունքում ստանալ եթե ոչ միասնական սյուժեով վեպ, այլ գոնե հերոսներով եւ թեմաներով միավորված պատմվածքների ժողովածու: Մեր սյուժեն կունենա իր կոնֆլիկտներն ու դրանց հանգուցալուծումները, իր ինտրիգը, իր հերոսներին ու հակահերոսներին, իր անսպասելի դիպվածները, սուր շրջադարձերը, ինչու ոչ՝ ռոմանտիկ պահերը եւ քնարական շեղումները, երկխոսություններն ու նկարագրությունները, այնպես որ՝ հետեւեք բացառիկ այս շարքին միայն «Իլուրի» «եթերում»՝ այսօր և այստեղ:

Մենք կաշխատենք ներգրավել իսկապե՛ս տարբեր ոլորտների մարդկանց, ոչ միայն քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների, այլեւ՝ գրողների, գիտնականների, արվեստի ներկայացուցիչների՝ թեմատիկ համապատասխան բազմազանությամբ:

Կուզենայինք մեր ընթերցողին վստահություն եւ լավատեսություն ներշնչել. չնայած մեր երկրի առջեւ ծառացած բարդ, հաճախ էլ ճակատագրական խնդիրների՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք ստեղծում են իրենց իրականությունը, որոնք ասելիք եւ լուծումներ ունեն, որոնք չեն հուսահատվում եւ չեն հուսահատեցնում, որոնց համար ելքը ոչ թե երկիրը լքելն է, այլ խնդիրները լուծելն է այսօր եւ այստեղ՝ ամեն մեկն իր պատկերացումների եւ մեթոդների շրջանակներում:

Մենք հուսով ենք նաեւ, որ այս շարքը, չնայած ներքին բանավեճերի, ի վերջո միավորիչ կլինի, բայց ոչ թե միաձուլման եւ հարթեցման, այլ բազմաձայն սիմֆոնիկ միասնության առումով, ուր ամեն մեկը նվագելով իր պարտիան՝ փոխլրացնում է մյուսին: Սակայն կունենանք նաեւ տարանջատման հստակ գիծ կամ գծեր, եւ մեր միասնությունն արհեստական չի լինի, եւ ամեն արարած չի հայտնվի մեր տապանում, այլ միայն նրանք, ում ասելիքն անկեղծ է եւ ապրված, իսկ գործը՝ շոշափելի եւ ստեղծագործական ազարտով լի:

Բացառվում է հակագիտական մտքերի տարածումը. այստեղ երբեք չեք գտնի հայկական այբուբենի 10.000 տարվա հնություն ունենալու կամ հայ գենի եսիմինչության մասին զառանցանքներ, հակաանկախական քարոզչություն, նաեւ տնաբույծ «գեոպոլիծիկ», «գլոբալ» ցնորքներ, հայերենի շարահյուսությունը բռնության ենթարկող «թխվածքներ», իշխանական ֆիգուրների քողարկված քարոզ՝ փորձագիտական կարծիքի տեսքով: Մեզ նաեւ հետաքրքիր չեն չհիմնավորված հռչակագրային «սրա-նրա ժամանակն անցելա»-ներ» եւ այլ մանկական սնունդ: Մյուս կողմից՝ մեր տարածքն ազատ է բոլորի համար, ով ոչ թե «կրիածիվ» կարծիքներ ունի ամեն ինչի մասին, այլ իրապես հիմնավոր տեսակետներ՝ անկախ նրանից, թե արդյոք այդ տեսակետները համընկնում եմ մեր հայացքներին, թե ոչ: Կարեւորը տեսակետի հիմնավորվածությունն ու ապրվածությունն է՝ անմիջական փորձից բխեցված լինելը:

Զրույցները կվարի Ռիմա Գրիգորյանը

Նախագծի համակարգող՝ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հարցազրույց Առաջին

Իրացնում եմ իմ իշխանությունը

Ռուզաննա Գրիգորյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Չենթարկվել հակաիրավական որոշմանը

-Ռուզաննա, ինչպե՞ս սկսվեց և ծավալվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարը: Կայի՞ն խանգարող հանգամանքներ:

-Որպես առաջին քայլ՝ Facebook սոցիալական ցանցում ստեղծվեց միջոցառում (event), որի շրջանակում ձևակերպվեց խնդիրը։ Դրան հաջորդեց քննարկում Սիրահարների այգում, որի ժամանակ որոշվեց ցույց անել քաղաքապետարանի դիմաց։ Ցույցից հետո քաղաքապետարանի կողքի պուրակում տեղի ունեցավ հանրային երկրորդ քննարկումը, որի ընթացքում արդեն մասնակիցների առաջարկների հիման վրա ձևավորվեցին ինքնակազմակերպվող մի քանի խմբեր։ Այս շարժման համար առանցքային նշանակություն ունեցավ հատկապես վարորդների և ուղևորների համար թռուցիկներ պատրաստելու և կանգառներում դրանք բաժանելու գաղափարը։ Արդեն հաջորդ օրվանից կանգառներում առաջին խումբը սկսեց թռուցիկներ բաժանել, ուղեվարձի թանկացումը բոյկոտող բովանդակությամբ կարգախոսներ փակցնել կանգառներում։ Տեղի ունեցան առաջին ձերբակալությունները, ինչի հաշվին ակցիաները ավելի մեծ թափ հավաքեցին։ Առաջին օրվա ակցիաները նկարահանվեցին, պատրաստվեց տեսանյութ և տեղադրվեց համացանցում։ Տեսանյութում շատ հստակ երևում էր անելիքը. կանգառում կանգնեցնում ես երթուղային մեքենան, ուղևորներին թռուցիկներ ես տալիս, վարորդին կոչ ես անում չպահանջել  հարյուր հիսուն դրամ, պոկում ես հարյուր հիսուն դրամի նշանը՝ դրա փոխարեն ամրացնելով հարյուր դրամի նշանը, տրանսպորտում և կանգառում գտնվող ուղևորներին էլ կոչ ես անում բոյկոտել որոշումը՝ վճարելով նախկին գինը։ Ուղերձը շատ հստակ էր. բոյկոտել, չենթարկվել հակասոցիալական և, ինչպես հետո պարզվեց, նաև հակաիրավական որոշմանը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիական անհնազանդության կոչ արվեց: Համացանցում տեսահոլովակը տարածվեց, ինչին երիտասարդները շատ արագ արձագանքեցին։ Մեծ ստեղծագործական ռեսուրս կուտակվեց, ամեն մի ինքնակազմակերպվող խումբ սկսեց իր ստեղծագործական էլեմենտներն ու սիմվոլները մտցնել ակցիաների մեջ, ինչի շնորհիվ պայքարը օր օրի ավելի բազմազան ու հարուստ էր դառնում: Պայքարի զարգացման և ընթացքի համար կարևորագույն նշանակություն ունեցավ Մաշտոցի պուրակի ամենօրյա հանրային ժողովը, որի ընթացքում հարցերը բաց կերպով քննարկվում էին, հակիրճ գնահատվում էր իրավիճակը, հնչում էին առաջարկներ, և դրանց շուրջ կազմակերպվում էին խմբեր։ Փաստորեն՝ պայքարը կազմակերպվեց ապակենտրոն ինքնակազմակերպման սկզբունքի վրա՝ առաջնորդվելով իրավունքի գերակայությամբ և ոչ բռնի պայքարի մեթոդներով: Այն հորիզոնական էր, մասնակցային, առանց լիդերների, հեղինակությունների և հիերարխիայի։ Բացի մեթոդներից, պայքարի հաջողության գրավականներից մեկն էլ խնդրի ճիշտ ձևակերպումն էր՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական խնդիրը։ Կարծում եմ՝ խնդրի այս ձևակերպումը լայն զանգվածների ներգրավվածություն ապահովեց: Այս շարժմանը մասնակցել են ամենատարբեր խմբեր և անհատներ, ուսանողներ, ուղևորներ, հայտնի մարդիկ, վարորդներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարժման ժամանակ հանդես են եկել որպես անհատ քաղաքացիներ դա ապահովեց քաղաքացիական շարժման անկախությունը և հաջողությունը։ Որպես խոչընդոտ՝ կարող եմ նշել այն սուղ ժամանակային պայմանները, որոնցում պետք էր մեծ լարման և ջանքերի գնով որոշումներ կայացնել և գործել։

Այն, ինչ մենք անում ենք՝ քաղաքականություն է

-Շատերը հակադրում են քաղաքացիականն ու քաղաքականը: Այս անգամ, սակայն, կարծես թե լուրջ խնդիրներ չեղան: Դուք ավելի կողմ եք դրանց հակադրությա՞նը, թե՞համագործակցությանը:

-Նախ, իմ կարծիքով՝ քաղաքացիականն ու քաղաքականը ընդհանրապես չեն հակադրվում միմյանց:
Այն, ինչ անում է քաղաքացիականը, հենց քաղաքական գործընթաց է։ Այն, ինչ մենք հիմա անում ենք, քաղաքականություն է, և դրան հենց այդ ձևակերպումն էլ պիտի տալ՝ առանց վախենալու: Քաղաքացիականության տարածումը քաղաքականություն է, այսինքն՝ մենք հիմա անում ենք քաղաքականություն՝ քաղաքացիական արժեքների տարածման միջոցով: Ուրիշ հարց է, որ պետք է տարանջատել քաղաքացիականը կուսակցություններից կամ քաղաքացիական հավակնություններ ունեցող ուժերից: Ամեն մեկը ինքն է որոշում որտեղ լինել. մարդիկ կան, որ և՛ քաղաքական ուժի մեջ են, և՛ ունեն ընդգծված քաղաքացիական կեցվածք: Կարևորն այստեղ այն է, որ եթե կուսակցության անդամները կամ քաղաքական հավակնություններ ունեցող ուժերի ներկ
այացուցիչները ցանկանում են մասնակցել քաղաքացիական պրոցեսներին, իրենց կուսակցական կամ քաղաքական օրակարգերն առաջ չտանեն, այլ մասնակցեն ձևակերպված խնդիրների շրջանակներում՝ որպես քաղաքացիներ: Այս շարժումը հաջողվեց, քանի որ շատերը մասնակցեցին, այդ թվում՝ քաղաքական ուժերը, բայց գործընթացը չկուսակցականացվեց:

- Թեպետ Դուք նշեցիք, որ այս անգամ կարծես թե իրավիճակից օգտվողներ չկային, բայց երբեմն կամ հաճախ խոսում են, թե իրավիճակից փորձում են օգտվել շատերը՝ իշխանությունները, քաղաքական ուժերը, մամուլը: Ձեր կարծիքով՝ նման բան լինելու դեպքում ի՞նչ է պետք հակադրել այդ ամենին:

-Նախ՝ հնարավոր չէ ունենալ մի պրոցես, ընդ որում՝ առողջ և աճող պրոցես, որից չփորձեն օգտվել տարբեր ուժեր: Ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում։ Կարևորն այստեղ այն է, որ դու ինքդ հստակ իմանաս քո նպատակները, արժեքները, մեթոդները՝ շարունակաբար վերլուծելով իրավիճակը, ճանաչելով քո դաշնակիցներին և  հակառակորդներին։ Օրինակ, Մաշտոցի պուրակից հետո երկար ժամանակ շատերը խոսում էին, որ պրոցեսից օգտվել է ոչ թե հանրությունը, այլ  Միշիկը, Սաշիկը և մյուս իկերը։ Բայց ի՞նչ են առաջարկում. ոչինչ չնախաձեռնել, ոչինչ չանել, որպեսզի ուրիշները չօգտվե՞ն։ Եթե դու հանրային գործունեությամբ ես զբաղված, պարզ է, որ քաղաքական դաշտում առկա ուժերը պիտի փորձեն ունենալ իրենց շահերը, դու էլ պիտի ձևակերպես քո շահերն ու նպատակները և հետևողականորեն դրանք առաջ տանես։ Մեր դեպքում դա սահմանադրականությունն է, սոցիալական արդարությունը, քաղաքացիականության տարածումը, հանրային շահը։

Պատասխանատվության հարցի առաջ

-Վերջերս Դուք ևս պաշտոնապես միացաք նստացույց անողներին՝ պահանջելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, սակայն Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ այդ մարդիկ նորմալ են կատարում իրենց աշխատանքը, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք պաշտոնանկ չեն արվի: Ինչպե՞ս եք մտադիր շարունակել պայքարը և՛ այս պահանջի հետ կապված, և՛ առհասարակ:

-Նախ, ես խիստ կարևորում եմ պաշտոնանկության հարցը. դա ինձ համար առաջնահերթ խնդիր է, որովհետև տրանսպորտի սակագնի իջեցումն առաջին փուլի հաղթանակն էր, ընդ որում՝ ոչ վերջնական, քանի որ որոշումն ընդամենը կասեցվել է, ոչ թե չեղյալ համարվել։ Հաշվի առնելով մինչ այժմ եղած քաղաքացիական պայքարների ընթացքը՝ կարծում եմ, որ մենք կանգ ենք առել պատասխանատվության հարցի առաջ. հանրային օրակարգ բարձրացված խնդիրները չեն լուծվել իրավական հարթության մեջ։ Ուզում եմ, որ վերջապես ստեղծենք նախադեպ, երբ անօրինական որոշում կայացրած հանրային ծառայողը պատասխանատվության է ենթարկվում իր ապօրինությունների համար։ Սա կլինի այն նախադեպը, որը կարող է կանխել հետագա նմանատիպ ապօրինի որոշումները։ Ի վերջո, մենք միշտ վազում ենք հետևանքների հետևից՝ դրա վրա ծախսելով ահռելի ռեսուրսներ, և այս անգամ արժե ռեսուրս ծախսել արդեն կանխարգելիչ քայլերի վրա։ Ի դեպ, այս երկու պաշտոնյաների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ նրանք եղել են ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշում կայացրած հանձնաժողովի մեջ, այն դեպքում, երբ երկուսն էլ  գծատեր են, այսինքն՝ այստեղ կա շահերի բախում։ Պաշտոնյան, ով ունի անձնական բիզնես շահեր, կայացնում է հանրային շահին վերաբերող որոշումներ։ Այս շահերի բախումը կոռուպցիա է։ Բացի այդ, այս պաշտոնյաներն այդ յոթ օրերի ակցիաների ընթացքում  ակցիայի մասնակիցների և լրագրողների նկատմամբ դրսևորել  են խուլիգանական վարքագիծ՝ հայհոյել են, բռնություն են կիրառել, հարվածել են, սպառնացել։ Հիմա քաղաքացիները դրել են պահանջ, որ իրենց վճարած հարկերով վարձատրվող պաշտոնյան իրավունք չունի տարածելու նման կրիմինալ արժեհամակարգ, կայացնելու ապօրինի որոշումներ և մնալու իր պաշտոնում։ Ի դեպ, հատկանշական է, որ այս պաշտոնյաները մտադիր են մասնակցել նաև ուղեվարձի վերաբերյալ հետագա քննարկումների համար ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, ինչը մենք անթույլատրելի ենք համարում։ Ինչ վերաբերում է այս պաշտոնանկության պահանջի մասին քաղաքապետի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ դրանք առհասարակ անտեսում են մեր իրավական հիմնավորումները և համացանցում մեր տարածած տեսանյութերը։ Հերթական անգամ հարցերը չեն քննարկվում իրավական հարթության մեջ, իսկ այսօր, որպես ակտիվ քաղաքացիներ, մեր խնդիրն է իշխանություններին բերել իրավական դաշտ և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին։

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն քաղաքական, տնտեսական պատճառները, որոնք առիթ դարձան, որպեսզի թանկացումները տեղի ունենան հետընտրական շրջանում: Կոնկրետ տրանսպորտի դեպքում միայն գծատերե՞րն են խնդիր, թե՞ նրանք ընդամենը մեխանիզմի հիմքն են:

 - Իհարկե պատահական չէր, որ ուղեվարձի թանկացման մասին որոշումը ընդունվեց ընտրություններից հետո։ Պարզ է, որ ընտրություններից առաջ նման որոշումը բոլորովին չէր բխի քաղաքային իշխանությունների շահերից՝ հաշվի առնելով, որ Տարոն Մարգարյանը նորից ընտրվելու ծրագրեր ուներ։ Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, ապա խնդիրն այն է, որ հանրությունը չի վստահում, որ այդ լրացուցիչ գումարները ծառայելու են տրանսպորտի համակարգի որակի բարձրացմանը կամ մտնելու են վարորդների գրպանը։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդ գումարներն ընդամենը մեծացնելու էին գծատերերի գերշահույթը։ Գաղտնիք չէ, որ շատ պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, հենց ինքը՝ քաղաքապետը, գծատերեր են։ Ի դեպ, նշեմ, որ շատ մասնագետների և ոլորտին ծանոթ մարդկանց պնդմամբ՝ սա շատ եկամտաբեր բիզնես է, եկամուտի մեծ մասն էլ բաժին է հասնում գծատերերին։ Պետբյուջե մտնող գումարները չեն համապատասխանում իրական եկամուտներին։ Եթե ուսումնասիրեք Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի բարձրացման մասին որոշումը և գնի հիմնավորումը, ապա կհամոզվեք, որ գծատիրոջ մասին ընդհանրապես խոսք չկա: Նշված է, որ վարորդն ամսական հարյուր հիսուն հազար դրամ է ստանում, սակայն իրականում չկա վարորդի աշխատավարձ հասկացությունը։ Իրականում վարորդներն իրենք են վճարում գծատերերին իրենց աշխատած գումարից: Գծատերերը շահագործում են վարորդներին՝ նրանց ամենօրյա ծանր, չարքաշ աշխատանքի հաշվին ստանալով գերշահույթներ։ Եվ հաճախ նրանք պետական պաշտոնյաներ են, ինչը հակասահմանադրական է, քանի որ պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս խնդիրը միայն ուղևորափոխադրումների ոլորտի խնդիր չէ, այլ վերաբերում է բոլոր ոլորտներին:

Ինչպես սովորեցնել ոստիկանին օրենք կարդալ

-Քաղաքացիները, թեկուզ ժամանակավորապես, բայց կարողացան լուծել կարևոր խնդիր և հետևողականորեն շարունակում են պայքարը խնդրի վերջնական լուծման համար, սակայն բազմաթիվ այլ խնդիրներ կան, օրինակ՝ համատարած թանկացումները, բնապահպանական հարցերը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումները: 

-Այս պահին՝ նույն կերպ։ Խնդիրների շուրջ պիտի ձևավորվեն առանձին խմբեր, որոնք առաջնորդվում են սահմանադրությամբ և իրավունքի գերակայությամբ։ Այդ խմբերը տարբեր կողմերից պիտի ճնշում գործադրեն համակարգի վրա։ Շատ կարևոր է, որ այս ընթացքում քաղաքացիները ոչ միայն դիմադրում են ապօրինություններին, այլև իրենք ստեղծում են քաղաքային նոր մշակույթ, նոր ոճականություն, նոր լեզու։ Օրինակ՝ ոստիկանին ստիպում ես խոսել իրավունքի լեզվով և չես մտնում նրա խաղի կանոնների մեջ։ Հիշեցնում ես իր պարտականությունները, թույլ չես տալիս դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, խնդրում ես, որ «քուրիկ ջան»-ի փոխարեն քեզ դիմի «քաղաքացի»։ Երբ ոստիկանը քեզ ամոթանք է տալիս «գործ տալու համար», բացատրում ես, որ ապօրինության մասին խոսելը և անօրինական որոշումներին չենթարկվելը քեզ համար ոչ միայն ամոթ չէ, այլև սկզբունքի հարց է։ Եղել են դեպքեր, երբ ոստիկանները խոստովանել են, որ ակցիաների ընթացքում քաղաքացիների հետ շփվելուց հետո ստիպված են եղել օրենքներ սովորել։   

-Կոռուպցիան, անվստահելի կառավարումը մեր պետության հիմնական խնդիրներից են: Դրա մասին է վկայում նաև վարչապետի օֆշորի սկանդալը: Ինչու՞ հանրությունը համապատասխան կերպով չարձագանքեց այս հարցին:

-Ցավոք՝ այսօր մեզ մոտ հարցերը լուծվում են միայն հանրային մեծ ճնշումների ներքո: Դրա մասին են վկայում Տարոն Մարգարյանի վերջին հայտարարությունները։ Նա ասում է, թե քանի որ նստացույցն ընդամենը երեք-չորս հոգու պահանջ է, և չկա հանրային ճնշում, այդ պաշտոնյաները կշարունակեն մնալ իրենց պաշտոններում, այսինքն՝ իրավական հիմնավորումները առանց ճնշման ոչինչ չարժեն: Ստացվում է, որ մեզ մոտ խնդիրները, ցավոք, դեռ լուծվում են ճնշման և ուժի դաշտում։ Այս վերջին՝ տրանսպորտային շարժումը հաջողվեց, քանի որ գնի բարձրացումն ուղղակիորեն ազդելու էր ամեն մարդու վրա։ Մասնակցության ձևը շատ պարզ էր. ընդամենը պետք էր չվճարել հարյուր հիսուն դրամ։ Այսինքն՝ մարդն առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու, առանց իր առօրյան փոխելու՝ կարող էր մասնակից  դառնալ շարժմանը։  Հաջողության գաղտինքներից մեկը մասնակցության պարզությունը և հեշտությունն էր, իսկ այլ հարցերի, այդ թվում՝ Ձեր նշած հարցի համար մեծ մոբիլիզացիաներ ստանալը շատ բարդ է։

Զուտ քաղաքացիական պայքարը բավարար չէ

- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, օրինակ, քաղաքապետարանի աշխատանքը թափանցիկ դարձնելու համար: Հնարավոր համարու՞մ եք, որ քաղաքացիական պայքարների շնորհիվ ինչ-ինչ օղակներ ամբողջ համակարգում սկսեն թափանցիկ աշխատել:

-Ավելի շուտ հնարավոր եմ համարում, որ հետևողականության և սկզբունքայնության պարագայում մենք կարող ենք հասնել առանձին հարցերի շուրջ թափանցիկության՝ առանձին դեպքերում ստեղծելով հաջողված օրինակներ, սակայն ես չեմ հավատում, որ նման էպիզոդիկ շարժումների շնորհիվ հնարավոր կլինի հասնել լուրջ համակարգային փոփոխությունների։ Մենք քաղաքացիական շարժումների միջոցով կարող ենք ստեղծել նոր մշակույթ, տարածել քաղաքացիականության արժեքները, ստեղծել հանրային քննարկումների հորիզոնական հարթակներ, հասնել հաջողված նախադեպերի, սակայն, լուրջ համակարգային փոփոխությունների համար, կարծում եմ, զուտ քաղաքացիական պայքարը բավարար չէ. պետք են քաղաքական հավակնություններ ունեցող ուժեր՝ հստակ քաղաքական ծրագրերով։

-Ինչպե՞ս եք պատկերացնում  արմատական փոփոխությունների հասնելու ճանապարհը:

- Կարծում եմ, որ նախ փոփոխությունը պիտի տեղի ունենա ներքևում՝ ստեղծելով այն մշակութային և քաղաքացիական կապիտալը, որի վրա հիմնվելով՝ որևէ քաղաքական ուժ կարող է համակարգային փոփոխություն անել։ Մինչև վերևում փոփոխության հասնելը մենք ահռելի գործ ունենք անելու ներքևում։ Ես ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդ էի Բանգլադեշում, որն ընդամենը կենտրոնից մի քանի կիլոմետր էր հեռու, սակայն ինձ թվում էր, որ ես Հայաստանից դուրս եմ եկել, քանի որ դուրս էի եկել իմ ընկերների, ընտանիքիս, գործընկերների և ֆեյսբուքի փոքր շրջանակից։ Հայտնվել էի մի ուրիշ Հայաստանում, որտեղ գործում էին լրիվ ուրիշ օրենքներ և արժեքներ։ Ընդ որում՝ ես հասկացա, որ իրականում Բանգլադեշի այդ օրվա Հայաստանը մեծամասնության Հայաստանն է։ Ինչ-որ բան փոխելու համար պետք է հասկանալ հենց այդ մեծամասնությանը։ Ես համարում եմ, որ հեղափոխությունն արդեն իսկ տեղի է ունեցել մի փոքր խումբ մարդկանց կյանքում և ֆեյսբուքում։ Հիմա խնդիրն այն է, որ կարողանանք տարածել այս հեղափոխության սահմանները դեպի Երևանի ծայրամասեր և մարզեր։ Հետաքրքրական է, որ տրանսպորտային այս շարժման ժամանակ հնարավոր եղավ շարժման սահմանները լայնացնել։ Ասենք, օրինակ, դժվար էր պատկերացնել, որ Երրորդ մասի արժեհամակարգը կրող տղան կանգառում թռուցիկ կբաժաներ, բայց դա տեղի ունեցավ։

Համերաշխության հրաշալի նախադեպ

-Արդեն երկու տարի է՝ Հայաստանում կրկին քաղբանտարկյալ կա: Քաղբանտարկյալների ազատության համար արվող վերջին ակցիաներին նկատելի է նաև քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների մասնակցությունը: Դուք նշեցիք, որ Հայաստանում հարցերը չեն լուծվում իրավունքի դաշտում, այլ լուծվում են հանրային ուժեղ ճնշման հետևանքով: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պիտի  անեն քաղաքացիները այս հարցը լուծելու համար:

-Կարծում եմ՝ այս վերջին շարժման ընթացքում քաղաքացիական և քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող անհատներ և խմբեր կարողացան հավաքվել մի խնդրի շուրջ և գործել համերաշխության և համագործակցության մթնոլորտում։ Անձամբ ինձ համար սա հրաշալի նախադեպ էր։ Պետք է այս գործելաոճը շարունակել՝  աջակցելով և օգնելով միմյանց կամ առնվազն չխանգարելով։ Քաղաքական բանտարկյալների առկայությունը իրավական, դեմոկրատական երկրում, ինչպիսին Հայաստանն է, անթույլատրելի է։ Իրականում նման բան կարող է պատահել հանրային կյանքում ակտիվ ցանկացած մարդու հետ, ուստի այս հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենալը և աջակցությունը խիստ կարևոր է քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած մեկի համար։ 

 -Հանրային խորհրդի հետ հանդիպման օրը կոնֆլիկտ եղավ լրագրողների կամ կոնկրետ հեռուստաընկերությունների հետ: Եղան կողմ և դեմ կարծիքներ, բայց հարցը, այնուամենայնիվ, շարունակվեց քննարկվել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել ԶԼՄ դաշտում փոփոխությունների հասնելու համար:

- Մամուլը պիտի լինի անկախ, չուղղորդված, չպիտի վերարտադրի և արդարացնի ավտորիտար համակարգը և նրա ստեղծած բռնության մշակույթը։ Մամուլն ունի կոնկրետ պատասխանատվություն ներկա իրավիճակի համար։  Ինչքան որ ոստիկանն է պատասխանատու ապօրինի որոշումներին ենթարկվելու համար, նույնքան և պատասխանատու է լրագրողը, երբ անհրաժեշտ պահին լռում է կամ աղավաղում ու խեղաթյուրում փաստերը։ Կարծում եմ, որ լրագրողները պետք է օգտվեն այս մարտահրավերից, ինքնակազմակերպվեն որպես լրագրողական համայնք, քննարկեն դաշտի խնդիրները  և լուծումներ գտնեն ինքնուրույն, անկախ լրագրություն ստեղծելու համար։ Ես՝ որպես քաղաքացի, չեմ պատրաստվում հանդուրժել ուղղորդված լրագրությունը, ազատ խոսքի և տեղեկացվածության իրավունքը մշտապես ոտնահարող մամուլը, որ սպասարկում է ոչ թե հանրային շահը, այլ վարչախմբի շահը: Իմ իրավունքն է դիմադրել դրան, ինչպես ոստիկանությանն եմ դիմադրում, երբ, օրինակ, ոտնահարվում է խաղաղ հավաքներ անելու իմ իրավունքը։ Լրագրողները պատասխանատվություն են կրում և կարող են արժանանալ հանրության գնահատականին: Կոնկրետ Մաշտոցի պուրակի միջադեպը բոյկոտ էր ազատ խոսքի իրավունքը ոտնահարող հեռուսաընկերությունների նկատմամբ։

Ստեղծել սեփական իրականությունը

-Մի քիչ էլ Ձեր մասին պատմեք. ինչո՞վ եք զբաղվում, ինչպե՞ս Դուք սկսեցիք պայքարել և հայտնվել այս դաշտում:

-Մասնագիտությամբ բժիշկ եմ: Ավարտել եմ ԵՊԲՀ-ը, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետը: Ավարտելուց ի վեր մինչ օրս աշխատում եմ այնտեղ՝ որպես գիտաշխատող և ծրագրի համակարգող: Իմ հանրային ակտիվությունը սկսվել է երկու տարի առաջ՝ չնայած պրոցեսներին ակտիվ հետևել եմ մինչ այդ էլ: Ակտիվացել եմ Թռչկանի պայքարից հետո։ Իմ կյանքում կար մի շրջան, երբ ես, տեսնելով իմ շրջապատում տեղի ունեցող անարդարություններն ու ապօրինությունները՝ կոնկրետ գործողություններով չէի արձագանքում։ Հիասթափվում էի, տխրում էի, զայրանում էի։ Կրթական միջավայրը, դրսի հետ հաճախակի շփումները, աշխատավայրում եղած մթնոլորտը, ընկերներս, շրջապատս ինձ օգնեցին հասունանալ և հանրային կյանքում մասնակցություն ունենալ։ Եկավ մի պահ, երբ որոշեցի, որ գործել է պետք, ուղղակի գործել։ Դուրս ես գալիս փողոց և գործում ես, իրացնում ես քո իշխանությունը, ստեղծում ես քո իրականությունը։ Ի դեպ, դա հրաշալի պրոցես է։ Երբ գործում ես, էլ չես մտածում հիասթափվելու, հուսահատվելու, արտագաղթելու մասին։ Անգամ եթե սխալվում ես, ձախողվում ես, դրանք ընդունում ես որպես մարտահրավեր, դասեր ես քաղում, շարժվում ես առաջ։ Հասկանում ես, որ ոչ մեկից ոչ առավել ես, ոչ պակաս, որ դու բոլորին հավասար ես, բոլորի հետ բոլորի նման, գիտակցում ես, որ ունես իրավունքներ, բայց դրան զուգահեռ՝ ունես նաև պարտավորություններ, սովորում ես պատասխանատվություն ստանձնել, դառնում ես քաղաքացի: Ես շատ ցավում եմ, որ Հայաստանում կրթական համակարգը մեզ չի սովորեցնում դառնալ քաղաքացի. մենք լրիվ անգրագետ ենք մնում այդ հարցում: Այնպես ստացվեց, որ պետականության և քաղաքացիության վերաբերյալ իմ կրթությունը ես ստացա փողոցում։ Մենք այսօր փոխում ենք փողոցը, փոխում ենք փողոցի բովանդակությունը, փոխում ենք փողոցի և քաղաքի մասին հին պատկերացումները: Քաղաքացիականացնում ենք փողոցը, փողոցում գտնվելը այլևս վատ բան չի։ Եթե նախկինում փողոցում լինելը ասոցացվում էր փողոցային խուժանի և անբարո երևույթների հետ, ապա այսօր փողոցն է այն վայրը, որտեղ կարելի է դառնալ քաղաքացի։

Հ.Գ. Իրավագիտակից փիսոն

- Ի դեպ ձեր փիսոն ո՞նց է: :)

-Ուրեմն այդ շարժման օրերին, երբ մենք համարյա տանը չէինք լինում, ամբողջ օրը տանը մենակ էր մնում: Մենք էլ գիշերը մի 3-4 ժամ էինք տուն գալիս ու մեռելի պես քնում էինք: Յոթ օր այդ ռեժիմով ապրելուց հետո բոյկոտեց. ննջարանի մահճակալի սպիտակ ծածկոցի վրա կեղտոտեց: Ինքն էլ դեմոնստրատիվ ձևով իր բոյկոտն էր արել՝ իրավագիտակից փիսոս: Ահագին հպարտացա: