16.08.2013 19:47

Ի՞նչ կազմ ունի Մացարին «Ինտերում» հաջողության հասնելու համար

Ի՞նչ կազմ ունի Մացարին «Ինտերում» հաջողության հասնելու համար

Անդրադառնալով ֆուտբոլի պատմությանը` կարելի է նկատել, որ շատ հաճախ երկար կայացման ճանապարհ անցած բազմաթիվ թիմեր, ընդամենը մեկ մրցաշրջանի ընթացքում կարող են տապալվել: Նման ճակատագրեր ավելի շատ հանդիպում են լատինամերիկյան ֆուտբոլում, որտեղ, ի տարբերություն եվրոպական թիմերի, ոչ միայն ցուցադրած ֆուտբոլն է քաոսային, այլև ղեկավարման համակարգը: Այսպես օրինակ՝ «Լիբերտադորեսի գավաթի» ներկայիս հաղթող «Ատլետիկո Մինեիրոն» մի քանի շաբաթ առաջ գրավում էր ներքին առաջնության վերջին հորիզոնականները: Ինչ վերաբերվում է եվրոպականին, այստեղ ևս կարելի է բազմաթիվ օրինակներ հիշել գագաթից վայր ընկնելու կամ հակառակը՝ շատ արագ հաղթող թիմի վերածվելու (Ռայկարդի Բարսան, Կոնտեի Յուվեն և այլն):

Վերջին շրջանում նման պատմության ամենավառ օրինակը տեղի է ունենում Միլանի «Ինտերի» հետ: 2010-ին Միլանյան թիմը Մոուրինյոյի գլխավորությամբ մտավ պատմության մեջ իր հակաֆուտբոլային հաղթանակներով, ՉԼ կիսաերզրափակչում «Բարսելոնայի» դեմ խաղը ֆուտբոլի սիրահարների մի մեծ զանգված համարում է փայլուն օրինակ, թե ինչպես չի կարելի խաղալ ֆուտբոլ և հաղթել: Հետագայում գերպաշպանողական ֆուտբոլ ցուցադրող «Ինտերը» եզրափակիչում գերազանցեց Վան Գաալի դեռևս խակ «Բավարիային» և ձևակերպեց մրցանակների «հեթ-տրիկ»: Իսկ այն, ինչ կատարվեց 2010-2011 մրցաշրջանում, կարելի է համարել ներկայիս իրավիճակի նախաբանը: Թիմը գլխավորեց Ռաֆա Բենիտեսը, ով այդպես էլ չկարողացավ «կուշտ» խաղացողներից ստանալ Մոուրինյոյի ստացածի կեսը: Երկրպագուների մի մասը Բենիտեսին «Ինտերում» աշխատանքից հետո սկսեցին դասել միջակ մասնագետների շարքին, իսկ մյուս մասն էլ համարեց, որ ավելիին հասնել նման կազմով հնարավոր չէր: Բենիտեսը նվաճեց Իտալիայի սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային առաջնության գավաթը, բայց այդպես էլ չստացավ իր նախընտրած խաղացողներին: Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Ինտերը» գլխավորեց Լեոնարդոն, իսկ հաջորդ խաղաշրջանը սկսեց Ջան Պաոլո Գասպերինին, ով ընդամենը մեկ ամիս դիմացավ գլխավոր մարզչի պաշտոնում: Մորատին որոշեց, որ ժամանակն է վստահել թիմին ծանոթ անձնավորության և մարզչի պաշտոնում նշանակեց Անդրեա Ստրամաչիոնիին ով նախկինում մարզել էր «Ռոմայի» և «Ինտերի» «Պրիմավերայի» թիմերը:

Երկու տարիների ընթացքում միլանցիները ամեն կերպ ջանում էին, որպեսզի հարմարվեին երիտասարդ հարձակողական ֆուտբոլ նախընտրող մասնագետի խաղային փիլիսոփայությանը, բայց դա անում էին արդեն բոլորովին այլ կատարողներով: Մորատին առաջին անգամ վերջին 15 կամ տարիների ընթացքում մնաց առանց առաջնակարգ աստղի` թիմից հեռացել էին և Էտո՛օն և Բալոտելլին, Ժուլիո Սեզարը և Սնեյդերը, բացի այդ, այլևս այն չէին Միլիտոն, Կամբյասոն կամ Մայկոնը: Անցյալ մրցաշրջանի մեկնարկին թիմը համալրեց Կասանոն, բայց շատ շուտ պարզ դարձավ, որ միայն Անտոնիոն բավական չէ, ՉԼ-ի գոտուց ավելի բարձր հավակնություններ ունենալու համար:

Նոր մրցաշրջան

Անցյալ մրցաշրջանի ավարտին արդեն իսկ պարզ էր, որ թիմը գլխավորելու է Վալտեր Մացարին`«Սերիա Ա»-ի լավագույն մարզիչներից մեկը, ով համարվում է նաև «3-5-2» խաղային սխեմայի «հայտնագործողներից» մեկը: Բայց ամռան գլխավոր սպասվող իրադարձությունը այլ էր` Մորատին որոշել էր վաճառել ակումբի նախ 75 %, իսկ հետո նաև ամբողջ բաժնետոմսերը: Ինդոնեզացի խոշոր գործարար Էրիկ Տոխիրի հետ երկարատև բանակցությունները վերջ ի վերջո ձախողվեցին, ինչից և պարզ դարձավ, որ Մացարին պետք է բավարարվի արդեն իր ունեցած կադրերով: Թիմը, հնարավոր է, որևէ նոր ձեռք բերում չկատարի, իսկ Ռոնալդոյի, Իբրահիմովիչի կամ Էտո՛Օի կարգի աստղեր ոչ միայն «Ինտերում», այլև ամբողջ «Սերիա Ա-ում» հնարավոր է՝ դեռ երկար ժամանակ չենք տեսնի:

Ո՞վ կա Մացարիի տրամադրության տակ: 2010-ի կազմից Սամուելին, Կիվուին, Զանետիին, Կամբյասոյին և Միլիտոյին, որոնցից ամենաերիտասարդը 33 տարեկան է: Ինչ մնում է իսկապես երիտասարդներին, ապա Գուարինն ու Ռիկի Ալվարեսը այդպես էլ այն խաղացողները չեն դառնում, որոնց մասին խոսում էին, Պալասիոն առաջատար չէ, իսկ Ժուան Ժեզուսից կամ Մարիո Իկարդիից շատ բարդ է միանգամից արդյունք պահանջել:

Մացարին իրոք առաջնակարգ մասնագետ է և «Սերիա-Ա-ում», որը միշտ հագեցած է եղել փայլուն մասնագետներով, նա չի զիջում նույնիսկ Մոնտելային կամ նույնսիկ Կոնտեին: Բայց թվում է, որ նույնիսկ Մացարին ունակ չէ այպսիսի կազմով պայքարել ՉԼ-ի գոտու կամ առավել ևս չեմպիոնության համար: