19.08.2013 12:59

iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից (Մաս 2)

iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից (Մաս 2)

Սկիզբը

Չխախտվող սահման չիք․․․

Թեհրանից Զահեդան (Իրանի Բալուչիստան նահանգի կենտրոն) ամեն օր 4-5 ավտոբուս ա դուրս գալիս՝ հիմնականում Թեհրանի հարավային ավտոկայանից, ու ճանապարհի երկարությունը տեղեկատուներում նշվում ա մոտավորապես 1350 կմ։ Ճամփորդությունն էլ սովորաբար տևում ա մոտ 24 ժամ, որից ընդհանուր առմամբ 4-5 ժամը ծախսվում ա երեկոյան ու առավոտյան աղոթքի, ընթրիքի ու նախաճաշի կանգառներում, ու մեկ էլ Քերման նահանգից Բալուչիստան մտնելու ժամանակ մի քանի տեղ սահմանային անցակետերում ստուգումների վրա։

Ավտոբուսում քնելն ահագին պետքական բան ա. եթե նույնիսկ մի կողմ թողնենք հանգստանալու անհրաժեշտությունը, ապա առնվազն քնելն օգնում ա, որ հայացքդ ինչ-որ չափով կտրվի պատուհանից դուրս աջ ու ձախ սփռված անապատի տեսարանից։ Հավատացնում եմ՝ պահ ա գալիս, որ ձանձրույթից «մեռնելու» շեմին ես հայտնվում։ Բայց, ճիշտը որ ասեմ, երբեք (առնվազն մի 20 անգամ ավտոբուսով եմ ճամփորդել, 4 անգամ՝ գնացքով, մի քանի անգամ էլ՝ ոչ ավտոբուսով, ոչ գնացքով) երկու աչքս փակ չեմ քնել։ Ու դրա համար ավելի քան հիմնավոր պատճառներ կան։ Ավտոբուսով ճամփորդելը իր առանձնահատկություններն ունի. նախ, բոլոր ուղևորներից պահանջվում ա մանրակրկիտ ստուգել սեփական նստատեղը՝ բառացիորեն տակնուվրա անել, յուրաքանչյուր նստել-իջնելուց (աղոթքների, սնվելու ու անցակետերում ստուգվելու ժամանակ)։ Սա ամենահասարակ միջոցն ա խուսափելու գլխացավանքից՝ մեղմ ասած։ Մեծ աշխարհ ա, ամեն ինչ էլ կպատահի. ինչ-որ մեկը, ենթադրաբար՝ ուղևորներից, հանգիստ կարող ա բերի ու նստատեղիս, նստատեղիդ տակ մի կլոր գունդ օփիում կպցնի (անդուր գույնի пластилин ա տեսքից, հայերեն ծեփո՞ն, հա՞)։ Վստահ եմ ասում՝ հետո գերբարդ խնդիր ա անցակետի զինվորականին բացատրել, համոզել, որ կապ չունես հե՛նց քո նստատեղի տակից հայտնաբերված 50-100 գրամ օփիումի հետ։ Ճանապարհին հիմնովին քնելուց հրաժարվելուն այլընտրանք չկա էս դեպքում. գերադասելի ա չքնել կարգին ու կասկածամտորեն աջ ու ձախ շուրջդ նայել ավտոբուսում, քան անհուսորեն անցակետի զինվորականին խնդրել՝ հավատա, որ դու թմրահանցագործ չես։  

Էդ ամառ (2 տարի ա անցել արդեն) սովորականի նման անտանելի շոգ էր, ու ավտոբուսի մեջ համարյա օդ չէր մնացել շնչելու, որովհետև, չնայած օդափոխիչ-օդորակիչ կա, բայց մեծ մասամբ վարորդները վառելիք «խնայելու» համար չեն միացնում․ ուղևորների մեծ՝ բալուչախոս մասը սովոր ա շոգին։ Խնայած վառելիքն էլ հետո կասեմ՝ ինչ ա արվում։ Հա, պարզ ա, որ ծախվում ա սեփական գրպանը լցնելու համար, բայց թե ոնց, էդ՝ հետո։ Իրիկունը 7-ն անց էր, ու էդ ժամանակ անապատն ամենասիրունն ա․ հորիզոն, ոսկեգույն ավազ ու արեգակի կարմիր գունդ։ Հիմա մի քիչ քնարերգական ա ստացվում գրվածքը, ու, ճիշտն ասած, ուզում եմ զեղել հիմա, որովհետև զարմանալիորեն միշտ հետո եմ էդ տեսարանը վայելում՝ հիշողությանս մեջ։ Ավտոբուսում, մի տեսակ, չի ստացվում՝ երբևէ հանգիստ չեմ զգացել կոնկրետ էդ ճանապարհներին։ Անհանգիստ հոգեվիճակով անապատի մայրամուտ չի վայելվում։ Մի տեսակ։ Բայց մեկ ա՝ նայում եմ դուրս։ 110-120 կմ/ժամ արագություն ա բացել Volvo-ի V12 շարժիչը, բայց քանի որ կիլոմետրերով նույն տեսարանն ա դրսում, թվում ա՝ տեղում կանգնած ես։ Ու ինչն ինձ հիշեցրեց, որ շարժման մեջ ենք՝ հիմա ասեմ․ մեքենա հայտնվեց տեսադաշտիս՝ անապատի մեջ, ճամփեզրից ոչ էդքան հեռու, ու մի 15-20 վայրկյան տևեց, մինչև անցանք-գնացինք։ 15-20 վայրկյան ասացի ընդամենը, բայց էդքան ժամանակն էլ բավականացրեց, որ մի արտասովոր բան տեսնեմ՝ արտասովոր չէ, արտառոց։ Անհավատալի կհնչի գուցե, բայց հասցրի 16 մարդ արարած հաշվել, որ քաոտիկ կերպով, բառիս իսկական իմաստով՝ դուրս էին թափվում իրանական Peugeot 405-ի մեջից ու վազում խճուղու հակառակ ուղղությամբ՝ դեպի անապատի խորքը։ Մեքենայի մեջ դեռ կային մարդիկ բայց։ Դա էլ հաստատ տեսա։ Էն, որ ասում ա՝ «ապուշ կտրել», հիմա հենց էդ կարգի՝ ապուշ կտրած արտահայտություն էր դեմքիս, ու կողքիս նստած վաթսունն անց մարդը նկատեց, որ տեսածիս հանկարծակիությունը դեմքիս հետ մի բան ա արել։ Ու մարդը համարեց, որ իր արտահայտվելը ինչ-որ կերպ ինձ կօգնի «հետ գալ»։ Ասաց․ «Հա, հենց տենց ա, որ կա»։ Ու վերջ։ Շատ կուզեի, որ մի քիչ ավելի շռայլ գտնվեր ու մի քանի նախադասություն ավելի լսեցներ ինձ, բայց էն հանդարտությունն ու իմիջիայլոցությունը, որով էդ երկու բառը հրամցրեց ու հորանջեց ու, հետո էլ շրջվելով՝ շարունակեց դանթել, մոտս անհարմար զգացողություն առաջացրին․ էդ պահին մտածեցի՝ դե, ինչ պետք էր՝ ասաց, էլի, պարզ չի՞, որ «հենց տենց ա, որ կա»։

 

«Հաջի՛»[1], հարցնում եմ մոլլային, «երբ Թեհրանից մի քանի շաբաթ առաջ գալիս էի Զահեդան, մի տարօրինակ բան տեսա․․․»։ Դեռ չավարտած խոսքս՝ ժպտալով հարցրեց. «Հենց մի՛ հատ տարօրինակ բա՞ն»։ Զգացի, որ ինչ-որ կերպ ուզում ա ինձ քաջալերի, որ միանգամից, առանց նախապայմանների, առանց նախապատմության՝ ամեն ինչ ասեմ, որովհետև, դե, ինքը գիտելիքի շտեմարան-գանձարան ա Սարհադին վերաբերող հարցերում։ Ասում եմ՝ «Հաջի՛, ճամփին, անապատի մեջ, ավտոյի՝ մարդատարի մեջից մարդիկ էին դուրս վազում, լիքը մարդ․․․»։ Մի հատ ստուգողական նայեց թալիբներին. տղերքը զբաղված էին բջջայիններով իրար էսեմես ուղարկելով (ի միջի այլոց, ահագին տարածված բան ա՝ հիմնականում հենց տղեքի մոտ, որ իրար կողքի նստած՝ խոսելու փոխարեն էսեմեսներ են ուղարկում. սա գենդերի հետ կապված երևույթ ա, ու դրա մասին՝ մի այլ առիթով)։ Ահագին նայեց թալիբներին ու երբ համոզվեց երևի, որ նրանց ուշադրությունը էնքան էլ մեր խոսակցությամբ չի տարված, համարյա շշուկով ասաց. «Մարդ կա՝ դիզվառելիքի մաքսանենգությամբ ա զբաղված Սարհադդում, մարդ կա՝ օփիումի, մարդ էլ կա… դրան, ինչ տեսել ես, ասում ենք «qācāq-e ougānã» (ղաչա՛ղ-ե օուգանան)՝ աֆղանցիների մաքսանենգություն»։

1979-ին սովետի՝ Աֆղանստան մտնելուց մինչև օրս էլ Իրանի՝ Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանները միշտ էլ փախստականների համար ապաստան են եղել։ Իրանական Բալուչիստանն էլ էդ շրջանների շարքում իր յուրահատուկ տեղն ունի. էստեղ հիմնականում տնավորվում են սուննի փաշտունները։ Օրինակ, Աֆղանստանից փախած շիա հազարաները բնականաբար նախընտրում են հաստատվել Իրանի սահմանամերձ էնպիսի շրջաններում, ուր բնակչության մեծամասնությունը շիականություն ա դավանում։ Փախստականների ու գաստարբայտերների հոսքը էն ժամանակներից չի դադարել երբեք, բայց առավել ուժգնացել ա 9/11-ից հետո ահաբեկչության դեմ պայքարի ողջ շրջանում։ Եթե ոչ բոլոր փաշտունները, որոնց Իրանում ու հատկապես Բալուչիստանում անվանում են «watanparast» վաթանփարասթ,[2] ապա նրանց առյուծի բաժինը զուրկ ա անձը հաստատող կամ այլ կարգի որևէ փաստաթղթից։ Խմբերով անօրինական կերպով ուղղակի անցնում են Իրան-Աֆղանստան սահմանը, կամ երբեմն անուղղակիորեն՝ պակիստանյան Բալուչիստանի միջով հայտնվում են իրանական Բալուչիստանում ու հուսահատորեն փորձում են խորանալ երկրի՝ Իրանի ներսում։

Էսօր Իրանի խոշոր քաղաքներում աֆղանստանցի փախստականները (հազարաներ, տաջիկներ, ուզբեկներ, փաշտուններ և այլք) ամենաէժան վարձատրվող բանվորական աշխատուժն են՝ հիմնականում զբաղված շինարարության մեջ։ Ոչ խոշոր բնակավայրերում զբաղվում են ինչով ասես։

Սարհադում էնքան էլ շատ չեն փաշտունները, քանի որ սարհադցիների վերաբերմունքը օտար եկվորների հանդեպ միանշանակ ա՝ բացասական։ Կարճ ասած՝ ոչ ոք չի հրավիրել նրանց, որ գան ու երկար ժամանակով հաստատվեն։ Իսկ եթե ոմանց հաջողվում ա մնալ երկարաժամկետ, ուրեմն հաստատապես «կցվել են» տեղական հեղինակություններից մեկին՝ բալուչական ցեղակլաններից մեկի առաջնորդին, ու վերջինիս տանն աշախատում են որպես «ամենինչանող», կամ էդ առաջնորդի բազմապիսի «բիզնես» գործունեության համար տեխնիկական օժանդակ ուժ են։  

Ստացվում ա, որ Սարհադը ժամանակավոր կայանատեղի ա, ինչ-որ տեղ՝ «կարանտինի» գոտի, որտեղ աֆղանցի փախստականները մեծ մասամբ անց են կացնում իրանական Բալուչիստանում իրենց անօրինական ներկայության առաջին մի քանի ամիսն ու, հենց ձեռքները որոշակի չափով գումար ա ընկնում, միանգամից պլաններ են գծում Իրանի ներքին նահանգներ տեղափոխվելու ու նույնիսկ մինչև Թեհրան հասնելու։

Բայց ո՞նց ա կարողանում աֆղանցի փախստականը, առանց փաստաթղթի, անօրինական կերպով իրանական Բալուչիստանում հայտնվելուց հետո հասնել, ասենք, Քերման, Շիրազ կամ Իսֆահան։ Շատ պարզ. բա մոռացա՞ք Peugeot 405-ը։

Էս մարդատար ավտոյի բոլոր նստատեղերը՝ բացառությամբ վարորդի, հանվում են, ու կարգին մեծոտ տարածք ա ազատվում ներսում՝ տառացիորեն մինչև 20 հոգի մարդ զմիմյանս վրա «դասավորելու»։ Չափազանցություն չկա։ Իսկապես չկա։ 20 հոգով գերհագեցած մարդատարը դուրս ա գալիս Սարհադի ինչ-որ բնակավայրից ու շարժվում մինչև առաջին անցակետ, ճանապարհն էլ, բնականաբար, անցակետերով ա գերհագեցած։ Անցակետից մոտ մի 2 կմ հեռավորության վրա մարդատարը շեղվում ա դեպի անապատ, խորանում մի քանի հարյուր մետր, ու ուղևորները…է՜հ, ուղևորները… բարդ ա ուղևոր կոչելը նրանց… մի խոսքով, դուրս են գալիս։ Բավականին պարզունակ պլան ա. անապատի մեջ խորանալով՝ խճուղուն զուգահեռ  վազում են մի 3-4 կմ՝ շրջանցելով անցակետը, հետո նորից վերադառնում են խճուղու եզր, ուր նրանց սպասում ա vip փոխադրամիջոցը։

Առանց նստատեղերի մարդատարը թե ո՞նց ա «պլստում» անցակետի զինվորականի աչքից՝ դա արդեն ուրիշ պատմություն ա։    

շարունակելի

 

[1] Հարգալից դիմելաձև։ Բառացիորեն նշանակում ա մարդ, որը գնացել ա Մեքքա՝ հաջջի՝ ուխտագնացության։ 

[2] Բառացի՝ հայրենասեր, հայրենապաշտ։ Ակնհայտ քամահրական երանգ ա ձեռք բերել էս անվանումը ժամանակի ընթացքում, ոչ թե էն պատճառով, որ հայրենասիրությունն ա վատ բան, այլ ընդամենը փաշտունների նկատմամբ հիմնականում բացասական վերաբերմունքն իր հետքն ա թողել նաև նրանց բնորոշող էս ածականի վրա։