19.08.2013 15:51

Քրիստինե Խանումյան. Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ցանկանում Իլհամին. Տեսանյութ

Քրիստինե Խանումյան. Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ցանկանում Իլհամին. Տեսանյութ

Երբ երկու օր առաջ Բազե ճամբարում պատասխանելով երիտասարդների այն հարցին, թե Հայաստանի համար ո՞վ է Ադրբեջանում նախագահի առավել նախընտրելի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը ասաց՝ «Իլհամ Ալիեւը», շատերը նրա խոսքերից անակնկալի եկան:

«Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես՝ որպես բանակցային գործընկեր, մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք, անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է».- ասել էր Սարգսյանը:

Լավություն արա՝ ջուրը գցի՞…

Չէ, որեւէ մտադրություն չունենք պնդելու, թե իր այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում է դուրս գալ Ալիեւների՝ ժամանակին իրեն՝ կուսակցական աստիճանահարթակ թողնելու տեսքով արված լավության տակից: Ավելին, եթե Սարգսյանին նման հայտարարության մղեր այդպիսի տարօրինակ երախտագիտությունը, ապա այն պակաս խնդրահարույց կլիներ, քան այլ հիմնավորումների պարագայում: Իսկ ի՞նչն է նման տարօրինակ «սրտացավության» պատճառը: Ինքը Սերժ Սարգսյանն իր այս դիրքորոշումը պատճառաբանում է նրանով, թե «իրենք, անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել, եւ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը »:

Մադրիդյան սկզբունքների համացանցային հետքերով

Եթե ընդունենք, որ Սարգսյանն իրոք այս պատճառով է ցանկանում, որ Իլհամ Ալիեւը նախագահ ընտրվի, ապա պետք է մի կարգին զարմանանք Սարգսյանի ասածների տրամաբանության վրա: Բանն այն է, որ Սարգսյանն անում է մի պնդում, որը կամ իրականությանը չի համապատասխանում, կամ էլ՝ հայկական կողմն է մինչ այժմ ստել:

Բանն այն է, որ Ադրբեջանը Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները մինչ այժմ հրապարակավ ընդունել է միայն այնպես, ինչպես որ հակամարտության կարգավորումը ձեռնտու է Ադրբեջանին: Ավելին, հայկական կողմը ամեն անգամ մեղադրել է ադրբեջանական կողմին այն բանում, որ վերջինս ընտրովի է մեկնաբանում բանակցային սեղանին դրված փաստաթղթի սկզբունքները:

«Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էությունն ու իմաստը», «Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բանակցությունների էությունը»: Սերժ Սարգսյանի կողմից ԱԳ նախարար նշանակված Էդվարդ Նալբանդյանը բանակցային գործընթացի ամեն աշխուժացումից առաջ եւ հետո «մեռավ» այս տողերն ասելով: Համացանցում նմանատիպ վերնագրերով տասնյակներով նյութեր կգտնեք, որտեղ հայկական կողմը Ադրբեջանին մեղադրում է բանակցային գործընթացը խեղաթյուրելու մեջ: Հիմա՝ այդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանը ոչ թե խեղաթյուրել, այլ՝ հրապարակավ ընդունել է Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները՝ այնպես, ինչպես այդ սկզբունքները ներկայացնում է ՀՀ իշխանությունը: Եթե Ադրբեջանն իրոք նման պատմական քայլ է կատարել, ապա հայկական կողմը պարտավոր է առնվազն մեկ աղբյուրի հղում կատարել: Թե չէ կստացվի Մադրիդյան սկզբունքների հետ կապված հայտնի պատմությունը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե դրանք համացանցում բաց տեղադրված են, եւ ցանկացած ոք կարող է ծանոթանալ այդ փաստաթղթի հետ: (Ոչ մի փաստաթուղթ էլ, բնականաբար, համացանցում չկար, դա ուղղակի Սարգսյանի հերթական «բլթ»-երից էր): Այս պարագայում էլ հանգիստ խղճով կարելի է պնդել, որ Սարգսյանի ասածները «մադրիդյան սկզբունքները համացանցում բաց դրված են»-ի շարքից էին: Այսինքն՝ այն պատճառաբանությունը, որով Սարգսյանը հիմնավորում է իր այն միտքը, թե Հայաստանի համար նախընտրելի է, որպեսզի Ալիեւը վերընտրվի՝ ոչ մի քննադատության չի դիմանում:

«Ռիբակ ռիբակա...»

Եթե Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնելու նպատակահարմարության մասին Սերժ Սարգսյանը խոսում է իր անունից՝ դա մի հարց է, բայց եթե նա խոսում է Հայաստանի անունից՝ դա արդեն այլ հարց է: Չի բացառվում, որ անձամբ Սարգսյանի համար Ալիեւն իսկապես նախընտրելի գործընկեր է, բայց ոչ մի երկիր, առավելեւս՝ դե ֆակտո հակամարտության մեջ գտնվող ոչ մի երկիր չէր ցանկանա, որ իր հակառակորդ պետության ղեկավարը լիներ այնպիսին, ինչպիսին Ալիեւն է, չէր ցանականա, որ իր հակառակորդ երկիրը լիներ այնպիսին, ինչպիսին Ադրբեջանն է: Հետեւեբար՝ անհեթեթություն է պնդել, թե Ալիեւի վերընտրությունը հարմար է Հայաստանին: Սարգսյանին կարող է եւ հարմար է, ի՞նչ իմանանք՝ նա ինչպիսի անձնական նախասիրություններ ունի: Գուցե նա ցանկանում է, որ հարեւան պետության ղեկավարը ոչ թե ժողովրդավար մեկը լինի, այլ՝ իր պես ավտորիտար, կամ՝ իրենից ավելի ավտորիտար մեկը, որպեսզի իր թիմը մշտապես առիթ ունենա հայտարարելու, թե շատ մի բողոքեք Հայաստանից, Ադրբեջանում վիճակն ավելի վատ է: Կամ գուցե Սարգսյանի համար ավելի հեշտ է աշխատել Ալիեւի նման մեկի հետ, քան՝ ժողովրդավար նախագահի, որովհետեւ այդ դեպքում ինքը կլիներ բանակցային սեղանի շուրջ նստած միակ ավտորիտար նախագահը, իսկ այս դեպքում, ինչպես ասում են՝ «ռիբակ ռիբակա…»:

Բա Ղարաբա՞ղը (а Польша ?)

Սերժ Սարգսյանն  այնպես է խոսում իր եւ Ալիեւի բանակցությունների մասին, ասես՝ բանակցային կողմ Ղարաբաղ գոյություն էլ չունի: «Արդեն չորս տարի է՝ ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել»,- ասում է նա: Ու այդտեղ ոչ մեկը չի կանգնում եւ չի ասում՝ եղբայր, բա Ղարաբա՞ղը, հերիք չի՝ Ղարաբաղին դուրս եք թողել բանակցային գործընթացից, դեռ մի բան էլ պարծենո՞ւմ ես, որ դու եւ Ալիեւը արդեն համարյա պայմանավորվելու վրա ե՞ք: Չնայած՝ Սարգսյանի պարագայում դա լիովին նորմալ կարելի է համարել: Առաջին անգամը չէ, որ վերջինս մոռանում է Ղարաբաղի մասին. մեկ գնում է Ղարաբաղ, ԼՂՀ ՊԲ զինվորներին ասում է՝ ես եմ ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, (չհասկացանք, բա Բակո Սահակյա՞նն ով է այդ դեպքում), մեկ գնում է այնտեղ՝ կառավարության նիստ է ղեկավարում: Այնպես որ՝ Սարգսյանից այլ բան սպասելն այս դեպքում ուղղակի անիմաստ է:

Գնա եւ աջակցիր

Սերժ Սարգսյանն ընդհանրապես լավ կաներ՝ Հայաստանի անունից հայտարարություններ չաներ: Եթե ինքը անձնական համակրանք ու հակակրանք ունի այս կամ այն գործչի, պետության, իրադարձության հանդեպ, թող դրանք Հայաստանին չվերագրի: Եթե այդպես համակրում է Իլհամ Ալիեւին, իսկ այլ տրամաբանական բացատրություն անհնար է գտնել իր հայտարարության մեջ, ապա թող իր անունից Ալիեւին ընտրություններում աջակցելու հայտարարություն տարածի: Ավելին, կարող է անգամ գումար փոխանցել Ալիեւի նախընտրական հիմնադրամին: Եթե սիրտը շատ է ուզում, ապա կարող է վեր կենալ գնալ Ադրբեջան, բռնել Իլհամ Ալիեւի լուսանկարով պաստառն ու մասնակցել նրա նախընտրական հանդիպումներին՝ «Ես ընտրում եմ Իլհամին», «Իլ-հա՛մ-նա-խա-գա՛հ» կոչերով: Իսկ Հայաստանը թող հանգիստ թողնի: Վազգեն Սարգսյանի ասած՝ «Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա՝ խուզի»: