26.08.2013 15:00

Օբամայի քաղաքական իմպոտենցիան «եգիպտական գիշերներին»

Օբամայի քաղաքական իմպոտենցիան «եգիպտական գիշերներին»

Ռոնալդ Ռեյգանի վճռական և օգտաշատ գործունեության և հատկապես Բուշ կրտսերի` արկածախնդրությանը սահմանակցող արտաքին քաղաքականության ֆոնին Օբաման, իհարկե, պետք է երևար գունատ ու անկարող: 

Երբ համաշխարհային թատերաբեմի վրա իջավ սառը պատերազմի վարագույրը, մեծ և փոքր տերություններն այն կարծիքին էին, թե վերջացավ աշխարհի երկբևեռ կարգավիճակը

Հետևաբար, Ռուսաստանը կդադարի Միացյալ Նահանգների կողքին հանդես գալ որպես գերտերություն, և կիրականանա Բժեզինսկու կանխատեսած ամերիկյան հաղթարշավը երկրագնդով մեկ: 

Սակայն իրականություն դարձավ այդ խորքային պայծառատեսության միայն առաջին մասը` Ռուսաստանը դադարեց ամենազոր կայսրությունը լինելուց և, չնայած Պուտինի արտակարգ ճիգերին, հազիվ թե գրավի կորցրած դիրքերը: 

Ասում են` կայսրությունների կյանքը երեք հարյուր տարին չի գերազանցում: Համենայն դեպս, պատմությունը դա ապացուցել է: Ռուսաստանի նախագահն այսօր չի էլ մտածում Իլյիչի նման «համաշխարհային Սովնարկոմ» մտնելու մասին: Նրա նկրտումներն ավելի համեստ են` հնարավորինս մեկտեղել ԱՊՀ-ի երկրները և մեկ էլ պահել իր պետության ամբողջականությունը: 

Իսկ Հեռավոր Արևելքից բարձրանում է մեկ այլ գերտերություն` Չինաստանը, որն իրեն պատմականորեն համարում է «Երկնամերձ» կամ «Ողջ երկրագնդի երկիր»: Հաջորդ սերունդները դեռ զարմանալու շատ առիթներ կունենան: «Восток дело тонкое»,-ասում է կինոհերոսը 

Իսկ ԱՄՆ-ը՞: Մնալով առայժմ աշխարհի հզորագույն երկիրը, որի մատի մեկ շարժումով պետություններ են կայանում կամ փլուզվում, այսօր նոր որակ է ձեռք բերում: 

Ինչպե՞ս այլ կերպ գնահատել այն քաղաքական իրողությունը, երբ Վաշինգտոնը եփում է «արաբական գարուն» կոչվող անմարսելի քաղաքական շիլան, որը ոչ ինքն է կարողանում հաղթահարել, ոչ էլ դրանով հյուրասիրված ժողովուրդները: 

Ո՞րն է խնդիրը: Հենց ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, մեղքի առյուծի բաժինն ընկնում է Օբամայի ուսերին: Ըստ նրանց` նախագահն անվճռական է, ունի թույլ բարոյակամային հատկանշներ, չի տիրապետում իրավիճակին ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիրիայում և մյուս միջինարևելյան երկրներում, որտեղ Ամերիկայի մեղքով է սանձազերծվել կրոնական կոտորածը, որի ծայրը չի երևում, և կարող է վերածվել համատարած պատերազմական գործողությունների: 

Օբամայի վարչակազմը, իսկապես, դրսևորում է զարմանալի անհետևողականություն և անհեռատեսություն: Սկզբում նա «մուկն ու կատու» էր խաղում Մուբարաքի հետ, հետո կանգնեց Մուհամեդ Մուրսիի թիկունքին (կարդա եղբայրացավ «Եղբայր մուսուլմանների» զուգահեռաբար սալաֆականների, «ալ Ղաիդայի», «ան Նուստրա ճակատի» և միջազգային ջիհադի մյուս պրոֆեսիոնալ մարդասպանների հետ): Իսկ հիմա չի կարողանում դիրքորոշվել նրանցից իշխանությունը խլած զինվորականության նկատմամբ: 

Նույնն է վիճակը սիրիական գործերում: Ցայսօր Սպիտակ տունը չի կարողանում կողմնորոշվել գրոհայիններին զենք մատակարարելու հարցում, քանի որ չի պարզել` Ասադի բանակը քիմիական զենք օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Բայց միանշանակ պահանջում է նրա հեռանալը: 

Ամերիկացի լրագրողներն ափսոսում են, որ Բարաք Օբաման չունի Վուդրո Վիլսոնի իմաստությունը: Դա դեռ ոչինչ. նրան համեմատում են աշխարհիս ամենաանկարող և ամենաանգործունյա գրական հերոսի` Գոնչարովի Օբլոմովի հետ: 

Դե, ինչ արած, Օբամային չի հաջողվում և վերջ: Ուզենալ` դեռ չի նշանակում կարողանալ: 

Բայց իրո՞ք ամեն ինչում մեղավոր է Բարաք Օբաման, որին, ի դեպ, անձամբ ես համակրում եմ: Կարծում եմ` ոչ: Նրա փոխարեն կարող էր լինել շատ ավելի վճռական ու աներեր նախագահ, և դրությունը դրանից չէր փոխվի երկու պատճառով` 

ա/ սառը պատերազմից հետո Ամերիկան կարողանում էր Մերձավոր Արևելքում պահպանել համեմատաբար կայուն քաղաքական վիճակ, իսկ հիմա` ոչ:

բ/ ունենալով ռազմական, տնտեսական, հետախուզական և ինֆորմացիոն մեծ ներուժ` Վաշինգտոնը պարզապես ի վիճակի չէ հսկել այլ երկրներին և թելադրել իր կամքը. փոխվել է դարը, փոխվել են նաև ժողովուրդները

Երբ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է որևէ առանցքային որոշում, որով շահագրգռված են նաև մեծ տերությունները, թող որ չմոռանա այս կարևոր կանխադրույթը

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Արտակարգ և լիազոր դեսպան

www.diplomat.am