26.08.2013 18:00

iLur Բլոգ. Մենք պարտավոր ենք վերադարձնել բնությանը նրանից բռնազավթած տարածքները

iLur Բլոգ. Մենք պարտավոր ենք վերադարձնել բնությանը նրանից  բռնազավթած տարածքները

Աննա Նաղաշյան

Այն, ինչ հորիզոնական է բաց երկնքի տակ,
պատկանում է բնությանը:

Հին Երևանը հիշեցնող շատ քիչ շինություններ են մնացել քաղաքում: Եվ քանի որ պարբերաբար ավելանում են շենքերը, որոնց հետ կապված մենք հիշողություն չունենք, քաղաքը դառնում է օտար, ուրիշինը, անսիրտ ու անկյանք: Եվ ստացվեց այնպես, որ քաղաքացին ավելի երկար հիշողություն ունեցավ, քան շենքը, քան քաղաքը, որի երկու հազարից ավելի տարիքը ամեն տարի նշվում է գազանային շքեղությամբ: Սուպերմարկետների ու տգեղ երկնաքեր հիշեցնող ապակեպատ բարձրահարկերի  քաղաքը չեմ ճանաչում, Հին Թբիլիսիում պահպանված տներին նայում եմ նախանձով ու զայրույթով: Տների միօրինակությունը, այգիների օրեցօր նվազելը, քաղաքային գաղջը և գեղեցիկը մոռանալու վտանգի առաջ կանգնած լինելը… այլընտրանք եմ ուզում: Հունդերթվասսերի ճարտարապետական փիլիսոփայությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է Երևանին: «Հարյուր ջուր» անունը կրող ճարտարապետ-նկարիչը մի քանի մանիֆեստներով ներկայացրել է բնության հետ ներդաշնակ քաղաքի մասին իր պատկերացումները: Հունդերթվասսերյան Երևան եմ ուզում:

«Պատուհանային բռնապետությունն ընդդեմ պատուհանների իրավունքների

Մարդիկ հաճախ պնդում են, որ տները կառուցված են պատերից: Ես ասում եմ՝ տները բաղկացած են պատուհաններից: Եթե մեկ փողոցի վրա կողք կողքի կառուցված են տարբեր տներ զանազան պատուհաններով, օրինակ՝ մոդեռն ոճով տունը մոդեռն պատուհաններով, որի կողքին ժամանակակից տուն է անպաճույճ ուղղանկյուն պատուհաններով, իսկ հարևանությամբ բարոկկո ոճով կառուցված  տուն է՝ բարոկկո ոճի պատուհաններով, զարմանալու առիթ չի լինում: Սակայն բավական է, որ այդ երեք տիպի պատուհանները պատկանեն միևնույն տանը, դա ընկալվում է իբրև պատուհանների «ռասայական խտրականություն»: Ինչու՞: Յուրաքանչյուր պատուհան ունի առանձնահատուկ ապրելու իրավունք: Վերևում և հարևանությամբ միևնույն  տեսակի պատուհանների կրկնությունը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարներ: Ուս ուսի տված տխուր պատուհանները պարելու հնարավորություն պիտի ունենան: Ժամանակակից բանկերի, դպրոցների, հիվանդանոցների պատուհանների համահարթեցումն անտալենլի է: Անհատականությունը, առանձնյակը, միշտ տարբերվող մարդն այս դիկտատուրայի դեմ մշտապես ընդդիմանում է զանազան ձևերով՝ ակտիվ կամ պասիվ՝ հարբեցողությամբ, թմրամոլությամբ, վանդալիզմով, հանցագործությամբ, քաղաքից փախչելով, ընկճախտով, մաքրամոլությամբ, հեռուստակախվածությամբ…

Բազմասենյականոց բնակարանում ապրող մարդը պիտի հնարավորություն ունենա կախվել պատուհանից այնքան, ինչքան կկարողանա և ներկել պատուհանների շրջանակները արտաքին կողմից, որպեսզի հեռվից, փողոցից տեսանելի լինի՝ ԱՅՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ Է ՄԱՐԴ՝ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ, ՍՏՐԿԱՑԱԾ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ»: 

(Հունդերթվասսեր, 1990թ հունվար.)

«Այն, ինչ հորիզոնական է բաց երկնքի տակ, պատկանում է բնությանը…

Հնագույն ժամանակներից մի իմաստուն խոսք կա «Աճեցեք ու բազմացեք»: Ժամանակակից մարդը չարաշահել է այդ միտքն ու կործանել երկիրը: Այսօրվանից մենք պիտի առաջնորդվենք ըստ բնության պահանջների՝ և սիմվոլիկ, և գործնական իմաստներով: Մենք պետք է նորից կառուցենք այնպիսի տներ, որոնցում բնությունը կլինի մեր գլխավերևում: Մեր ձեռքերով կործանած բնությունը նորից կտուրից վերև բարձրացենլ. ահա մեր գլխավոր պարտականությունը: Մենք պարտավոր ենք բնությանը վերադարձնել այն տարածքները, որոնք բռնազավթել ենք: Այն բնոթյունը, որը մենք տեղավուրում ենք կտուրին մի կտորն է այն հողից, որը մենք ավիրեցինք՝ վրան տուն կառուցելով: Խոտածածկ կտուրները ունեն նաև էկոլոգիական նշանակություն: Բացի դրանից, դրանք կջերմացնեն ձեր տները ձմռանը և կզովացնեն ամռանը»: 

(Հունդերթվասսեր, 1991թ. ապրիլ)

«Անհարթ հատակ

Հարթ հատակը ճարտարապետների գյուտն է: Սակայն դա արդարացված է մեքենաների, այլ ոչ թե մարդկանց համար: Մարդիկ ունեն ոչ միայն աչքեր՝ գեղեցկությամբ հիանալու, ականջներ՝ սքանչելին լսելու, քիթ՝ բուրմունքը վայելելու: Մարդն օժտված է նաև շոշափելիքով: Քանի որ ժամանակակից մարդը դատապարտված է քայլելու հարթեցված հատակներով ու փողոցներով, որոնք նախագծվում են դիզայներների կողմից, նա զրկվում է հողի հետ անմիջական կապից, որը բերում է սարսափելի հետևանքների՝ հոգեկան անհավասարակշռության  և ֆիզիկական հիվանդության: Մարդն, այդպիսով, դառնում է անկարեկից, կորցնում է զգայարաններն ու դառնում հիվանդ հոգով:

Կենդանի, անհարթ հատակը նշանակում է մարդկության արժանապատվության վերադարձ, որը խլվել է մարդուց անդադար քաղաքաշինության հետևանքով: Անհարթ հատակը դառնում է սիմֆոնիա ոտքերի համար: Ճարտարապետությունը պետք է բարձրացնի, վեհացնի մարդուն ստորացնելու փոխարեն»:

(Հունդերթվասսեր, 1991թ. ապրիլ)

«Ծառ-բնակիչները ազատ անտառի սուրհանդակներն են քաղաքում

Վիեննայում գտնվող Հունդերթվասսերի արվեստի տան պատուհաններից աճում են թվով մոտ տասը «ծառ-բնակիչներ»: Այս ծառերը տեսանելի են հեռվից և օգտակար են շատերին, հատկապես նրանց, ովքեր քայլում կամ ապրում են նրանց կողքին: Արվեստի տան այս բնակիչները խորհրդանշում են, որ ժամանակն է նորից բուսականությանը պատշաճ ուշադրություն դարձնել: Մարդ- բույս հարաբերությունը պետք է ավելի կարևոր նշանակություն ստանա. դու կգոյատևես միայն այն դեպքում, եթե վերաբերվես ծառին այնպես, ինչպես ինքդ քեզ: Քաղաքներում մենք խեղդվում ենք թունավոր օդից ու թթվածնի պակասից, քանի որ բուսականությունը համակարգայնորեն վերանում է: Յուրաքանչյուրիս պարտքն է օգնել բույսերին վերականգնելու իրենց իրավունքները: Մեքենաները ծառերը բարձրացրել են կտուրների վրա, իսկ ահա ծառ-բնակիչները վարձահատույց են լինում իրենց տնվորներին  իսկական արժեքներով:

 Ծառ-բնակիչները թթվածին են արտադրում

  1. Ծառ-բնակիչները էականորեն բարելավում են քաղաքի կլիման՝ գլխացավի փոխարեն մեզ պարգևելով առողջություն:
  2. Ծառ-բնակիչները աղմուկի կլանիչներ են, ինչի հետևանքով փողոցային աղմուկը նվազում է, քանի որ մարում է արձագանքը:
  3. Նրանք մասնակի վիզուալ ապահավություն են ստեղծում  և առաջացնում պաշտպանվածության տպավորություն:
  4. Թիթեռներն ու թռչունները բնակվում են ձեզ հետ:
  5. Այսպիսով, տան մեջ սեփական բնության առաջացման հետ մեկտեղ, վերադառնում է նաև կայնքի գեղեցկությունն ու խաղաղությունը:
  6. Ծառ-բնակիչը տեսանլի խորհրդանիշն է այն բանի, որ մարդ որոշ չափով քավում է իր մեղքերը բնության առջև՝ նրան վերադարձնելով հողի մի փոքր մասնիկը, որը մենք անօրինականորեն խլել ենք կամ կործանել:
  7. Այս հետաքրքիր բնակիչը բնության մասնիկն է, հայրենիքի կտորը, քաղաքի ամայության մեջ ներդաշնակության օազիսը»:

(Հունդերթվասսեր, Ապրիլ, 1991)

Երևանում Հունդերթվասսերի պատկերացրած կատարյալ աշխարհից քիչ բան կա… գրեթե ոչինչ չկա: Հավանաբար հենց դա է մեր՝ ոչինչ չխնայելու, այգիների փոխարեն խանութներ, ավտոտնակներ, բարձրահարկեր կառուցելու մոլուցքի պատճառը: Բնությանը մոտ քաղաքներ կառուցելու համար անհատական աշխատանք է հարկավոր, պետք է, որ յուրաքանչյուրս առանձնանանք բնությունը սիրելով, «անհոգի» ուղիղ գծի փոխարեն թեքություններն ընտրելով… Կհանդիպենք. ես գնում եմ պատուհաններս նկարազարդելու: