26.08.2013 18:52

Ճամփաբաժան, կամ հիշենք բոլոր «ֆլեշներին» անուն առ անուն

Ճամփաբաժան, կամ հիշենք բոլոր «ֆլեշներին» անուն առ անուն

Երկիրը տրվել է հոգով խեղվածներին,

Մկները կերել են բերքը:

Խախտված է արդարի իրավունքը,

Տխուր է հայրական տունը…

Հին արեւելյան եղերերգ

Քնած-արթնացածի` մի օրում եվրոպացի դառնալու սնամեջ հաստատակամությունն, անշուշտ, իր վերջին դիմակն է: Գուցե նաեւ մխիթարություն` կերակրատաշտին մոտ նստածների ու վարձու կաքավողների, բայց ոչ բավարար պայման` քաղցած ու ծեծվող ժողովրդին վերջնականապես մոլորեցնելու համար: Գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են համոզվում այն բանում, որ Տիգրան եւ Սերժ «Բարեփոխիչների» միակ ձեռքբերումը երկիրը ոչ միայն սոցիալ-բարոյական աղետի առջեւ կագնեցնելն էր, այլեւ ցանկացած առաջընթացի բացառումը: Անշուշտ, հեռու ենք այն մտքից, թե ղարաբաղյան հակամարտության չլուծման եւ շրջափակման պայմաններում հնարավոր էր բոլորի շուրթերին «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը հնչեցնել: «Լավ չես ապրելու, Սերգո ջան»-ը դեռ չի կորցրել իր ակտուալությունը, եւ ժամանակին հենց այդ մասին էր զգուշացնում Տեր-Պետրոսյանը:

Բայց որ այսպես ու այսչափ հաշվեհարդար կտեսնեին մեր ժողովրդի հետ` թաղելով Հայաստանը՝ հնարավորությունների երկիր պահպանելու հույսն անգամ, վեր էր ամեն տեսակ երեւակայությունից… Ուրեմն, ի՞նչ է բարբաջում իշխանական քարոզչամեքենան` «ազատ-անկախների» բերանով: Հենց հիմա, երբ Բաղրամյան 26-ի մակարդակով «փայ են մտել» անգամ Անժիկ տոտայի քսան դրամանոց արեւածաղկի վաճառքում ու իրենց բճերին «հայրաբար գործուղել» Կոմիտասի պողոտա` քացու տակ տալու մեր եղբայրներին ու քույրերին, այդ ո՞ր մի եվրոպացուն են որոշել «տեղայանացնել»… Կամ երբ երկրի վարչապետը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Կճոյանի հետ է օֆշորային խաղեր տալիս, այլեւս ի՞նչ խաչհամբույր, մեռելոցի հռչակում եւ կամ` Ֆլեշի Բարսեղ կօգնի նրան: Հետո ի՞նչ, որ անձամբ է նույն Բարսեղի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգեբարձուների նախագահ կարգվել եւ կամ` շեֆի հետ միասին հաճախ է եկեղեցում աչքերն առաստաղին հառում: Չի փրկի, իհարկե:

Եւ չի փրկի թեկուզ միայն այն պատճառով, որ բարեպաշտութան մասին քրիստոնեական պատկերացումները բնավ չեն տեղավորվում ոչ միայն տարատեսակ օֆշորներում, այլեւ օրինակ` միաժամանակ հովանավորի ու հովանավորյալի դերում հանդես եկող Ֆլեշի Բարսեղից շուկայական գնից հարյուր դրամով թանկ դիզվառելիքը գնելու ու իբր` գյուղացիներին նվիրելու շրջանակներում: Առանձնապես բարեպաշտության օրինակ չէ նաեւ Ամիրյան փողոցի վրա կատարվողը. իբր Հյուսիսային պողոտայում քիչ մարդկանց փողոց շպրտեցին իրենց տներից, հիմա էլ այստեղ են ուրիշների հաշվին 16 հարկանի «ֆլեշական շենք» խոյացնում վեր: Իսկ գոմարածի տեսքով ու մտքով մեկին ԿԳՆ-ում փոխնախարարի պաշտոնում «պահելը», դոկտոր «օծելն» ու թեսթերի հրատարակությունից բռնած` բիզնես սարքելն ու իրենցով անելը... Չէ, հիմա չթվա, թե երկր բոլոր դժբախտությունների մեղավորը հատկապես Բարսեղ Բեգլարյանին ենք դիտարկում: Փոքր երկիր է, բոլորը միմյանց հրաշալի գիտեն, եւ հայտնի Սաշիկից սկսած` ցանկը կարեի է շարունակել, հասնելով մինչեւ «նվիրապետության գագաթը»: Պարզապես երբ տգիտությանը գումարվում է ագահությունը, ագահությանը` փարիսեցիությունը, սրան էլ հավակնությունները` մի գիշերում եվրոպացի դառնալու անբարտավան ցուցքով, երբ դեռ «անկախներն» էլ համարձակվում են պնդել, թե «օլիգարխները սարսափած են սպասվող բարեփոխումների հեռանկարով», իբր` իշխանություններից դուրս որեւէ օլիգարխ կա այս երկրում, անհրաժեշտ է դառնում անուն առ անուն հիշել բոլոր նրանց, ովքեր վիժեցրին Հայաստանը հնարավորությունների բաց երկիր դարձնելու պայծառ տեսլականը:

Գոհար Սիմոնյան