27.08.2013 17:57

«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արեգ Գևորգյան. Արտագաղթի մասին միտքն անգամ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, առաջին հերթին` սեփական սկզբունքներին

«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արեգ Գևորգյան. Արտագաղթի մասին միտքն անգամ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, առաջին հերթին` սեփական սկզբունքներին

Արեգ Գեւորգյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Մաս երկրորդ

(Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ)

-Ընթացքի մեջ է ՀԱԿ երիտասարդների դատավարությունը: Ի՞նչ է եղել իրականում, և ինչու՞ էր պետք ռեժիմին կրկին քաղբանտարկյալ ունենալ:  

-Օգոստոսի 9-ի մասին շատ է խոսվել: Բոլորը պատկերացում ունեն այս գործի մասին, եթե անգամ չեն տիրապետում մանրամասներին: Եթե վերհիշենք բուն դեպքը, ապա, եթե հիշում եք, հենց 2011թ. օգոստոսի 9-ին ավարտվեց ՀԱԿ-իշխանություն բանակցությունների հերթական փուլը, որտեղ ՀԱԿ-ը ներկայացրեց այս ընթացքում իշխանությունների հանցավորությունը ապացուցող ամենահիմնավոր փաստաթուղթը: Դա 85 էջանոց փաստաթուղթ էր, որ հիմնավորում էր Հայաստանում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Մինիմալ խնդիրը, որ իշխանությունները լուծեցին մի քանի ժամ հետո կազմակերպված սադրանքով, այս փաստաթղթին պատասխանելուց խուսափելն էր: Իշխանությունները այդպես էլ չպատասխանեցին այդտեղ բերված որևէ փաստարկի, որևէ ձևակերպման, մեղադրանքի: Նրանք ուղղակի լռեցին, քանի որ դեպքի պատճառով առկախվեց երկխոսությունը, այնուհետև՝ ընդհանրապես դադարեցվեց: Սա էր առաջին խնդիրը իշխանությունների համար՝ փախչել բանակցային սեղանից, որովհետև բանակցությունները նշանակում էին անխուսափելի զիջումներ: Այս սադրանքի այլընտրանքը պիտի լիներ զիջումներով բանակցություններn ավարտելը, այսինքն՝ պահանջներից որևէ մեկը պիտի կատարվեր: Բանակցությունների հարցը լուծելով՝ արդեն ընթացիկ խնդիրները լուծելու հարց առաջացավ: Շատ եզակի դեպքերում է, որ քաղբանտարկյալ ունենալով` դու կարող ես ազդել հե՛նց քաղբանտարկյալի վրա, այսինքն՝ իշխանությունները դժվար մտածեին, որ տղաներին ազատազրկելով՝ կկարողանային նրանց ետ պահել պայքարից, ակտիվ քաղաքական գործունեությունից, որովհետև շատ լավ հասկացել են այս տարիների ընթացքում, որ որևէ բռնաճնշմամբ անհնար է զսպել այս երիտասարդներին, այսինքն՝ հիմնական նպատակը պիտի լիներ հասարակության մեջ վախի մթնոլորտի տարածումը, և այս ընթացքում իշխանությունները չխուսափեցին որևէ ապօրինությունից: Առաջին ճչացող ապօրինությունը գործի քննությունն էր ոստիկանության քննչական վարչության, իսկ այնուհետև՝ ոստիկանության հատուկ կարևորագույն գործերով գլխավոր քննչական վարչության կողմից, այն դեպքում, երբ կոնֆլիկտի անմիջական մասնակիցը`կողմը, ոստիկանությունն էր: Վերջինս՝ որպես կողմ, այսինքն՝ շահագրգիռ անձ, իրավունք չուներ զբաղվել գործի քննությամբ: Հենց այս է պատճառը, որ ունեցանք բազմաթիվ շինծու ապացույցներ՝ ոստիկանական սուտ ցուցմունքներ, ոստիկանությունում նկարահանված տեսահոլովակներ, որ ոտքից գլուխ շուռ էին տալիս իրականությունը, շտապօգնության աշխատակիցներ, որ տալիս էին հակասող ցուցմունքներ, բռնությունների, ճնշումների միջոցով ցուցմունքներ տված քաղաքացիներ և այլն: Այնուհետև իշխանությունները հավանաբար գիտակցեցին անտրամաբանականությունը և գործն ուղարկեցին դատախազության ՀՔԾ, ինչը ևս տեղի ունեցավ մեր միջնորդությունների հետևանքով: Մենք պնդում էինք, որ ոստիկանությունը կողմնակալություն է անում, և դա ակնհայտ էր. դա անում էին ոչ թե տուժած ոստիկանները, այլ դա արվում էր ամենաբարձր` ոստիկանապետի մակարդակով: Այդ ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեպքից մի քանի օր անց ասուլիս հրավիրեց և ներկայացրեց ոստիկանության տեսակետը՝ իբրև բացարձակ ճշմարտություն. խոսեց վնասվածքների մասին, որ նկատել է, բայց իբր լավության կարգով չի թողել, որ արձանագրվեն, խոսեց երիտասարդների մասին այնպես, ինչպես կխոսեր հանցագործների մասին՝ ակնհայտորեն խախտելով անմեղության կանխավարկածը, և բացահայտ ուղղորդեց քննչական մարմիններին, ինչի իրավունքը չուներ: Այս արարքների համար նա առնվազն պետք է ազատվեր պաշտոնից և ենթարկվեր քրեական պատասխանատվության, քանի որ  անթույլատրելի է, որ ոստիկանապետը ուղղորդի քննությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այժմ փորձ է արվում մեղքը տանել դեպի ոստիկանապետի անձը, բայց համոզված եղեք, անձերն այստեղ նշանակություն չունեն: Խնդիրն այն է, որ կա կոնկրետ նպատակ՝ իրականացնել հետապնդում, հետագայում հիմնավորել երիտասարդների կալանավորումը, և այդ խնդիրը հնարավորինս լավ լուծում էր այն ժամանակվա ոստիկանապետը՝ խայտառակելով թե՛ իր անձը, թե՛ ամբողջ ոստիկանական համակարգը: Այս իշխանության առկայության պայմաններում դա կաներ ոստիկանապետի պաշտոնում նշանակված ցանկացած մեկը, ինչպես նաև նույն այսօրվա ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Հետագայում արդեն ՀՔԾ-ում տեսանք ճնշումներ քննիչների կողմից: Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ եղան նաև վիրավորանքներ և բռնության կիրառման դեպքեր: Այս ամբողջ շարքը շարունակվեց նաև դատական համակարգում: Դատարանը սկսեց քննել գործ, որտեղ որպես ապացույց ներկայացվում էին բացառապես ոստիկանների և քաղաքացիների սուտ, հակասող ցուցմունքները: Հիշո՞ւմ եք դատարան եկած ավտոկանգառի աշխատակից Հրանտ Միրիջանյանին և նրա խոստովանությունը, որ իր ցուցմունքը տվել է ճնշումների արդյունքում: Նա դատարանում հայտարարեց, որ իր նկատմամբ սպառնալիքներ են եղել ոստիկանների կողմից, իսկ դրա նկատմամբ դատարանի անտարբերությունը ոչ միայն դատարանի՝ քաղաքական դատավարություն իրականացնելու ապացույցն էր, այլև նրա հանցավորության հիմնավորումը: Ստացվում է, որ դատարանը, որը պիտի պատժի հանցագործներին, ինքը ևս հանցագործ է: Դատարանը բազմիցս խախտեց կողմերի հավասարության իրավունքը. երիտասարդները չկարողացան ներկայացնել իրենց ապացույցները, մերժվեցին միջնորդությունները, ոստիկանների կողմից թույլ տրված ապօրինություններն էլ անտեսվեցին՝ նույն Հրանտ Միրիջանյանից ցուցմունք վերցնելուց մինչև երիտասարդների, նաև ինձ վրա առկա վնասվածքները: Անհասկանալի է՝ ինչու է արժանահավատ ոստիկանի ցուցմունքը և ոչ՝ քաղաքացունը, երբ միջադեպը ուներ երկու կողմ` ոստիկան և քաղաքացի: Ինչպե՞ս է սա որոշվում: Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես են ծեծում Արտակ Կարապետյանին կամ բռություն գործադրում մյուս երիտասարդների և փաստաբանների նկատմամբ: Մեզ բերման էին ենթարկում տեռորիստների նման՝ հատուկ ջոկատայիններով, մի քանի ուղեկցող մեքենաներով, դիմակներով: Սա շոու էր, որի նպատակն էր ցույց տալ, որ սա ուժեղ ընդդիմություն չէ, քանի որ  ուժեղ ընդդիմությունը շատ վտանգավոր դարձավ այդ ժամանակ իշխանության համար: Եթե երկրում կա երկխոսություն, իշխանությունը նստում է բանակցությունների ընդդիմության հետ, ուրեմն երկրում կա փաստացի երկիշխանություն, այսինքն՝ որոշումները կայացվում են երկու կենտրոնից, և այդ կենտրոնները պիտի բանակցեն և տեսնեն՝ ինչպես է կառավարվում երկիրը: Մի կողմից Ազատության հրապարակի ներկայացուցիչն էր՝ ընդդիմությունը, մյուս կողմից՝ ապօրինի իշխանությունները: Այդ շոուի նպատակն էր ցույց տալ հասարակությանը, որ երկիշխանություն չկա, որովհետև այդ համոզմունքի դեպքում վտանգավոր իրավիճակ կստեղծվեր ռեժիմի համար: Հավասարակշռությունը շատ արագ կարող էր խախտվել հօգուտ ընդդիմության, քաղաքացիների լայնածավալ դիմադրությանը արժանացած բանակն ու ոստիկանությունը կհայտարարեին իրենց նեյտրալիտետի մասին, և փողոցում ժողովրդի կրիտիկական զանգվածը առաջնորդող ընդդիմությունը կփոխեր իշխանությունը: Գործի շինծուության հիմնական պատճառը սա էր: Վախի մթնոլորտը կենսական նշանակություն ունի ռեժիմի համար: Գործը հիմա էլ շարունակվում է նույն տրամաբանությամբ, որքան էլ մենք ասենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործի ետ ուղարկումը զիջում էր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ գործի արդարացի լուծումը կլինի Սարգիսի,Դավիթի, Արտակի արդարացումը և Տիգրանի ազատ արձակումը: Սրանից պակաս ամեն բան խոսում է այն մասին, որ սա քաղաքական հաշվեհարդար է: Չնայած այն բանին, որ ռեժիմը փորձում է նահանջել թեկուզ իր պահելաձևի առումով, փաստը մնում է այն, որ քաղաքական հետապնդումը դեռ իրականացվում է, և այն կդադարի միայն այն ժամանակ, երբ քրեական հետապնդումը երիտասարդների նկատմամբ դադարեցվի, և պատասխանատվության ենթարկվեն այս գործով ապօրինություններ գործածները:

Պիտի ցույց տալ, որ մենք չենք վախենում բռնաճնշումներից

-Հնարավո՞ր է հասնել այնպիսի հանրային ճնշման, որ կստիպի ռեժիմին լուծել քաղբանտարկյալների հարցը:

- Նույն այս ամառային ընդվզման ժամանակ մենք տեսանք ոստիկանության գործելաոճը. մի քիչ լարվածության բարձրացում, և չէր բացառվում, որ կունենայինք կրկին տասնյակ քաղբանտարկյալներ: Եղան քաղաքական հետապնդումներ՝ գնացին մարդկանց տներով, սպառնացին, մարդիկ բերման ենթարկվեցին: Սրանք բոլորը մտնում են քաղաքական հալածանքներ հասկացության մեջ, և ես կարծում եմ, որ այս նախաձեռնության մասնակիցներից շատերը իրենց մաշկի վրա զգացին, թե ինչպես է հնարավոր, ունենալով ազնիվ և արդար նպատակներ, դառնալ իշխանությունների մահակի զոհը: Քաղաքական բանտարկյալը ոչ թե ՀԱԿ-ի խնդիրն է, այլ ողջ հասարակության. դա ապտակ է բոլոր քաղաքացիներին: Մեզ մեր տան մեջ ուղղակի սպառնում են, իսկ մենք դեռ մեծամասամբ լուռ ենք: Ռեժիմը ուզում է մեզ ստրկացնել քաղաքական հետապնդումներով. հիմա եթե մենք դրա դեմ չենք պայքարելու, չենք պաշտպանելու ռեժիմին դիմադրողներին, ինչպե՞ս ենք պատրաստվում ծավալվել շարժման առումով: Դա շատ կարևոր բան է, որովհետև կան շրջանակներ, որ լավ չեն պատկերացնում սա: Կա տեսակետ, որ պատերազմի ժամանակ (պայմանական՝ իշխանություն-ժողովուրդ) ընկածի հետևից պետք չէ գնալ. պիտի շարունակել պատերազմը, որովհետև հնարավոր է, որ ընկնողը ընկել է, որպեսզի ամբողջ ճակատը շեղվի ընկնողին փրկելու համար: Բայց ինչքան էլ ընկնողին փրկելը կարող է հեռացնել նպատակը, դա պիտի պարտադիր պայման լինի ցանկացած դիմադրող քաղաքացու համար, որովհետև եթե խնդիր ունենք մեծ ճակատ ձևավորելու, ուրեմն պիտի մտածենք՝ ինչպես կոտրել այն վախի մթնոլորտը, որում դեռ իշխանությունը պահում է շարժմանը պոտենցիալ միացողներին, իսկ դրա ձևերից մեկը վախի մթնոլորտի դեմ պայքարն է: Եթե վախի մթնոլորտ ստեղծելու՝ իշխանությունների հիմնական զենքը բռնաճնշումներն են, պիտի ցույց տալ, որ մենք չենք վախենում բռնաճնշումներից: Եթե ինչ-որ մեկին կալանավորում են, ուրեմն պետք է գնալ և ստիպել ազատել այդ կալանավորվածին, որովհետև ցանկացած մարդ, ով գիտակցում է այս իշխանությունների հանցավորությունը, գիտակցում է, որ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, ավելի հեշտությամբ կլծվի պայքարին, երբ իմանա, որ վտանգի կամ ընկնելու դեպքում իր հետևից գալու են, այսինքն՝ համախոհների պաշտպանությունը պարտադիր պայման է: Մենք իրավունք չունենք թողնելու, որպեսզի մեր զինակիցները մենակ մնան ռեժիմի դեմ պայքարում: Այսօր, եթե Տիգրանը գտնվում է բանտում, եթե Սարգիսի, Արտակի, Դավիթի գլխին կախված է կալանավորված լինելու վտանգը, դա նշանակում է, որ մենք բոլորս պիտի լինենք նրանց կողքին և անենք ամեն ինչ, որ նրանք հայտնվեն ազատության մեջ: Սա էր գլխավոր պատճառը, որ 2011-ին մեզ համար առաջնահերթ էր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ինչքան էլ Տիգրանը ասում է, որ իր համար խնդիր չէ բանտում նստելը, սա չի նշանակում, որ պետք է ասենք՝ ուժեղ են՝ թող նստեն, ընդհակառակը՝ այդպիսի ուժեղ մարդիկ մեզ պետք են դրսում: Սակայն նաև պետք է հասկանալ, որ եթե անգամ այս դատավճիռը ամբողջովին արդար լինի, ապա դա չի նշանակելու, որ Հայաստանը վերջնականապես ազատվելու է քաղաքական բանտարկյալ հասկացությունից: Դա նշանակելու է, որ ինչ-որ պահ ռեժիմին քաղաքականապես նպատակահարմար էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Դա չի նշանակելու, որ ունեցանք արդար դատական համակարգ: Դա նշանակելու է, որ կրկին եղավ քաղաքական որոշում, որով կրկին որոշ ժամանակ անց կարող են այլ ակտիվ երիտասարդների ձերբակալել: Ռեժիմը, քանի գոյություն ունի, մշտապես փորձելու է ճնշել պայքարող երիտասարդությանը: 

Ես շարժումը համեմատում եմ համալսարանի հետ

-Արե՛գ, արդեն մի քանի տարի է՝ ինչ դու հասարակական դիմադրության առաջին գծում ես: Նախ, ինչպե՞ս ստացվեց, որ ակտիվացար և սկսեցիր մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին: Այս տարիների ընթացքում քո գիտակցության մեջ փոփոխություններ նկատե՞լ ես. ի՞նչ կարևոր բաներ ես սովորել:

-Դժվար է մատնանշել ու ասել, որ մի բանը այս տարիների ընթացքում փոխվեց, մյուսը՝ չէ: Ավելի շուտ՝ կան եզակի բաներ, որ չեն փոխվել: Ես շարժումը համեմատում եմ համալսարանի հետ, որ ինձ տվել է թե՛ գիտելիքներ, թե՛ փորձ, թե՛ աշխարհայացքի փոփոխություններ: Եթե չլիներ շարժումը, ես էլ իմ այսօրվա ձևով չէի լինի: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ սկսվեց  նրանից, որ ես սիրում էի պատմություն: Տասնյոթ-տասնութ տարեկան էի՝ ոգևորված պատմական Հայաստանը վերականգնելու մտքերով, երբ ընկերներիս հետ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ձևավորեցինք ուսխորհրդին կից «Հայրենասիրական կոմիտե» հանձնաժողովը:
Դա 2007-ի վերջն էր. մի քանի միջոցառում հասցրինք կազմակերպել, հրավիրեցինք Արցախյան ազատամարտի մի քանի հերոսների, համալսարանի ռադիոյով էինք շփվում երիտասարդների հետ, բայց 2008-ի առաջին ամիսները արմատապես փոխեցին հայրենասիրության մասին իմ պատկերացումները: «Բաքուն՝ արյան ծով», «ծովից ծով Հայաստան» և նման մտքերը սկսեցին շատ արհեստական թվալ այդ ժամանակվա խնդիրների ֆոնին: Սա գիտակցելու համար հարկ եղավ մասնակցել մի քանի հանրահավաքների: Սկզբնական շրջանում՝ 2007-ի վերջին, ուղղակի ընկերոջս հրավերով գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած առաջին հանրահավաքին: Այնուհետև հանրահավաքի գնալու համար ինձ այլևս հրավեր պետք չէր: Կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ այն, ինչի մասին ես գիտեի դրանից առաջ, այն արժեքները, որ կարևոր էի համարում մեր պետության համար դրանից առաջ, շատ արհեստական էին և փոփոխություն բերելու հնարավորություն չունեցող: 2008-ի փետրվարից հետո փուլեր չեմ կարող առանձնացնել, որովհետև դա մի ալիք էր, որ շարունակվում է մինչև հիմա: Իմ և ընտանիքիս առավել ակտիվությունը սկսվեց Հյուսիսային պողոտայի նստացույցից, իսկ դրանից հետո՝ 2009-ի վերջից, երբ արդեն ոչ միայն միջոցառումների էի մասնակցում, այլև դրանց կազմակերպմանը: Բայց կա մի բան, որ ես շատ եմ կարևորում. ժամանակի ընթացքում սովորում ես դիմադրել կեղծ արժեքներին, որ տարիներ շարունակ քարոզվում են ռեժիմի կողմից, սկսում ես հնարավորինս  բացառել իրականության առասպելական ընկալումները, տուրք չտալ դրանց, նաև փորձում ես այդ քարոզչությունից տուժած ժողովրդին նույնպես բերել իրականություն:

- Գիտեմ, որ ուսումդ կիսատ է մնացել: Չե՞ս փորձել վերականգնել ուսանելու հնարավորությունդ, չե՞ս ուզում կրթությունդ դրսում շարունակել, թե՞ նախընտրում ես ինքնակրթությամբ զբաղվել: Ինչո՞վ ես զբաղվում:

-Այս տարվանից պատրաստվում եմ վերականգնել ուսումս: Եթե հետագայում ստացվի, ինչու ոչ, չի բացառվում նաև, որ դրսում կրթությունս շարունակեմ: Այս հինգ տարիների ընթացքում այդ հնարավորությունը չունեցա, որովհետև հնարավոր չէր համատեղել ամենօրյա փողոցային պայքարը և համակարգված ուսումը, բայց չեմ փոշմանում, քանի որ այս տարիների ընթացքում շփումներն իմ ընկերների, ավագ սերնդի ներկայացուցիչների հետ և ընդհանրապես՝ մասնակցությունը լուրջ քաղաքական պրոցեսներին, դրանց կազմավորմանն ու ընթացքին հենց ներսից հետևելը ինձ շատ բան տվեցին: Թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի ոչ մի բուհ այսպիսի գիտելիքներ, այսպիսի փորձ ինձ չէր կարող տալ: Ընդհանրապես՝ ամբողջ ժամանակս ծախսում էի պայքարի վրա: Եթե հումորով, ապա կարելի է ասել, որ անգամ ֆիլմերի դիտումն ու ընթերցանությունը իրականացրել և իրականացնում եմ միայն ի նպաստ պայքարի: Այժմ ազատ ժամանակս աշխատում եմ ծախսել նորաստեղծ ընտանիքիս հոգսերի վրա, իսկ ինքնակրթությամբ զբաղվել և զբաղվում եմ՝ անկախ ուսումնական հաստատություն հաճախելուց:

-Ինչպե՞ս ես վերաբերվում հայաստանյան կրթությանը:

-Կրթության ոլորտը ևս զերծ չէ  ողջ համակարգում առկա հանցավորությունից: Դա են ցույց տալիս բուհերում առկա համատարած կաշառակերությունը, քաղաքականացված ուսխորհուրդները, կեղծվող դասագրքերը և այդպես շարունակ: Պատահական չէ, որ իշխանությունը փորձում է ոչնչացնել այն համակարգերը, որ կարող են ըմբոստություն ձևավորել, իսկ համալսարանները, մեծ հաշվով՝ այդ կենտրոնները պիտի լինեին: Համալսարանների այլասերումը՝ այսպես ասած, պայմանավորված է նրանով, որ իշխանությունների հիմնական վախը երիտասարդներից է: Մյուս կողմից՝  կան շահադիտական նպատակներ, և իշխանությունները օգտագործում են համալսարանը որպես իշխանություն պահելու ռեսուրս: Պարզ է, որ այս ամենը չի կարող չազդել կրթության մակարդակի և որակի վրա: Այստեղ ևս խնդիրը պիտի լուծվի կրթության համակարգը ոչնչացնող իշխանությունների հեռացմամբ:

Պետք է անդադար ստեղծագործես, նախաձեռնես, կամ հակառակը՝ պատրաստ լինես կատարել ամենասևագործ աշխատանքը

-Այժմ դու ՀԱԿ կուսակցության վարչության անդամ ես, այսինքն՝ մասնակից ես որոշումների ընդունմանը, և հավանաբար՝ մեծացել է պատասխանատվությունը: Որևէ տարբերություն կա՞ այս նոր կարգավիճակի և նախորդի միջև:

-Իհարկե, պատասխանատվության առումով՝ շատ պարտավորեցնող է, սակայն դիրքերն այստեղ, կարծում եմ, էական նշանակություն չունեն: Դրանք ավելի շատ ձևական, ֆորմալ բնույթ ունեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան պատասխանատվություն ես դու ինքդ քեզ վրա վերցնում, այսինքն՝ դու ես ու քո աշխատանքը, պատասխանատվությունը հանկարծակի, երկնքից չպետք է ընկնի քո գլխին, դու պետք է ոչ միայն պատրաստ լինես դրան, այլև, մինչև դրա ֆորմալացումը՝ արդեն իսկ ստանձնես այն, իսկ այս գործում պատասխանատվություն ստանձնելու սահման, կարծում եմ, չկա: Եթե դու սրտացավ ես գործի նկատմամբ, եթե դու իսկապես ուզում ես հասնել դրված նպատակին, ապա գործերն անսահմանափակ են, կարելի է անդադար նոր գործեր ձեռնարկել, և այդպես շարունակ, քանի դեռ իրականացված չէ նպատակդ: Չի բացառվում, իսկ ավելի ճիշտ՝ կարելի է համոզված ասել, որ անգամ նպատակի իրագործումը կբացի է՛լ ավելի պատասխանատու գործեր: Սա չդադարող պրոցես է: Սա պայքարն է: Եթե պայքարում ես, ուրեմն պետք է պայքարես մինչև վերջ, անդադար ստեղծագործես, նախաձեռնես, կամ հակառակը՝ պատրաստ լինես կատարել ամենասևագործ աշխատանքը, լինես քո գործի զինվորը և չվախենալով գործընթացների երկարատևությունից՝ հետևողականորեն իրականացնես այն, ինչ ճիշտ ես համարում, անցնես այն ճանապարհը, որն ընտրել ես, քանի որ ճանապարհն այնքան ժամանակ է ճիշտ, քանի դեռ դու չես հիասթափվել դրանից կամ չես փոխել մեկ ուրիշով: Այնպես որ՝ այստեղ կարևորը համառությունն ու համբերատարությունն են, ինչպես նաև պատասխանատվությունից չխուսափելը: Ինձ թվում է՝ պատասխանատվությունը չի կարող չվախեցնել: Եթե ձախողվելու վախ չլինի, ձախողվելու հավանականությունը ավելի մեծ կլինի: Հենց այդ վախն է, որ ստիպում է ավելի լավ աշխատել: Պատասխանատվությունից կարելի է ոչ թե չվախենալ, այլ չխուսափել: Իսկ ռեժիմին դիմադրելու ժամանակ պատասխանատվությունից խուսափելը կարող է ուղղակի կործանել ինչպես քեզ, այնպես էլ գործդ, այսինքն՝ պատասխանատվություն ստանձնելը նաև ինքնապաշտպանման, ինքնապահպանման նշանակություն ունի: Ռեժիմը ցանկացած պահի կարող է քեզ կուլ տալ. դրա համար դու անդադար պետք է մեծացնես պատասխանատվությանդ չափը, անընդհատ ինքդ հարձակվես, սակայն քո հարձակումը պիտի լինի ոչ թե հախուռն, այլ ամենօրյա կազմակերպված աշխատանքով:

- Ի՞նչ ծրագրեր ունես, որ ուզում ես առաջ քաշել, իրականացնել: Քեզ պատկերացնու՞մ ես որպես քաղաքական գործիչ:

 -Նպատակները այն են, ինչ 5 տարի առաջ էին: Ոչինչ չի փոխվել, չնայած այն ժամանակ զգացմունքային մասը շատ էր: Կարծում եմ՝ ես և ընկերներիցս շատերը պայքարը երբեմն կարող էինք դիտարկվել որպես մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, ընդհանրապես Հայաստանի քայքայման համար իշխանություններից վրեժխնդիր լինելու ևս մեկ լծակ, բայց ժամանակի հետ գիտակցում ես, որ վրեժխնդրույթունը դառնալու է նոր վրեժխնդրությունների պատճառ, և այն անհրաժեշտ է բացառել: Այժմ կա պայքարի՝ որպես Հայաստանի փրկության միակ միջոցի սառը գիտակցում, առկա խնդիրների լուծման, գործող գողական իշխանական համակարգից ազատվելու, օրինակարգ իշխանություններ ձևավորելու և ժողովրդավարական Հայաստան կառուցելու հստակ ծրագիր: 2008-ին իմ ներգրավվելը պրոցեսներին ոչ թե քաղաքականությամբ զբաղվել էր, այլ անհրաժեշտություն: Հիմա էլ եմ կարծում, որ դա զբաղմունք չէ, այլ անհրաժեշտություն, հետևաբար ես ոչ թե պատրաստվում եմ զբաղվել քաղաքականությամբ, այլ արդեն անխուսափելիորեն քաղաքականության  մեջ եմ: Թե ինչպես կարելի է գնահատել իմ՝ քաղաքականության մեջ լինելը, դա արդեն այլ հարց է:

-ՀԱԿ-ից տարբեր պատճառներով տարբեր գործիչներ հեռացան: Ի՞նչ բացասական և դրական տարբերություններ կան նախկին և նոր ՀԱԿ-երի միջև:

-Իմ կարծիքով՝ նախկին և ներկա ՀԱԿ գոյություն չունի: ՀԱԿ-ը իր նպատակներով ու գործով այն է, ինչ կար. ուղղակի անհրաժեշտություն եղավ փոխել դրա ֆորմալ ձևակերպումը: Իհարկե, ոմանք եկել են, ոմանք գնացել, բայց սա ողբերգություն չէ: Եթե դու դիմադրում ես ռեժիմին, որը ջանք չի խնայում քեզ քայքայելու, տարանջատելու, վերջապես՝ ոչնչացնելու համար, դա նշանակում է, որ քո ունեցած կորուստները բացառապես բնական մաշվածության հետևանք են: Կարծում եմ՝ հարկավոր է խոսել ոչ թե հեռացողների, այլ պայքարը շարունակողների մասին: Ով գնացել է՝ Աստված իր հետ, իսկ մնացին այն մարդիկ, ովքեր չխուսափեցին պատասխանատվությունից: Կոնգրեսը այն ուժն է, որ չխաբեց մարդկանց, անկեղծ եղավ, ներկայացրեց իրավիճակը և դրանից դուրս գալու ամենահավանական ելքը: Շատերը քննադատեցին, բայց ոչ մեկը այլ իրատեսական ելք չառաջարկեց: Եվ հիմա ՀԱԿ-ում այն մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարը, չեն զբաղվում ժողովրդին հաճոյանալու անպտուղ գործունեությամբ, որպես Հայաստանի գլխին չարիք դարձած իշխանություններից ազատվելու միջոց տեսնում են բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և լծված են այդ գաղափարը տրամաբանական ավարտին հասցնելու գործին:

ՀԱԿ երիտասարդական համագումարը իր ձևով լինելու է շատ յուրահատուկ

-Առաջիկայում տեղի է ունենալու ՀԱԿ-ի երիտասարդների համագումարը: Դու ևս մասնակցում ես դրա նախապատրաստման աշխատանքներին: Ո՞րն է այդ համագումարի նպատակը: Ինչո՞վ է տարբերվելու ընդհանուր համագումարից:

- Քանի որ նախապատրաստական աշխատանքները նոր են մեկնարկել, և համագումարի ընթացքն ու նոր երիտասարդական միության ձևը դեռ քննարկման փուլում են, ապա դեռևս վաղ եմ համարում փակագծեր բացելը: Կարող եմ ասել միայն, որ ՀԱԿ երիտասարդական համագումարը իր ձևով լինելու է շատ յուրահատուկ. այն նոր շունչ է տալու հայաստանյան քաղաքական դաշտին: Երիտասարդական միության գործունեությունը մոտակա տարիներին պետք է էապես տարբերվի ավանդական դարձած, նաև երբեմն արդեն հնացած երիտասարդական կառույցների գործունեությունից: Շատ կարևոր է երիտասարդական միության ազատությունը, նրա՝ ավագ սերնդի գործունեությամբ կաշկանդվելու բացառումը, միևնույն ժամանակ՝ փոխլրացումը: Երիտասարդական միությունը նաև նախապատրաստվում է է՛լ ավելի ակտիվացնել շփումները, փորձի փոխանակումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային դաշտում, որտեղ կամրապնդվեն կապերը հատկապես գաղափարապես մեզ մոտ կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ: Մենք արդեն իսկ  «Եվրոպայի լիբերալ երիտասարդներ»-ի լիիրավ անդամ ենք և պատրաստվում ենք է՛լ ավելի խորացնել մեր համագործակցությունը նրանց հետ: Երիտասարդական միությունը շարունակելու է իր գործունեությունը ավելի մեծ եռանդով՝ Հայաստանում օրինականությունը վերականգնելու նպատակով:

-Արե՛գշատ երիտասարդներ, ապագա չտեսնելով երկում, հեռանում են: Դու երբևէ չե՞ս մտածել արտագաղթելու մասին:

-Եթե ոմանց արտագաղթելը հնարավոր է չքննադատել, ապա իմ դեպքում, երբ ինքս կոչ եմ անում պայքարել, չթողնել Հայաստանը, թեկուզ փոքր, բայց որոշակի պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա երկիրը ռեժիմից ազատելու գործում, դա անհնար է: Արտագաղթի մասին միտքն անգամ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, առաջին հերթին՝ սեփական սկզբունքներին: Ընդհանրապես՝ արտագաղթի մասին խոսելը շատ ծանր գործ է: Դա շատ անձնական, իդիվիդուալ խնդիր է: Իսկապես, Հայաստանում ներկա ծանրագույն սոցիալական, բարոյահոգեբանական վիճակը երբեմն անհնարին է դարձնում մարդկանց գոյատևումը: Նման պայմաններում շատ դժվար է մեղադրել արտագաղթողներին, բայց չհասկանալ, որ դա ճիշտ չէ, անհնար է: Այս իրավիճակում միակ ճիշտ ելքը պայքարն է: Ինչքան էլ որ ծանր լինի դրությունը, միևնույն է՝ Հայաստանը մեր տունն է, և բացի մեզնից՝ ոչ ոք տեր չի կանգնի նրան: Մեկ–երկու ավազակ, որ բռնազավթել են մեր սեփականությունը, պետք է դուրս վռնդվեն հենց սեփականատերերի կողմից: Մենք պետք է պայքարենք և ստեղծենք բարեկեցիկ երկիր: Ուրիշ ելք չկա: Սրա այլընտրանքը պետականության կորուստն ու քոչվորի կարգավիճակն է:

«Հարցազրույց Հայաստանի հետ» հարցազրույցների շարքի մյուս նյութերը