02.09.2013 13:28

Քրիստինե Խանումյան. Շիրակո շագայետ Սերժ Սարգսյան կ Եվրոպե

Քրիստինե Խանումյան. Շիրակո շագայետ Սերժ Սարգսյան կ Եվրոպե
  1. Նրանք, ովքեր պնդում են, թե Սերժ Սարգսյանը անպայման պետք է նախաստորագրի, եւ ապա ստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ՉԵՆ տեսել այդ համաձայնագրի տեքստը, խոսում են հիմնականում ընդհանուր` «ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ», կամ «ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎԸ ԼԻՆԻ» դրույթներով, եւ, հետեւաբար, գովերգում են ոչ թե այն, ինչ պետք է ստորագրվի (որովհետեւ դրա բովանդակությունն է կարեւոր պետական շահերի համար), այլ այն, որ փաստաթուղթը ուղղակի պետք է ստորագրվի: (Բայց ինչպե՞ս հիմնավորեն, երբ ոչ մեկը տեքստը չի կարդացել):
  2. Նրանք, ովքեր պնդում են, որ համաձայնագիրը Հայաստանի համար շահեկան է, պետք է այդ պնդումները կետ առ կետ հիմնավորեն: Հակառակ պարագայում՝ այդ հայտարարությունները լավագույն դեպքում ընդամենը բարի ցանկություններ են, (кабы я была царица…ոճով), կամ, ավելի շուտ` անտեղյակ մարդկանց մոլորեցնելու փորձ:
  3. Նրանք, ովքեր իրենց այդ հայտարարությունները հիմնավորում են եվրոպական արժեքների ջատագով լինելու «փաստով», հիմնականում կեղծում են, քանի որ եվրոպական արժեքների ջատագովը չի կարող չհասկանալ, որ ով-ով, բայց Սերժ Սարգսյանը որեւէ աղերս չի կարող ունենալ եվրոպական-համամարդկային արժեքների հետ:
  4. Նրանք, ովքեր չհրապարակված փաստաթղթի գովքը հիմնավորում են նրանով, թե նախաստորագրումից հետո թուղթը կհրապարակվի, ու դրա վրա ԼԻՔԸ աշխատանք կարվի, հիմնականում նորից կեղծում են, քանի որ նման փաստաթղթերը նախաստորագրելուց հետո բովանդակային փոփոխությունների ՉԵՆ ենթարկվում, բովանդակային փոփոխությունների համար պետք է վարվեն նոր բանակցություններ, իսկ նախաստորագրումից ստորագրում ընկած հատվածում ընդամենը արարողակարգային, տեխնիկական եւ նման բնույթի հարցեր են քննարկվում, ինչն ազդեցություն չի կարող ունենալ համաձայնագրի բովանդակային մասի` այսինքն, հիմնարար սկզբունքների վրա:
  5. Նրանք, ովքեր պնդում են ՉՏԵՍԱԾ տեքստի նախաստորագրման վրա, ինչից հետո, իբր, պետք է մանրամասն քննարկվեն համաձայանգրի կետերը, չեն կարող չհասկանալ, որ ԵՄ-ն շահագրգռված չէ Հայաստանի հետ երկար բանակցություններ վարելու հարցում, ինչի մասին է վկայում հուլիսին Ֆյուլեի եւ Էշթոնի կողմից հրապարակված համատեղ հայտարարությունը, որտեղ անակնկալ կերպով հայտարարվեց Հայաստանի հետ բանակցությունների ավարտի մասին, ինչից հետո կողմերը պետք է փորձեն պատրաստվել վիլնյուսյան գագաթնաժողովին` համաձայնագիրն այնտեղ նախաստորագրելու համար:
  6. Նրանք, ովքեր պնդում են, որ պետք է ստորագրել «չտեսնված» փաստաթուղթը, պետք է հիշեն հայ-թուրքական արձանագրությունների «դառը» փորձը, որը թերեւս այս գործընթացի փոքրիկ մոդելն էր:

Արձանագրությունների բովանդակությունը հրապարակվեց նախաստորագրման գիշերը միայն: Հրապարկվելուց հետո պարզ դարձավ, որ այնտեղ կան բազմաթիվ կետեր, որոնք անընդունելի էին հանրության եւ քաղաքական տարբեր շերտերի համար: Ընդ որում՝ կար մի կետ, որը անընդունելի էր բոլոր դեմ արտահայտվողների համար` պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու կետը: Չնայած գործընթացի դեմ անգամ Սփյուռքում տեղի ունեցած աննախադեպ բողոքի ակցիաներին՝ նախաստորագրումից մինչեւ Ցյուրիխյան ստորագրում արձանագրություններում մեկ բովանդակային կետ անգամ չի փոխվել. Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունները ճանաչել էր Սահմանադրությանը չհակասող: Փոփոխությունների պահով.  մասնագետները պնդում են, որ հայկական կողմը մի փոփոխություն է արել` շուստրի փոփոխություն: Այն նախաստորագրված արձանագրությունների հայերեն տարբերակում երկու տեղ մեղմված թարգմանություն է ներկայացրել (բնօրինակը անգլերեն տեքստն է): Ցյուրիխում արձանագրությունները ստորագրվել են այնպես, ինչպես որ հրապարակվել են, հարցը մտել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ, որտեղ այն պետք է վավերացվեր: Գործընթացը ՉԻ կասեցվել հայկական կողմի նախաձեռնությամբ: Գործընթացը կասեցվել է միայն այն պատճառով, որ Թուրքիան ձգձգել է Խորհրդարանում այն վավերացնելը` ԼՂ հարցում նախապայմաններ առաջ քաշելով, եւ հայկական կողմը ՍՏԻՊՎԱԾ է գնացել գործընթացը սառեցնելուն` որպես շանտաժ:

Արդյունքում՝ Թուրքիան ստացել է այն, ինչ ցանկացել է` պատմաբանների ենթահանձնաժողովի տեսքով, Հայաստանը ոչ միայն ոչինչ չի շահել, այլեւ դրանով ավելի է վատթարացրել Թուրքիայի հետ փոխհարաբերությունները, եւ դեռ մի բան էլ` հիմք է դրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ՄԱՐՄԱՆԸ: Միայն այս ԴԱՌԸ փորձը հաշվի առնելով՝ բոլորը պետք է որ արդեն համոզված լինեին, որ ում-ում, բայց Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը որեւէ դեպքում ՉՊԵՏՔ է վստահել կարեւոր որոշումներ կայացնել՝ Հայաստանի ճակատագրի հետ կապված: Քանի որ որ Սերժ Սարգսյանն ու նրա վարչախումբը միմիայն զբաղված են երկրի ներսում ամեն ինչ իրենցով անելով, դրսում՝ ծախծխելով Հայաստանի պետական շահեր

Այնինչ՝ այսօր կա ջատագովների մի հսկա բանակ, ովքեր դրոշակներով պատրաստ են հետեւել իբր դեպի Եվրոպա սլացող Սերժ Սարգսյանի հետեւից: Ինչո՞ւ, եւ ովքե՞ր են նրանք:  

  1. Ինքնաբուխ շուստրիները.

Նրանք կարծում են, որ կարելի է Սերժ Սարգսյանին «կուտ տալ» եւ «տանել ու գցել» Եվրոպայի «բերանը», եւ ապա նույն Եվրոպայի ձեռքով իշխանությունից հեռացնել Սարգսյանին: Նրանք ցանկանում են մի կրակոցով երկու նապաստակ սպանել: Այնինչ՝ չեն հասկանում, որ իրականում ոչ թե իրենք են Սարգսյանին ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, այլ, ընդհակառակը` վերջինս է օգտագործում իրենց: 

  1. Ազդեցության գործակալներ.

Նրանք ուղղակի ցանկանում են, որ Հայաստանը որեւէ լուրջ հարաբերություն չունենա Ռուսաստանի հետ, եւ նրանց խնդիրը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելն է: Բայց, չգիտես ինչու, նրանք ոչ թե պատճառի դեմ են պայքարում, այլ` հետեւանքների: Այսինքն՝ պայքարում են ոչ թե այն իշխանության դեմ, որը երկիրը Հայաստան-Ռուսաստան փոխհարգալից ու հավասար հարաբերություններից տեղափոխել է տեր եւ վասալ փոխհարաբերությունների դաշտ, այլ` միայն Ռուսաստանի դեմ: Սրանք այն մարդիկ, ովքեր կատարում են իրենց գործակալական պարտավորությունները՝ գրանտների, գրին-քարտերի, այլ պարգեւավճարների դիմաց:

  1. Քծնողներ.

Սրանք այն մարդիկ են, ովքեր այս կամ այն չափով օգտվում են իշխանության կերակրատաշտից եւ, մեծ հաշվով, թքած ունեն, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, այդ իշխանությունը դեպի ուր է  տանում Հայաստանը: Կարեւորը, որ իրենք կուշտ լինեն: Նրանք մի փոր հացի դիմաց պատրաստ են արդարացնել իշխանության ցանկացած քայլ:

  1. Վարձկաններ.

Սրանք այն մարդիկ են, ովքեր շատ լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում, ուր է գնում Սերժ Սարգսյանը, ինչ վտանգներ կարող են լինել այս կամ այն դեպքում, բայց քեշ փողով պատրաստ են այս իշխանություններին մատուցել ցանկացած ծառայություն, այդ թվում՝ պետության համար վտանգ ներկայացնող հարցերում:

Ի դեպ, հիշեցնենք միայն, որ նույն իրավիճակն էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ: Ըստ որոշ տեղեկությունների՝ արձանագրությունների օգտին ամեն մի «անկախ» փորձագետի ասուլիսը այն ժամանակ մոտավորապես 200-300 դոլար արժեր:

 

Ինչո՞ւ չպետք է կողմ լինել «չտեսած» եւ չկարդացած փաստաթղթին

 

Ավելի քան 5 տարի Սերժ Սարգսյանի իշխանության բնույթին ծանոթ ցանկացած մարդ կհասկանա, որ եթե Սարգսյանը ինչ-որ մեկի հետ համաձայնության է գալիս, եւ, առավելեւս, եթե այդ համաձայնությունը գաղտնի է պահվում, ուրեմն, այնտեղ հաստատ մի վտանգ կա: Վտանգ՝ երկրի համար: Որովհետեւ Սերժ Սարգսյանի բնույթ է այդպիսին: Նա առաջնորդվում է ոչ թե պետական, այլ իր նեղ անձնական շահերով: Իսկ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի պետական շահերը, ինչ-որ պահից բացահայտվեց, որ գենետիկորեն անհամատեղելի են: Սա անհնար է չհասկանալ: Եթե միայն չհասկանալու մեծ ցանկություն չլինի:

Սերժ Սարգսյանի իշխանությունը ամեն ինչ դիտարկում է իր բիզնես շահերի եւ վերարտադրման կոնտեքստում: Նրա ցանկացած քայլ միտված է կա՛մ ավելի շատ փող ձեռք գցելուն, կա՛մ սեփական իշխանության երկարացմանը: Սա հայտնի փաստ է: Հետեւաբար, եթե Սարգսյանը ինչ-որ մի քայլի է պատրաստվում դիմել, պետք է այդ քայլի արմատին նայել` փո՞ղ է կպել, թե՞ իշխանությունն է երկարացնելու:

Հայաստան-ԵՄ Ասոցացման այս ամբողջ պատմության հետ կապված՝ ընդամենը մի բան է հայտնի: ԵՄ-ն գումար է խոստանում` դոնորների կոնֆերանսի տեսքով: Ընդ որում՝  կոնֆերանսը, որը պետք է կայանար վերջին նախագահական ընտրություններից առաջ, հետաձգվեց, եւ այժմ նշվում է, թե այն կկայանա համաձայնագրի նախաստորագրումից հետո:

Այսինքն՝ մի բան հստակ է` ԵՄ-ն փող է առաջարկում:

Պետք է հասկանալ, ո՞ւմ են այդ փողն առաջարկում եւ ինչի՞ դիմաց:

Եթե փողը Հայաստանի զարգացման համար առաջարկում են Հայաստանի ժողովրդին, ապա Եվրոպայի համար պետք է որ որեւէ էական նշանակություն չունենար այն հանգամանքը, թե ում հետ իրենք կարող են բանակցել ասոցացման շուրջ: Եթե այդ ասոցացումը բխում է Հայաստանի պետական շահերից, ապա Եվրոպայի համար նույնիսկ ավելի նախընտրելի կլիներ, որ այդ գործը ստանձներ ժողովրդի կողմից իրապես ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Նույնը, բնականաբար, նախընտրելի կլիներ Հայաստանի քաղաքացիների համար: Այնինչ՝ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ուղղակի արագացված տեմպերով հենց Սերժ Սարգսյանի հետ է ցանկանում գնալ ասոցացման: Հետեւություն. միայն Սերժ Սարգսյանը, կամ միայն նրա իշխանության տիպի իշխանությունը կարող է համաձայնել առաջարկվող պայմաններին:

Որո՞նք են այն առաջարկները, որին կարող է համաձայնել միայն Սարգսյանը: Սա է, թերեւս, հիմնական հարցը, եւ հենց այս հարցի պատասխանը հնարավորինս գաղտնի պահելու համար է, որ փաստաթուղթը չեն շտապում հրապարակել: