13.10.2012 14:01

Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն

Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն

Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում հոկտեմբերի 15-19-ն առաջին անգամ կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն: Այն տեղի կունենա «Գրողը խաղաղության մունետիկ» կարգախոսով, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, այնպես էլ արտերկրից` Գերմանիայից, Լիբանանից, Սերբիայից, Ռումինիայից, Բուլղարիայից եւ այլ վայրերից ժամանած օտարազգի պոետներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, մասնակիցներին սպասվում է հագեցած ծրագիր. նրանք հանդիպումներ կունենան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, Արցախի պետական համալսարանում, Շուշիի գրքի տանը, Գանձասարում եւ այլ վայրերում: Կանցկացվի պոեզիայի հատուկ ժամ` նվիրված վրաց արդի քնարերգությանը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով:

Լույս է տեսել «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» վերտառությամբ պոեզիայի ալմանախ` հայերեն եւ անգլերեն լեզուներով, ուր տպագրվել են նմուշներ փառատոնին մասնակից 40-ից ավելի բանաստեղծների ստեղծագործություններից: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նաեւ ղարաբաղյան ուտեստի` Ժենգյալով հացի 5000-ամյակին նվիրված միջոցառում: Փառատոնի մասնակիցներին նախատեսվում է` կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ամփոփիչ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: