13.10.2012 14:16

Կահիրեում բախումների արդյունքում տուժել է առնվազն 120 մարդ

Կահիրեում բախումների արդյունքում տուժել է առնվազն 120 մարդ

Կահիրեի կենտրոնում երեկ ծայր առած անկարգությունների արդյունքում տուժել է 120 հոգի, այդ մասին այսօր հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Շտապ օգնության բժիշկների տեղեկությունների համաձայն՝ տասնյակ մարդիկ հիվանդանոց են տարվել հրազենային վնասվածքներով:

Հիշեցնենք, որ բախումները Թահրիրի հրապարակում սկսվել էին երեկ երեկոյան՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, երբ հրապարակում հավաքվել էին երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները: Հակամարտող կողմերի փոխադարձ վիրավորական արտահայտությունները վերաճել էին ծեծկռտուքի, այնուհետև գործի էին դրվել քարեր, քանդվել էր ելույթների համար նախապատրաստված հարթակը, հրկիզվել էին ավտոբուսներ: Միայն ուշ երեկոյան հրապարակում իրավիճակը հանդարտվեց, երբ իսլամիստներն այնտեղից դուրս բերեցին իրենց մի քանի հազար կողմնակիցներին: Մինչդեռ Մուրսիի հակառակորդները մտադիր չեն հրաժարվելու իրենց պահանջներից: Նրանք հայտարարել են անժամկետ գործադուլ սկսելու մասին և կոչ են անում լուծարել երկրի նոր սահմանադրության մշակմամբ  զբաղվող հանձնաժողովը, քանի որ նոր հիմնական օրենքը եգիպտական հասարակության բոլոր շերտերի շահերը չի ներկայացնում:

Թահրիրի հրապարակում դարձյալ վրաններ են տեղադրվել: