13.10.2012 14:49

ԱՄՆ հայկական եւ հունական կազմակերպությունները դիմել են Օբամային եւ Ռոմնիին

ԱՄՆ հայկական եւ հունական կազմակերպությունները դիմել են Օբամային եւ Ռոմնիին

ԱՄՆ հայկական եւ հունական առաջատար երկու կազմակերպություններ համատեղ կոչ են արել ԱՄՆ նախագահի թեկնածուներ, գործող նախագահ Բարաք Օբամային եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին դադարեցնել իրենց քարոզարշավներում հայակական եւ հունական հարցերի շուրջ տիրող լռությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Որպես երկու առաջատար կազմակերպություններ` մենք համախմբվել ենք հորդորելու նախագահ Օբամային եւ Ռոմնիին հրապարակայնորեն ներկայացնել մեր ժողովուրդներին վերաբերող հարցերի շուրջ այն սկզբունքները, առաջնահերթություններն ու քաղաքականությունը, որոնցով ուղղորդվելու են նրանց վարչակազմերը»,- նշել են ԱՄՆ Հելենիսական հաստատության նախագահ Նիք Լարիգակիսը եւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկայի Հելենիստական ինստիտուտը եւ Հայ դատի հանձնախումբը առանձին նամակներ են ուղղել Օբամա-Բայդն եւ Ռոմնի-Ռայն նախընտրական շտաբներին` նրանց ներկայացնելով մի շարք կարեւորագույն հարցեր եւ կոչ անելով կիսել տեսակետներն իրենց ընտրողների հետ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի Հելենիստական հաստատությունը ստեղծել են Facebook-յան համատեղ էջ` ներկայացնելու հայ եւ հույն ժողովուրդների վաղեմի եւ տեւական կապերն եւ հարաբերությունները:

Այդ երկու կազմակերպությունները ներկայացնում են ԱՄՆ-ում գրեթե հինգ մլն քաղաքացիների կարծիքը: