11.09.2012 15:11

Բուլղարիա – Հայաստան. խաղից առաջ

Բուլղարիա – Հայաստան. խաղից առաջ

Այսօր, Երևանի ժամանակով 22:00-ին, 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում տեղի կունենա Բուլղարիա – Հայաստան հանդիպումը:

Այս հանդիպմանը մրցակցող թիմերի երկրպագուները հավասարազոր լավատեսությամբ են սպասում: Եվ երկու կողմն էլ ունեն իրենց փաստարկները: B խմբի առաջին տուրում այս հավաքականների մասնակցությամբ հանդիպումների արդյունքները դրա համար հիմքեր տալիս են:

Ընդհանրապես, աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո շատերը հենց B խումբը համարեցին «մահվան խումբ»: Առաջին հանդիպումները այդ տեսակետի օգտին էին: Բոլոր խաղերն էլ անցան համառ և անզիջում պայքարում և սա, ի դեպ, միակ խումբն է, որտեղ գրանցվել է երկու ոչ-ոքի: Այնպես որ, այս խմբում գրեթե ամեն հանդիպում խոստանում է յուրահատուկ եզրափակիչ լինել, և այդպիսին կարող է լինել նաև Բուլղարիա – Հայաստան մրցավեճը;

Բուլղարիայի հավաքականը սեփական դաշտում ոչ-ոքի` 2:2  խաղաց խմբի ֆավորիտ, Եվրո-2012-ի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ: Բոլորը սա անակնկալ համարեցին, բացի բուլղարացիներից, ովքեր գտնում են, որ իտալացիներին պետք է հաղթեին: Ինչևէ, այս արդյունքը մեծ ոգևորություն է առաջացրել բուլղարական թիմի շարքերում, նրանց վստահություն ներշնչել: Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը, օրինակ նշել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում միայն հաղթանակը իրենց կբավարարի: Ավելին, Պենևը վստահ է, որ իրենց թիմը հաղթելու, մանավանդ որ Հայաստանի խաղը լավ է վերլուծել, և նրա համար մեր թիմի հետ կապված գաղտնիքներ չկան:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա Մալթայի հավաքականի հետ առաջին հանդիպումը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան` պատասխաններ: Թիմի ֆունկցիոնալ պատրաստականությունը այնքան էլ բարձր չէր, թիմային խաղ գրեթե չէր ստացվում, հենակետային գոտում բավական մեծ խոտան էր, անհասցե փոխանցումների քանակը շատ էր: Ի՞նչ էր սա. Առաջին հանդիպման սինդրո՞մը, երբ թիմը նոր-նոր է սկսում կոլեկտիվ խաղը զգալ, ավելորդ ինքնավստահությո՞ւնը, որ կապված էր Մալթայի հավաքականի թույլ լինելու հետ, մարզչական խորամանկություն, որը չցանկացավ բուլղարացիների հետ խաղից առաջ չցանկացավ ցույց տալ թիմի իրական ներուժը, թե՞ մեկ այլ հանգամանք. բոլոր այս հարցերի պատասխանները կիմանանք այսօր:

Համենայնդեպս, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նույնպես լավատեսորեն մոտենում հանդիպմանը: «Այս խաղին լավ ենք նախապատրաստված: Հավաքականի հիմնական կազմում լինելու են փոփոխություններ: Տակտիկական փոփոխություն էլ կլինի, քանի որ Բուլղարիան Մալթան չէ: Այս հանդիպմանը թիմը կխաղա այլ խաղաոճով: Մեր ֆուտբոլիստները պատրաստ են, վնասվածքներ չունեն: Ռոբերտ Արզումանյանը միայն վնասվածք ուներ, բայց ապաքինվել է: Նա այժմ գտնվում է շատ լավ վիճակում: Թե ինչպես կլինի, ցույց կտա վաղվա խաղը: Կարևորը տղաները պատրաստ են այս հանդիպմանը»:

Սպասենք և հուսանք, որ մեր տղաները ավելի հաջող կխաղան, քան առաջին տուրում:

Բուլղարիա – Հայաստան

Սեպտեմբերի 11. Սոֆիա. «Վասիլ Լևսկի» մարզադաշտ: Ժամը 22:00:

Գլխավոր մրցավար` Շտեֆան Շտուդեր (Շվեյցարիա)

William Hill բուքմեյքերական ընկերության խաղադրույքները.

Բուլղարիայի հաղթանակ`1,75 գործակից, ոչ ոքի` 3,2, Հայաստանի հաղթանակ` 5.5: