05.09.2013 15:17

Մերօրյա հեքիաթ. Սերժը Տիզբոնում «կզեց», որ մաշկը տիկ չհանեն

Մերօրյա հեքիաթ. Սերժը Տիզբոնում «կզեց», որ մաշկը տիկ չհանեն
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, հայաստանյան «անկախ» լրատվամիջոցները, ովքեր մինչ այդ փառաբանում էին դեպի Եվրոպա սլացող Սերժ Սարգսյանին, կարծես անակնկալի եկան: «Սերժ Սարգսյանը հանձնվեց», նույնիսկ՝ «ծախեց» Հայաստանը. այսպիսին էր անկախների առաջին ռեակցիան: Մեկ օր չանցած՝ արդեն «անկախները» դարձի եկան, եւ սկսվեց նոր՝ ավելի զավեշտալի քարոզչություն: Սրա հիմնական մեխն այն էր, թե Պուտինը շանտաժով ու ճնշումներով «ստիպեց» Սարգսյանին նման հայտարարություն անել: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանն, ըստ նրանց, մեղք չուներ, մեղավորը Պուտինն էր, որ ճնշեց նրան: Ընդ որում՝ ակնարկներով սույն «անկախները» մեզ հասկացնում են, թե խոսքը ոչ թե անձնական ճնշումների մասին է, այլ՝ հայրենասիրական: Այսինքն՝ ոչ թե Սերժ Սարգսյանին անձնապես շանտաժ են արել, այլ սպառնացել են Ղարաբաղի հարցով, ինչին էլ «խիստ հայրենասեր» Սարգսյանի սիրտը ուղղակի չի կարողացել դիմանալ:  

Շապուհ, Պուտին, Արշակ, Սերժ

Մերօրյա Բուզանդները, ի դեպ, պատմական անցքերը միֆականացված ներկայացնելու հարցում շատ հեռու չեն գնացել հենց Փավստոս Բուզանդից: Եթե սրանք ճար ունենային, իրենք էլ նույն ոճով կգրեին, թե երբ Սերժ Սարգսյանը գնաց Տիզբոն, կներեք ՝ Մոսկվա, եւ այնտեղ հանդիպեց Շապուհին, ավելի ճիշտ՝ Պուտինին, վերջինս «խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով էր իր մոտ հրավիրել նրան», բայց Սարգսյանի «հավատարմությունը փորձելու համար» Պուտինը՝ ի տարբերություն Շապուհի, խորամանկություն էր արել, եւ յուր խորանի հատակը չէր ծածկել նաեւ Հայաստանից տարված հողով ու ջրով, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն չունենա հայկական հողի վրա ոտք դնելով՝ հոխորտալ ընդդեմ Պուտինի եւ հայտարարել, թե «Հայաստանը պատրաստ է դիմագրավել բոլոր տեսակի մարտահրավերներին», այլ խորանին քսել էր տվել իսկական սովետական «սալո», որի վրա ոտք դնելով՝ Սերժ Սարգսյանը խեղճանում էր, խոնարհվում Պուտինի առաջ եւ զղջում դեպի Եվրոպա գնալու իր արարքների եւ հայտարարությունների համար:

Պուտինը, ըստ «անկախների» մի քանի անգամ ճեմել է Սարգսյանի հետ խորանով  եւ տեսնելով, որ Սարգսյանը արդեն բավարար չափով զղջացել է, այլեւս չի հրամայել նրան շղթայել եւ փակել Անհուշ բերդի, ավելի ճիշտ՝ Կրեմլի սենյակներից մեկում, այլ առաջարկել է համատեղ ասուլիս հրավիրել՝ Սերժ Սարգսյանի խեղճությունն աշխարհին ի ցույց դնելու համար:

Մոտավորապես այսպիսին է մերօրյա պատմիչների քարոզչությունը, որոնց արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանի «պատիվը» փրկելու մի անշնորհակալ քայլ:

Առաջարկ, որից չես կարողանա հրաժարվե՞լ

Արդեն երկու օր է՝ համացանցն ուղղակի լցված է Սերժ Սարգսյանին արդարացնելու՝ «նրան արվել է առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել» տիպի նյութերով: Հնարավո՞ր է արդյոք Սերժ Սարգսյանից շանտաժի միջոցով «այո» կորզել, եթե անգամ այդ «այո»-ն կարող է վնասել Հայաստանին: Հնարավոր է: Այս հարցում, ի դեպ, քարոզիչները չեն սխալվում: Սակայն, դրանից հետո արդեն սկսվում է խեղաթյուրումը: Հնարավոր է շանտաժ անել ոչ թե ՀՀ նախագահին, այլ՝ անձնապես Սերժ Սարգսյանին, իսկ դրանք արդեն տարբեր բաներ են: Եթե Սերժ Սարգսյանը լեգիտիմ, ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված նախագահ լիներ, նրան շանտաժի ենթարկելը կա՛մ անհնար կլիներ, կա՛մ՝ շատ բարդ գործ: Եթե անգամ նման շանտաժ անելու մի փոքր հնարավորություն էլ լիներ, ապա նա կգերադասեր «այո» ասելու փոխարեն՝ հրաժարական տալ՝ իր «այո»-ի ծանր բեռի պատասխանատվությունն իր ուսերից գցելու համար: Բայց այս դեպքում իշխանության գլխին ունենք մի անձնավորություն, ով այդ պաշտոնին հասնելու համար իր հետեւից այնքան «պոչեր» է թողել, որ դրանցից յուրաքանչյուրի վրա ոտք դնելով՝ կարելի է «ստիպել» վերջինիս գնալ ցանկացած զիջման:

Բայց դա արդեն ոչ թե ստիպողի, այլ զիջողի խնդիրն է: Ի վերջո, համաձայն չէր, թող մինչեւ վերջ «կռիվ տար», թեկուզ հրաժարականի, կամ էլ՝ քաղաքականապես «մորթազերծ լինելու, եւ տիկ հանած մաշկի մեջ ծղոտ լցնելու» գնով: 

Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը քաղաքական իրավիճակն արդեն մի այնպիսի կետի է հասցրել, որ նրան պաշտպանելու եւ նրա «կաշին փրկելու» ցանկացած փորձ ոչ թե կփրկի Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությունը, այլ պաշտպանողներին էլ հետը կտանի:

Քրիստինե Խանումյան