09.09.2013 17:21

ՀՀ ԱԳՆ-ի անգործության պատճառները

ՀՀ ԱԳՆ-ի անգործության պատճառները

Արտաքին հարաբերություններում Սերժ Սարգսյանի մշտական անհաջողություններում իր զգալի դերն ունի նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Իհարկե, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ձևավորում է երկրի ղեկավարը, ու քանի որ Սերժ Սարգսյանը երկրի ներքին խնդիրները մշտապես փորձել է լուծել արտաքին ուժերի միջոցով, դրանից էլ գալիս են հիմնական ձախողումները, սակայն այս դեպքում կան նաև այլ հանգամանքներ:

Թվում էր՝ հայ ժողովուրդը, ունենալով այդքան մեծաքանակ ու նաեւ ուժեղ սփյուռք, հնարավորություն կունենա, համագործակցելով Հայաստանի՝ արտերկրում գործող ներկայացուցչությունների հետ, Հայաստանի համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորել, սակայն նույնիսկ Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանը անզոր գտնվեց որևէ բան անելու:

Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ, ըստ էության, անգործության է մատնված. այլապես, ինչպե՞ս կարելի է գնահատել այն փաստը, որ իբր չորս տարի անընդմեջ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր են պատրաստում, իսկ վերջում հանպատրաստից ստորագրում են Ռուսաստանի կողմից առաջարկված, սակայն դեռևս չմշակված Մաքսային պայմանագիրը:

Իրականում սպասվում էր, որ այսպիսի շրջադարձի պատճառով ԱԳՆ որոշ պաշտոնյաներ կհրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոնից կամ որևէ հոդաբաշխ հայտարարությամբ հանդես կգան, քանզի այս տարիների ընթացքում Հայաստանը մեկը մյուսի հետեւից պարտություններ է կրել, ու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել:

Երևի հիշում եք, որ ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ՀՀ ԱԳՆ 11 աշխատակիցներ կոչ արեցին իշխանություններին ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, քանզի նրանք կանխատեսել էին, որ ուժի կիրառման դեպքում Հայաստանը տասնյակ տարիներով հետընթաց կապրի, որովհետեւ այդ դեպքում արտաքին ուժերը բազմաթիվ լծակներ ձեռք կբերեին Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: ՀՀ իշխանությունները ոչ միայն չլսեցին դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների հորդորը, այլեւ ընդդիմությանը իբր միանալու պատրվակով՝ այս հայտարարությունը ստորագրած դիվանագետներին ապօրինաբար ազատեցին աշխատանքից: 

Եթե դիվանագետը տեսնում է, որ երկիրը սխալ քաղաքականության պատճառով կարող է կործանվել, հենց նա էլ առաջինը պետք է բարձրաձայնի այդ մասին, ինչպես հետագայում արեց Շարլ Ազնավուրը. լինելով Շվեյցարիայում ՀՀ դեսպանը՝ նա հայտարարեց Հայաստանում տեղի ունեցող ներքին ցեղասպանության մասին:

Ազատված դիվանագետները այն մարդիկ էին, ովքեր, գիտակցելով, որ կարող են ենթարկվել զրկանքների ու բռնաճնշումների, չվախեցան բարձրաձայնել երկրին սպառնացող վտանգի մասին:

Իշխանություններն, իհարկե, շատ կուզենային որևէ քրեական տարր գտնել վերոնշյալ դիվանագետների անցյալում, որպեսզի հանրությանը ներկայացնեին, թե իբր նրանք վարկաբեկված մարդիկ էին, ու արդարացված էր աշխատանքից նրանց հեռացնելը, սակայն այդ դիվանագետներն այն մարդիկ էին, ովքեր վստահ էին, որ իրենց գործունեության ընթացքում որևէ հանցանք թույլ չեն տվել ու ամեն ինչ անում են հանուն պետականության ամրապնդման: Հենց այդ դիվանագետներն էին, որ կազմում էին ՀՀ ԱԳՆ «ողնաշարը», ինչը կոտրելուց հետո էր, որ ԱԳՆ դարձավ հաշմանդամ ու ամուլ:

Եվ ումո՞վ փոխարինվեցին նշված դիվանագետները. այն մարդկանցով, ովքեր իրենց կյանքում այնպիսի արարքներ են գործել, որ միջազգային ատյաններում դիվանագիտությունը թողած՝ պատրաստ են զբաղվել իշխանությունների կազմակերպած տարաբնույթ հանցագործությունների կոծկմամբ:

Ու հետեւաբար՝ պատահական չէ, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը դեռ մեկ ամիս առաջ հայտարարում էր Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի մասին, իսկ այժմ էլ ողջունում է այդ փաստաթութը, պատահական չէ, որ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո չորս տարի պարբերաբար քննադատում էր ՀՀ վարվող արտաքին քաղաքականությունը ու ԱԳ նախարար Նալբանդյանի հրաժարականը պահանջում, իսկ դեսպանի պաշտոնի առաջարկ ստանալուն պես համաձայնում է ծառայել իր կողմից «դավաճան» գնահատված իշխանություններին, պատահական չէ, որ նախկին ՀՀՇ-ական Արա Սահակյանը, ով հայտարարում էր, որ միայն Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման գնով Սերժ Սարգսյանը կարողացավ դառնալ ՀՀ նախագահ, այժմ պատրաստվում է տասը սպանության գնով նախագահ դարձածի նկարը փակցնել իր գլխավերևում ու իշխանությունների գովքը անել՝ նորից որպես դեսպան:

Հարցն այն է, որ այսպիսի բարոյական կերպար ունեցող ԱԳՆ-ն ունակ չէ ոչ միայն դիմակայելու թշնամական նկրտումներին, այլեւ ունակ չէ նաև լիարժեք կոչվելու արտաքին գործերի նախարարություն:

Սարգիս Ղարիբյան