10.09.2013 16:51

Սերժը Հայաստան չէ, կամ` ո՞ր Հայաստանին նկատի ունի Բիլդտը

Սերժը Հայաստան չէ, կամ` ո՞ր Հայաստանին նկատի ունի Բիլդտը

Իմ հայրեիքը տեսե՞լ ես, ասա՛…

Հովհ. Հովհաննիսյան

Եվ այսպես, իշխանական խմբակի` համ նալին, համ մեխին խփելու գավառական ճարպկության ցուցքը խափանված է: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թվիթերի իր միկրոբլոգում այլեւս վերջնական ուղերձի՛ տեսքով է հերթական գրառումն արել Հայաստանի վերաբերյալ՝ գրողի ծոցն ուղարկելով արտգործնախար Էդուարդ Նալբանդյանի տռզած թուշիկներից մեկը Ռուսաստանի, մյուսը` Եվրամիության քաշքշոցին հանձնելու՝ սերժսարգսյանական ծրագիրը:

«Համաձայնվեցինք Միրոսլավ Լարչաքի (Miroslav Larjcak, Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարար) հետ, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,- գրել է Բիլդտը՝ առանց ճշտելու, սակայն, թե ո՞ր Հայաստանի մասին է խոսքը…

Չէ՛, իսկապես. եթե Բիլդտն ու մնացած բոլոր եվրոպացիները Հայաստան ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացիներին, ապա ստիպված ենք մեկ անգամ եւս կոնկրետացնել, որ Բաղրամյան 26-ից անդին՝ իրենք Հայաստանի երեսն անգամ չեն տեսել ու երբեւէ նրա քաղաքացիների կարծիքը հաշվի չեն առել: Եւ եթե այդպես է` լավ կանեն այսուհետ ուղիղ դիմեն նրան, ում հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց գաղտնի՝ չորս տարի բանակցեցին՝ արհամարհելով այդ քաղաքացու` Ազատության հրապարակում հեղված արյունն իսկ…

Թե չէ` ինչ է ստացվում. Հայաստանի Հանրապետության քաղաքացին անգամ ամենաանորոշ ձեւակերպումներով չգիտի` ինչ ասել է օրակարգում առկա ԵՄ հետ ասոցացման պայմանագիր, բացարձակ տեղյակ չէ` ինչ է առաջարկվում իրեն ե՛ւ իբրև արժեքային համակարգ, ե՛ւ իբրև նյութական բարիք, անտեղյակ է, թե մե՛կ, երկո՛ւ, հի՛նգ, տա՛սը տարի անց ո՛ր հանգրվանում է թոթափելու իր հոգնած ոտքերի փոշին, եւ հանկարծ պարզում է, որ ինքը դուրս է թողնված բոլոր այն «օրհնությունների անձրեւից», որ այսուհետ տեղալու են միայն վրացիների եւ ուկրաինացիների գլխին…

Ազնիվ չէ, պարոնայք: Ազնիվ չէ ոտնատակ տալ մարտի մեկի տասը զոհերի արյունն ու հանուն ազատության մղած մեր պայքարը: Ազնիվ չէ Տիգրան Առաքելյանին՝ բանտում, իսկ Լիսկայի որդուն ու թիկնապահին՝ ազատության մեջ հանդուրժելը: Անազնիվ է նաեւ ձեր լուռ համաձայնությամբ, ասել է` օգնությամբ, երկիրը դատարկելը, տնտեսությունը միայն մի հանքարդյունաբերություն դարձնելն ու կոռուպցիայի մեջ թաթախելը, մեզ ամեն տեսակ հալածանքների ենթարկելն ու հանկարծ Սերժ Սարգսյանին Հայաստան ասելը:

Հրեն` ռուսները ձեզանից ավելի խելացի դուրս եկան: Այնտեղ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանն է, այլ Օստապ Իբրահիմովիչը` «идейный борец за денежные знаки», ում որեւէ հարցում ոչ թե չորս տարում, այլ ընդամենը հինգ րոպեում է հնարավոր համոզել: Գուցե նաեւ` հրամայել, ճնշել, ինչպես հիմա դուք եք լալկան կնոջ ձայնով եղերերգում…

Դե գործ մի՛ ունեցեք ճնշվածի հետ, ուրեմն: Այսուհետ եւ միշտ գործ բռնեք իրակա՛ն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացու հետ: Բացատրե՛ք` ինչ եք ակնկալում մեզանից, ու մենք էլ, ընտրված նախագահի հետ միասին, ձեզ հոդաբաշխ պատասխան կտանք: Հաշվի առեք նաեւ մե՛ր շահերն ու երազանքները:

Թե չէ ստիպված կլինենք մտածել, որ ինքնե՛րդ էիք ուզում Հայաստանում Հայաստանի հետ կապ չունեցող այնպիսի մի ռեժիմ  հաստատել, որից ազատագրումը, նույնիսկ՝ մեր գլխին թափվող նատօ-ական ռումբերի տեսքով, համարյա աստվածահաճո գործ եւ մեծագույն երախտագիտության մեծագույն առիթ նկատենք բոլոր ժամանակների համար: Ջհանդամը` թե այդ ժամանակ երկրում քանի մարդ մնացած կլինի, կամ` կլինի՞, արդյոք, Հայաստանի Հանրապետությունը: 

Իսկ ահա Ղարաբաղի մասին լռենք: Ոնց հասկանում ենք` Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ձեր modus Vivendi-ն այն հանձնել է համընդհանուր հոշոտման…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Ի դեպ, Սերժն էլ հրաշալի գիտի, որ ինքը Հայաստանը չէ: Հակառակ պարագայում` ոչ միայն մի գիշերում եվրոպացի դառնալուց հետո գոնե չորս տարի անց հարկ կհամարեր ՀՀ քաղաքացուն բացատրություններ տալ, այլեւ Կրեմլում ծեծվելուց հետո ուղերձով կդիմեր ժողովրդին, կբացատրեր` ինչու հատկապես այդ, ոչ թե բոլորովին այլ կերպ զարգացան իրադարձությունները: Նա, ում դուք Հայաստան եք ասում, նախ ի՛նքը կարիք ունի «ասոցացվել» Հայաստանին, իսկ դուք նրան, ահա, միանգամից ասոցացնում էիք Եվրոպային: Բա եղա՞վ…