13.09.2013 21:08

Ֆլեշի Բարսեղը մնացյալ օլիգարխներից եւ նույն Լֆիկից ոչնչով լավը չէ

Ֆլեշի Բարսեղը մնացյալ օլիգարխներից եւ նույն Լֆիկից ոչնչով լավը չէ

Երբ հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին վերադարձավ մեծ քաղաքականություն, առաջին բանը, որ արեց` սովորաբար պահպանողական եւ ցանկացած փոփոխության նկատմամբ զգուշավոր գործարարներին, այսպես ասած, ուղերձով դիմելն էր:

«Եթե որեւէ գործարար կամ ձեռնարկատեր անօրինական գործարքի հիման վրա տիրել է ինչ-որ սեփականության, ապա հիմնական պատիժը, դատական կարգով, պետք է կրի ոչ թե նա, այլ այն պետական պաշտոնյաները, որոնք թույլ են տվել այդ գործարքը»,- իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահը:

Բնականաբար, որոշ տգետներ ասվածը փորձեցին, չգիտես ինչու, քծնանք կամ գործարար աշխարհին դեպի ՀԱԿ կողմնորոշելու կոպիտ փորձ ներկայացնել: Մինչդեռ նախագահը, ինչպես միշտ, միայն ու միայն պետության զարգացման եւ երկրում արարող մարդու, այս դեպքում` գործարարի արդարացի արժեվորման ու նրա համար նոր պայմաններ ստեղծելու հանրային կոմպրոմիսի մասին էր խոսում:

«Այսօրվանից եւեթ` յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ»,- միտինգներից մեկում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կոմպրոմիսը մերժելու պարագայում կանխատեսելով նաեւ նրանց ապագան` «Սերժի լուծ եւ բոմժություն»:

Այն, ինչ հիմա կատարվում է, օրինակ` Սամվել Ալեքսանյանի եւ Ծածկած շուկայի պարագայում, հենց այդ կոմպրոմիսը չընդունելու եւ բոմժանալու դասական օրինակ է: Մարդը չէր կարող, չէ՞, հրացան պահել քաղաքապետի, մշակույթի նախարարի, քաղաքաշինության նախարարի վրա, հատկապես այդ գնով պահանջելով Ծածկած շուկան տրամադրել իրեն: Տվել են` վերցրել է, ի՞նչ է պատահել: Չտայի՛ն: Կամ նախապես հետեւեին այնտեղ իրականացվող աշխատանքներին: Սամվել Ալեքանյանը հո «առյուծ կաթ չէր կերել», որ քաղաքի կենտրոնում, բոլորի աչքի առաջ, համարձակվեր անել մի բան, ինչը դեմ կլիներ նույնիսկ հեռավոր մարզերի անցուդարձը  վերահսկող իշխանության ցանկությանն ու ճաշակին:

Սամվել Ալեքսանյանին, այսինքն, նույն ինքը` Լֆիկ Սամոյին, տոտալ կերպով բոմժացնում են: Ընդ որում, իրենց սիրած կերպով` առանձնակի դաժանությամբ, վերահսկելի մամուլում վրան «փոստեր բռնելով, ղժժալով»:

Ինչպես հայտնի Լիսկայի դեպքում` Լֆիկի դեպքում էլ «ղժժացողներից մեկն», ասում են, Բարսեղ Բեգլարյանն է` Ֆլեշի Բարսեղը:  Նա, ով` չնայած իր անցյալի մասին խոսելիս սիրում է որպես ժողինստիտուտի նախկին դասախոս, այսինքն` մտավորական ներկայանալ, բայց իրականում ոչնչով ավելի լավը չէ, քան Լֆիկն ու մյուսները: Շարքային բենզին վաճառող չէ՞ եղածը: Հարու՛ստ վաճառող, բայց Լֆիկի պես վաճառող: Խանութպան, այսինքն:

Մեկը, ով ժամանակին պատրաստ էր օրերով գետնից վեր չկենալ, միայն թե ՀՀՇ-ն, հետո էլ` Քոչարյանը, նկատեին իրեն: Մի մարդ, ով «կցվելով» իր հայրենակից Միխայիլ Բաղդասարովին ու նրա միջոցով ճանապարհ հարթելով, կարողացավ նույնիսկ նրա՛ն մեջտեղից հանել ու սեփական մոնոպոլիան հաստատել վառելիքի շուկայում: Ով կարողացավ ձեռք գցել «Արզնի» թռչնաբուծարանի բաժնետոմսերի մի հսկա հատված ու տարբեր դավադրություններով այլանդակել ոլորտը, ով իր «ֆլեշ պլյուսներով ու ղարաբաղ գոլդերով» հարստահարում է Ղարաբաղը` անգամ տեղի կադրային քաղաքականության մեջ քիթը խոթելով: Ով  հասցրեց բանկ հիմնադրել, ձեռքը գցել «Ալյանս» ապահովագրական ընկերությանը, իսկ որ ամենակարեւորն է` կարողացավ շինարարական բումի ընթացքում եւ դրանից հետո պետական գերակա շահը  սեփական շահի տակ անցկացնել:

Հիմա, օրինակ, քանի՞ հոգի է հիշում, թե Ֆլեշի Բարսեղը Բուզանդի փողոցում քանի հոգու դուրս շպրտեց սեփական տներից` էլիտար կառուցապատում սկսելով: Ո՞վ է գնում արխիվները քրքրում, որպեսզի պարզի, թե ինչպես Ֆլեշի Բարսեղն ու իր որդի Հայկը, կառավարության կողմից հատուկ իրենց համար ընդունած որոշումը մարդկանց քթի առաջ թափահարելով (№108, 25.01.2007թ.), չէին ուզում անգամ մի գրոշի փոխհատուցում տալ գոնե այն երեք ընտանիքներին, որոնք մինչեւ վերջ անցան դատական բոլոր պրոցեսներով: Արման, Արսեն, Կիմա Աբրահամյաններին ու Վիոլետա Սահակյանին Բարսեղն ընդամենը դատարանի որոշումից հետո Ավանի, Նոր Նորքի ու Շենգավիթի հանրակացարաններում 20 մետրանոց տարածք առաջարկեց` 70ք/մ. բնակարանի դիմաց, իսկ Արսեն եւ Նաիրա Աբրահամյանին 16-րդ թաղամասում ինչ-որ խղճուկ մի բան առաջարկվեց:

Բնականաբար` չեն հիշում: Մոռացության է մատնվել նաեւ այն, թե Ամիրյան փողոցի վրայի հերթական էլիտար կառուցապատումն ինչ խայտառակ ընթացք ունեցավ, կամ որ հիմա էլ Կոմիտաս 5-ում կատարվողն են ուզում ծածկադմբոց անել, որ չլինի` որեւէ մեկն իմանա բնակիչների հետ կատաղի պայքարի մեջ մտած իրական տիրոջ` Ֆլեշի Բարսեղի անունը:

Այնպես որ, նորից ենք կրկնում` եթե Ֆլեշի բոժմացման ժամանակը չի եկել, սա դեռ չի նշանակում, թե ինքը Լֆիկից լավն է: Գուցե նաեւ վատն է, որովհետեւ նա գոնե ոչինչ չի թաքցնում, հայրենասիրության, գյուղացիության մասին հուզիչ ճառեր չի ասում` միաժամանակ թանկուկրակ դիզվառելիքը գյուղացու վրա նաղդելով ու պետբյուջեից էլ առանձին դոտացիա ստանալով: Ոչ էլ նրա ու Տիգրան Սարգսյանի նման մեծ հավատացյալ ու մեռելոցների սիրահար է ձեւանում:

Ինչ վերաբերում է Սերժին, ապա եթե նա այս անգամ էլ կարողացավ սահմանադրական փոփոխությունների հիմքով իր իշխանությունը պահպանել, հերթը գալու է նաեւ Ֆլեշին ու մյուսներին:

Ի վերջո, Նարիմանովի ուսյալ աշակերտն ու նրա գործելակերպի լավագույն ժառանգորդը մեզանից էլ լավ է ճանաչում իր հաճախորդներին, եւ  ինչպես Բարսեղն է սիրում ասել` անգիր գիտի, որ Ֆլեշի հավատարմությունը սկսվում ու ավարտվում է բանակին, պետական հիմնարկներին մատակարարվող վառելիքի գործ կպցնելով: Կամ` բյուջետային հիմնարկների ու ԲՈՒՀ-երի աշխատավարձերն իր բանկով անցկացնելու գործարքը հաջողացնելով: Նաեւ` ագահությամբ եւ, օրինակ, անցած տարվանից` նաեւ ավտոմեքենայի յուղի ներկրումն իրենով անելով:

Քանի-քանի հոգի Տիգրան Սարգսյանի ձեռքով Ֆլեշի Բարսեղին արած հերթական նվերից հետո լքեցին Հայաստանը` զրկվելով այս դաշտում գործելու հնարավորությունից: Մարդը բռնեց` անցած տարվա վերջին միանգամից 10 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենայի յուղ ներկրեց հանրապետություն, կոպեկներ վճարեց մաքսային համակարգում, իբր, մաքսանենգության բացահայտմամբ զբաղվող իր փեսայի հսկող հայացքի ներքո, եւ խնդրեմ` մնացած ներկրողների համար մաքսազերծման գները շեշտակի աճեցին, դաշտում Ֆլեշը մնաց միայն, այդ կարեւոր հանգամանքը մուծված հարկերում որեւէ կերպ չարտացոլելով:

Հետաքրքիր է ստացվում, բայց եթե խորը մտածենք` դժբախտ մարդիկ են մեր գործարարները: Մինչդեռ բոլորը, նրանց թվում` Ֆլեշն ու Լֆիկը եւս, բոլոր հնարավորություններն ունեին առանց ստորացվելու աշխատելու, հարկերը վճարելու եւ գլուխը հանգիստ խղճով բարձին դնելու:

Լեւոն Տեր-Պետրոսյանն այս խղճուկներին հենց դա էր առաջարկում, բայց արի ու տես, որ ոմանց համար բոմժությունը կենսակերպ է:

Եվա Խառատյան