18.09.2013 11:38

Հեֆերն. Հայաստանի ղեկավարները վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը

Հեֆերն. Հայաստանի ղեկավարները վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ներկայացնում ենք հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:

«Հայաստանի ղեկավարները թե՛ հրապարակավ, և թե՛ մասնավոր զրույցներում մեզ և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը, և մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, խրախուսել և աջակցել այս պրոցեսը: Սա է հիմնարար հարցը՝ Հայաստանի ներքին բարեփոխումները, որպեսզի հայ ժողովուրդը հնարավորություններ ունենա և Հայաստանը հաջողության հասնի»:

«Հայաստանն ինքն է ընտրում իր ուղին՝ լինելով սուվերեն պետություն, և մենք էլ շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք, այսինքն՝ լինել Հայաստանի պատրաստակամ միջազգային գործընկերները, խթանել և առաջ մղել բարեփոխումները՝ հանուն Հայաստանի ժողովրդի»:

«Մենք Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենք, նաև լավ անձնական հարաբերություններ՝ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Մեր երկկողմ խորհրդակցությունները Հայաստանի հետ խորն են և ընդգրկուն, և որպես բարեկամներ՝ մենք միմյանց հետ շատ անկեղծ ենք: Ես չգիտեմ տեղի ունեցածի ողջ նախապատմությունը, և թե որոնք էին նախագահի որոշման վրա ազդած բոլոր գործոնները: Ակնհայտորեն, ես տեղեկացված չեմ եղել այդ մասին և պատճառ էլ չկա, որ ես իմանայի այդ տեղեկությունները: Խոստովանում եմ, որ մինչ բոլորովին վերջերս ակնկալում էի, որ երկու համաձայնագրերն էլ Վիլնյուսում կնախաստորագրվեն»:

 

«ԱՄՆ - Հայաստան հարաբերությունները հիմնված են մեր փոխադարձ շահերի վրա, որը, անկեղծ ասած՝ Հայաստանի հաջողությունն է: Իհարկե, մենք տարածաշրջանում այլ շահեր ևս ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում, հաշտեցում, և այլ շահեր․․․ Իրանը նույնպես դրանց թվում է: Դրանք Միացյալ Նահանգների շահերն են, որոնք մեզ համար խորապես կարևոր են, սակայն ես չեմ կարծում, որ տեղի ունեցածը որևէ կերպ ազդում է տարածաշրջանում մեր այլ շահերի վրա: Կարծում եմ, ամենամեծ հարցը հնարավոր ազդեցությունն է Հայաստանի ներքին բարեփոխումների վրա: Եվ ինչպես ավելի վաղ ասացի, երկրի ղեկավարությունը հրապարակորեն խոստացել է շարունակել այդ բարեփոխումները, և մենք շարունակելու ենք առաջ մղել այդ բարեփոխումները և աջակցել դրանց այնքանով, որքանով որ առաջ շարժվելու քաղաքական կամք կլինի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ