19.09.2013 13:01

Իրանի իշխանություններն ազատ են արձակել 11 քաղբանտարկյալների

Իրանի իշխանություններն ազատ են արձակել 11 քաղբանտարկյալների

Իրանում ազատ են արձակվել 11 քաղաքական բանտարկյալներ: Նրանցից ութը կանայք են, այդ թվում՝ փաստաբան Նասրին Սոտուդեն, ով 2009 թ. վիճելի նախագահական ընտրություններից հետո դատարանում պաշտպանել էր իրանցի ընդդիմադիր ակտիվիստներին:

Նասրին Սոտուդեն ձերբակալվել էր 2010 թ. և դատապարտվել վեց տարվա ազատազրկման՝ երկրի անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու մեղադրանքով: Սոտուդեն 2012 թ. Անդրեյ Սախարովի մրցանակի դափնեկիր է, այդ մրցանակը շնորհում է Եվրախորհրդարանը: Կալանքի ընթացքում նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի բանտային պայմանների, ինչպես նաև՝ իր ընտանիքի նկատմամբ հալածանքների դեմ:

Քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ իշխանությունների կողմից ոչ մի հայտարարություն չի արվել: Նասրին Սոտուդեի ամուսնու խոսքերով՝ բանտի աշխատակիցները երեկ երեկոյան ուղղակի տուն են բերել կնոջը:

Քաղբանտարկյալների ազատ արձակումը տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Նյու Յորք մեկնելուց մի քանի օր առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուհանին խոստացել էր, որ ազատ են արձակվելու իրանցի բոլոր քաղաքական բանտարկյալները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: