20.09.2013 13:40

Առաքել Սեմիրջյան. Ամեն ինչի մեղավորը «ուրիշներն» են

Առաքել Սեմիրջյան. Ամեն ինչի մեղավորը «ուրիշներն» են
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Արևմուտքում մի հայտնի ասույթ կա. «Բոլոր մարմնավաճառները ունեն իրենց կյանքի դժբախտ պատմությունը»: Ասույթի ամբողջ իմաստը այն է, որ ինչ մարմնավաճառի էլ հանդիպես, նա քեզ կպատմի, թե ինչու է սկսել այդ «գործով» զբաղվել. մեկը կասի՝ հայրն է մահացել, մյուսը կասի՝ մայրը, երրորդը կասի՝ ընկերն է իրեն խաբել, չորրորդը՝ հարևանի տղան, հինգերորդը՝ սովն է ստիպել, վեցերորդը՝ հիվանդ ազգականը, ու այսպես շարունակ, սակայն նրանցից որևէ մեկը չի ասի, որ գնացել է մարմնավաճառության իր թուլակամության ու ապրուստի «հեշտ» միջոց վաստակել ցանկանալու պատճառով:

Աշխարհն այնպես է ստեղծված, որ որևէ մեկն ապահովագրված չէ դժբախտությունից, ու եթե ամեն մարդ դժբախտության պատճառով իր մարմինն ու հոգին վաճառեր, աշխարհը վաղուց կործանված կլիներ: Եւ դեռ հարց է՝ այն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում վաճառել իրենց մարմինն ու հոգին, ավելի քի՞չ ցավ ու անհաջողություն են տեսել, քան նրանք, ովքեր դրանք վաճառքի են հանել:

Որևէ մեկին մեղադրելու ցանկություն չունեմ, ու յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ապագան, սակայն մարդկային այս երկու խմբերի տարբերությունն այն է, որ առաջին խմբում մարդիկ ամեն ինչի պատասխանատվությունը տեսնում են իրենցից  դուրս, իսկ երկրորդ խմբում յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար:

Ցավոք սրտի՝ Հայաստանի իշխանությունները որդեգրել են երկիրը վաճառելու ուղին, իսկ նրանց սպասարկող գործիչներն էլ ամեն կերպ փորձում են արդարացնել այդ գործընթացը: Արդարացնելը՝ ինչքան ուզում են՝ արդարացնեն, սակայն նրանց արդարացման հիմնական մեխն այն է, որ մեղավոր են բոլորը, բացի իրենցից:

Հայաստանը չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ մեղավոր են ԲՀԿ-ն, Կոնգրեսը, Պուտինը, մասոնները, սիոնիստները, համաշխարհային հանրությունը, Պան Գի Մունը, Վրաստանը..., բայց ոչ երբեք Սերժ Սարգսյանն ու իր վարած ոչ հեռատես քաղաքականությունը:

Հիմա Պուտինն ի՞նչ մեղավոր է, որ ՀՀ իշխանությունները երկիրը թալանում են, ընտրությունները կեղծում, մարդասպաններին բանտերից բաց թողնում, իսկ անմեղ մարդկանց բանտ նստեցնում, մարդկանց ունեզրկում ու ստիպում, որ անճարությունից դրդված՝ արտագաղթեն երկրից... 
Եթե Հայաստանում այս ամենը չլիներ, Պուտինը չէ՝ Օբաման ու մնացածն էլ հետը վերցրած,  ո՛չ կարող էին Հայաստանին ճնշման միջոցով խամաճիկ դարձնել, ո՛չ էլ ցանկություն կունենային ՀՀ իշխանություններին ամեն կերպ ու ուզած ձևով օգտագործել ու փչացնել...

Որևէ մեկը չի ասում, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լինեն միայն հաղթանակներ. պատմության մեջ չի գտնվի որևէ երկիր, որը պարտություն կրած չլինի, էլ չեմ խոսում մանր-մունր սխալների մասին, սակայն երբ երկրի վերնախավը կորցնում է իր արժանապատվությունը և պատասխանատվությունից խուսափելու համար իր բոլոր ձախողումները կապում է բոլորի հետ՝ բացի իրենից, երկիրը վեր է ածվում մի ամբողջական անառականոցի: Ու օտարներն էլ երկրին վերաբերվում են այնպես, ինչպես անառակատան այցելուները՝ մարմնավաճառների հետ: