21.09.2013 09:36

Ինչպես կատարվեց անկախության հանրաքվեն

Ինչպես կատարվեց անկախության հանրաքվեն

Անկախության հանրաքվեի նախապատրաստումը 1991 թվականի գարնանը և ամռանը, օրենսդրական-կազմակերպական աշխատանքներից բացի՝ ընթանում էր նաև որպես գաղափարական-քարոզչական պայքար։ Այդ պայքարը Հայոց համազգային շարժման գլխավորած ժողովրդավարական նոր իշխանությունը մղում էր այն ուժերի դեմ, որոնք անկախությունը համարում էին վտանգավոր, անիմաստ, աննպատակահարմար, համարում էին, թե դա կնշանակի «Թուրքիայի գիրկն ընկնել»։ Գաղափարական պայքար էր մղվում նաև նրանց դեմ, ովքեր համարում էին, որ անկախություն կարելի է հռչակել առանց հանրաքվեի՝ արհամարհելով ԽՍՀՄ գործող համապատասխան օրենքը։ Գերագույն խորհրդի Անկախ պետականության և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ այս թեմաներով կազմակերպվեցին լայն քաղաքական քննարկումներ: Քննարկումների արդյունքում վեց կազմակերպություն 1991թ. հուլիսի 10-ին միասնական հայտարարությամբ հրապարակեցին սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցելու և դրական պատասխան տալու հետևյալ կոչը.

«Խորհրդային Միության քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամով պայմանավորված իրադրությունը եզակի հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին իր ազատասեր զավակների կյանքի գնով վառ պահած և ազգային-ազատագրական շարժումով ոգեկոչված համաժողովրդական պայքարն իր տրամաբանական հանգրվանին հասցնելու՝ Հայաստանի Հանրապետության ազգային անկախ պետականություն հաստատելու համար: Ինքնուրույն քաղաքական կառուցվածքներ հիմնադրելուց, հողի սեփականության վերաբերյալ որոշումներ ընդունելուց և դրանք իրականացնելուց, ժողովրդավարական համակարգի ստեղծմանն ուղղված մի շարք այլ քայլերից հետո անկախ պետականության հաստատման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն է: Մեր վճռական «Այո»-ն զգալիորեն կբարելավի մեր դիրքերը միջազգային ասպարեզում, այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական սերտ կապերի հաստատման հնարավորություն կընձեռի, կստիպի ԽՍՀՄ ղեկավարությանը հաշվի նստել հայ ժողովրդի կամքի հետ: Միայն անկախ պետականության պայմաններում է հնարավոր ապահովել ազգի զարգացումը, բարգավաճումը, ազգային իղձերի իրականացումը...»։

Հայտարարությունը չստորագրեցին ՀԿԿ-ն և ՀՅԴ-ն:

ԽՍՀՄ իրավական գոյության պայմաններում, նրա օրենքներով անկախության ձեռք բերման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած ուղին բարձր գնահատականի էր արժանանում միջազգային հանրության կողմից, քանզի վերջինիս ամենամեծ մտահոգություն այն էր, որ, կայսրությունում ընթացող գործընթացները մնան վերահսկելի ու չվերաճեն անկանխատեսելի վտանգներով հղի փլուզման։ Մյուս կողմից՝ Հայաստանի ու նրա իշխանությունների միջազգային վարկը բարձրացնում էին կատարվող կառուցվածքային բարեփոխումները և ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական ու վստահ քայլերը։ Այսպես՝ «Վաշինգտոն Թայմսը» գոհունակությամբ արձանագրում էր, որ՝ «ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսանը պատրաստակամություն է հայտնել պահպանելու այն դրույթները, որոնք նախատեսված են Խորհրդային Միության կազմից դուրս գալու՝ խորհրդային Նախագահ Գորբաչովի ընդունած օրենքով («Հայաստանի Հանրապետություն», 03.08.1991): Իսկ «Նյու-Յորք Թայմսը» այդ իրողությունը ներկայացնում է բարձր գնահատականով. «Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած հեղափոխությունը խաղաղ է... Մինչ խորհրդային ժողովուրդը զանգվածաբար ներքաշվել է քաղաքական կատաղի պայքարի ու թոհուբոհի մեջ, ՀՀ նորընտիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն անկախության հասնելու միանգամայն այլ ուղի է ընտրել: Հայ առաջնորդը պառլամենտական քաղաքական գործչի այն նոր տեսակն է ներկայացնում, որը ժպտալով ընդունում է, որ պարոն Գորբաչովը, կոմունիզմի հոգնատանջ վագրին հեծած, դեռ կարող է դիմել ամբողջատիրական կառավարմանը: Այստեղ, անխնամ մայրաքաղաքի փոշոտ փողոցներում, անհերքելի է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած նոր քաղաքականության հաջողությունը, որը վերստին ոգեշնչում է այս հարավային հանրապետության ժողովրդին: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հանրաքվեն նաև միանշանակորեն հաստատելու է այն փաստը, որ ի տարբերություն այլ հանրապետությունների՝ Հայաստանը պատրաստվում է մի քանի տարվա ընթացքում ավարտել անկախության գործընթացն ու կառուցել ազատ շուկայական նոր տնտեսական հարաբերություններ ԽՍՀՄ-ի հետ: Պարոն Տեր-Պետրոսյանն այն կարծիքին է, որ միայն հռետորականությունը չի կարող հիմք հանդիսանալ անկախ գոյատևման համար»(նույն տեղում):

Հայաստանի հասարակական մթնոլորտում վերջին մեկ ամսում էական փոփոխություններ եղան։ Դրան նպաստեցին Մոսկվայում օգոստոսյան հեղաշրջման (ԳԿՉՊ) անհաջող փորձը, դրա դեմ ծառացած ժողովրդավարական ուժերի տարած  հաղթանակը, Բալթյան հանրապետությունների անկախության ճանաչումը, տարբեր հանրապետությունների կողմից անկախության հռչակումը իրենց Գերագույն խորհուրդների միջոցով և այլն։

Հօգուտ անկախության փաստարկների հիմքերը բազմապատկվեցին։ Սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակները հանրաքվեին «Այո» պատասխանելու քարոզարշավի ամենաբուռն օրերն էին: Հօգուտ անկախության՝ հայտարարություններ ու կոչեր հրապարակեցին ՀՀ Գերագույն խորհուրդը, Ամենայն Հայոց վեհափառ հայրապետ, կաթողիկոս Վազգեն Ա-ը, ՀՀՇ 3-րդ արտահերթ համագումարը, մտավորականության ներկայացուցչական հավաքը, Մշակույթի աշխատողների միությունը, Գրողների միությունը, հայրենակցական և այլ միություններ: Հօգուտ անկախության քվեարկելու կոչ արեցին ճանաչված մտավորականներ, արվեստի և մշակույթի գործիչներ՝ Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Խաչիկ Սաֆարյանը, Աղասի Այվազյանը, Վարդգես Պետրոսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Տիգրան Լևոնյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Լևոն Թոքմաջյանը, Էդուարդ Միրզոյանը, Լորիս Ճգնավորյանը, Մարո Մարգարյանը, Հովհաննես Զարդարյանը, Վարագ Առաքելյանը, Հակոբ Հակոբյանը (նկարիչ), Տիգրան Մանսուրյանը, Խորեն Աբրահամյանը, Վիկտոր Համբարձումյանը և բազմաթիվ ուրիշներ:

«Այո՛» կարգախոսով քարոզչական չորս ավտոշարասյուն ուղևորվեց դեպի հանրապետության շրջանները՝ աշխատելով անցնել բոլոր բնակավայրերով: Այս ամենի շնորհիվ առաջացած ոգևորության և խանդավառության հուժկու ալիքով հասարակության միջից արագորեն դուրս էին գալիս ամեն տեսակ վերապահումները, որ նախորդ ամիսներին ներարկվել էին Կենտրոնի ահաբեկչական գործողությունների և տեղական հակաանկախական ուժերի քարոզարշավի շնորհիվ: Հանրաքվեին մասնակցելու և դրական պատասխան տալու հաստատակամությունը դառնում էր համընդհանուր: Սեպտեմբերի 19-ին, ուշ երեկոյան, ոչ այնքան հորդորական, որքան շնորհավորական խոսքով ժողովրդին դիմեց նաև Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «....Մենք կատարում ենք վճռական քայլ, որին անմիջապես պետք է հետևի Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը։ Բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակն ազատությունն է։ Եւ միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի և հավաքական ժողովրդի ազատությունը։ Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով. մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով....» ։

Անկախության հանրաքվեն ժողովրդավարական նոր իշխանության առաջին նմանօրինակ զանգվածային ընտրական միջոցառումն էր: Կազմակերպական և նախապատրաստական ամբողջ աշխատանքը կազմակերպում էր Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Անկախության հանրաքվեն անցավ բացառիկ կազմակերպված և համաժողովրդական մեծ ոգևորության պայմաններում: Մասնակիցների և առաջադրված հարցին դրական պատասխանողների թիվը գերազանցեց բոլոր սպասելիքները: Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներից ու միջազգային կազմակերպություններից հրավիրված 117 դիտորդները միաձայն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որ անկախության հանրաքվեն անց է կացնում օրինական, և ըստ այդմ էլ՝ առաջնահերթ պետք է լուծվի նրա անկախության միջազգային ճանաչման հարցը:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրապարակեց դրա արդյունքների մասին հետևյալ հաղորդումը.

«Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. մարտի 1-ի որոշման համաձայն, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ. «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:

«Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, ամփոփելով հանրաքվեի շրջանային և քաղաքային հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների արդյունքները,

Արձանագրում է

  1. Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը՝ 2.163.967 մարդ:
  2. Քվեարկության մասնակիցների թիվը՝ 2.056.758 մարդ, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 % -ը:
  3. «Այո» քվեարկած քաղաքացիների թիվը՝ 2.042.262 մարդ, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը:
  4. «Ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը 10.002մարդ, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիաների 0,46 %-ը:
  5. Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը՝ 4129 , որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի 0,19 %-ը:

Հանրաքվեի հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից հրավիրվել են 117 դիտորդ՝ 25 երկրներից: Հանրաքվեի անցկացման ընթացքում «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» օրենքի խախտման վերաբերյալ բողոքներ չեն ստացվել:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ՝ Բ. Արարքցյան»:

Համաժողովրդական հանրաքվեի արդյունքները սեպտեմբերի 23-ին ներկայացվեցին Գերագույն խորհրդի նիստին, որն էլ այդ հիման վրա ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին իր պատմական որոշումը.

«Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին,

հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման նորմերի վրա,

նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ,

հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»:

Սեպտեմբերի 21-ը հայտարարվեց տոնական, ոչ աշխատանքային օր։ Անկախության հռչակման առիթով Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին» ուղղված դիմում: Հատկանշական է, որ դիմումը շատ հեռու է նման առիթների համար բնորոշ և սովորական պաթետիկ ոճից ու բարձրագոչ արտահայտություններից: Հանրաքվեն գնահատելով հանդերձ որպես կարևորագույն պատմական իրադարձություն՝ այն ավելի շատ ժողովրդի և երկրի առջև ծառացած ու սպասվող խնդիրների գիտակցումն ու արձանագրումն էր։

«Վերադարձ դեպի ինքնություն հեշտ չի լինելու, մենք դեռ նոր ենք սկսում քայլել ազատության ճանապարհով: Քաղաքակիրթ մարդկության անցած ուղին ցույց է տալիս, որ դա մեկ օրվա հարց չէ, և, հատկապես, դյուրին ճանապարհ չէ: Ուստի խոհեմաբար յուրացնելով առաջադեմ պետությունների փորձը՝ մենք պետք է կարողանանք պահպանել և հարստացնել մերը: Այո՛, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականության և մեր ազգային սեփական դիմագծով: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ: Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանե՛նք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Աշոտ Սարգսյան