23.09.2013 19:37

Լիզա Ճաղարյան. «Վերեւն Աստված լիներ»` էպոսագետը Լիսկայի քեռու տղան կլիներ

Լիզա Ճաղարյան. «Վերեւն Աստված լիներ»` էպոսագետը Լիսկայի քեռու տղան կլիներ

Չնայած մինչեւ էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատավճռի հրապարակումը դեռ, թվում էր, «վերեւն Աստված կա», բայց հիմա, կասկած չկա, որ Սեդրակյանի «աստվածն» իրենից երես է թեքել: Չնայած այս մարդն ինձ երբեք չի հիացրել (շա՜տ մեղմ ասած) նախագահական քարոզարշավի ընթացքում արտահայտած իր մտքի փայլատակումներով, չնայած գաղափար չունեմ` ինքն ով է, ինչու եւ որտեղից հայտնվեց ՀՀ նախագահության թեկնածուների շարքում, բայց մի բան հաստատ գիտեմ` մինչեւ հիմա ոչ ոք նույնիսկ աղոտ ենթադրություն չի կարող անել` սկսած մահափորձի ենթարկվածով, ավարտած դատավճիռ կայացրած դատավորով, թե մեր այս էպոսագետին ինչով էր խանգարում Պարույր Հայրիկյանը, որ մի օր հանկարծ արթնացավ ու որոշեց սպանել նրան:

Արդեն նույնիսկ էական չէ, թե ինչու այս տարօրինակ, շատ տարօրինակ մահափորձից հետո այդքան շատ հարցականներ ծնվեցին ու մինչեւ հիմա ողջ-առողջ սավառնում են մեր ազատ, անկախ եւ գաղջ օդում ու սպասում իրենց պատասխաններին: Իսկ պատասխանները չկան ու չկան:

Պատասխանները չկան, բայց դատավճիռն արդեն կա. Վարդան Սեդրակյանը 14 տարի պետք է նստի բանտախցում, որովհետեւ ինչ-որ մարդկանց պատվիրել է, որ սպանեն Պարույր Հայրիկյանին:

Չի հաջողվել. Պարույր Հայրիկյանը ողջ առողջ է, որովհետեւ այս դեպքում «վերեւն Աստված կա»:

Լավ, իմացանք ու հավատացինք, որ էպոսագետը պատվիրատուն է, չենք կարող չհավատալ աշխարհի ամենաարդարադատ Հայաստանի դատավորներին: Բա չիմանա՞նք, թե ինչու էր էպոսագետն այդպես տենչում Հայրիկյանի մահը: Ինքն ու Հայրիկյա՞նն էին ամենաանցողիկ ՀՀ նախագահի թեկնածուները: Չծիծաղեք. Սեդրակյանը բանտում է եւ չի կարող ձեր ծիծաղին հակադարձել, Հայրիկյանն էլ կհիշի, թե ինչքան ապերախտ է հայ ժողովուրդը, որ մինչեւ հիմա չի հասկացել, որ իր միակ փրկությունը «անկախության խորհրդանիշ»-ն է: Այսինքն` Հայրիկյանը:

Եթե նույնիսկ Սեդրակյանը հավատում էր իր պնդումներին, որ ինքը գրեթե միաձայն ընտրվելու էր Հայաստանի նախագահ, առավել ե՛ւս իրեն հեչ չէր խանգարում Հայրիկյանի մի-երկու տոկոսը: Նույնիսկ էպոսագետն էր հասկանում, որ իրեն միակ խանգարողը Սերժիկ Սարգսյանն է, որովհետեւ ամենեւին էական չէ, թե ով ինչքան ձայն կհավաքի, միեւնույնն է` հենց միայնումիայն Սերժիկ Սարգսյանն էր խլելու բոլորի ձայները:

Անձնական վրե՞ժ էր: Չէ: Պարույր Հայրիկյանը պնդում է, որ չի ճանաչել Վարդան Սեդրակյանին, եւ իրենց ճանապարհները երբեք չեն հատվել: Նույնն էլ պնդում է Սեդրակյանը: Եվ, ի դեպ, ոչ ոք հակառակը չի պնդում: Նույնիսկ` Հայաստանի արդարադատ դատարանը:

Ուրեմն, ա՛յլ պատվիրատու կա, եւ եթե Սեդրակյանի մատն իրոք խառն է, ապա տվյալ դեպքում ինքն այս մահափորձի պտւտակներից մեկն է ընդամենը:

Չէ, դատարանն այլ պատվիրատու չհայտնաբերեց: Քափուքրտինք մտած փնտրեց ու չհայտնաբերեց:

Ի՞նչ ստացվեց: Պատվիրատու չկա, Վարդան Սեդրակյանը ոչ մի դրդապատճառ չուներ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու, բայց, ըստ դատարանի, լավ է՛լ կազմակերպել է:

Եթե պատվիրատու չկար, դատապարտյալն էլ պատճառ չուներ, բայց որոշել էր աշխարհիս երեսից վերացնել իրեն ոչնչով չխանգարող մարդուն, ուրեմն` հաստա՛տ հոգեկան խնդիրներ ունի, այն էլ` շատ լուրջ:

Իսկ նման դեպքերում մարդուն տանում են համապատասխան հիմնարկում բուժելու, ոչ թե դատապարտում են ազատազրկման ու հուր-հավիտյան փակում բանտախցում:

Բայց արժե՞ այսպես երկար-բարակ մտատանջվել: Մի բան պարզից պարզ է. եթե Վարդան Սեդրակյանը լիներ Լիսկայի կամ լիսկայանման մեկի հորեղբոր կամ քեռու տղան, ապա վաղուց արդեն ազատության մեջ կլիներ: Անկախ այն բանից` ցանկացե՞լ էր սպանել Պարույր Հայրիկյանին, թե` ոչ: Անկախ այն բանից` «վերեւն Աստված կա», թե չկա: