24.09.2013 15:49

Լիզա Ճաղարյան. Հայրիկյանը տոն է, որ միշտ մեզ հետ է

Լիզա Ճաղարյան. Հայրիկյանը տոն է, որ միշտ մեզ հետ է
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Այո՛ եւ կրկին` այո՛, նորից` այո՛, վերստին` այո՛, ընդմիշտ` այո՛, անշուշտ, հարկավ եւ անտարակույս` այո՛. ես անմնացորդ հավատում եմ, որ, ինչպես այսօր մամուլի ասուլիս հրավիրած Պարույր Հայրիկյանն է ասել՝ «Հայաստանը Մաքսային միությանը բռնակցելու առաջին լուրջ քայլը այդ մահափորձն էր…»: Այդ մահափորձն էլ, «ով մոռանա` զույգ աչքով թող քոռանա»` էն էպոսագետի սանձազերծածն էր անկախության խորհրդանիշի (իմա` Պարույր Հայրիկյանի) նկատմամբ:

Բնականաբար, գիտակցում եմ նաեւ, որ եթե Ռուսաստանն է պատվիրել այդ մահափորձը, ուրեմն` սարսափում է Հայրիկյանից, ուրեմն` գիտակցում է, որ Հայրիկյանի կենդանության օրոք անհնար է, որ Հայաստանը բռնակցվի Մաքսային միությանը: Եվ ուրեմն` Հայաստանի բախտը բերել է` ասելու չէ, թե ինչքան, քանզի գլխավոր պատվիրատուին չի հաջողվել Ռուսաստանի ահուսարսափին վերացնել, եւ սին են մեր տագնապները, թե կորցնում ենք մեր արյան գնով ձեռք բերած անկախությունը: Հայրիկյանը մեզ հետ է, մեր թիկունքին, մեր անկախության թիկունքին կանգնած է Մասիս սարի պես, եւ ուր որ է` Պուտինն ու էն Բորդյուժան, որն «առաջինն ասաց, որ Հայրիկյանի վրա կատարվածը մահափորձ չէ», շուտով կիմանան, թե` գձե ռակի զիմույուտ:

Եվ թող սսկվեն ու տեղները վեր ընկնեն այն թափթփուկները, որոնք կհամարձակվեն նենգաբար հարց տալ, թե ինչու անկախության խորհրդանիշ Պարույր Հայրիկյանն Անկախության օրը ոչ միայն չառաջնորդեց հայտնի երթը, որը, ըստ որոշ պնդումների` հենց Մաքսային միությանը բռնակցվելու դեմ էր, այլեւ նույնիսկ չմասնակցեց շարքային Հայաստանի քաղաքացու նման: Պարզ է, չէ՞, նույնիսկ անմեղսունակն է հասկանում` եթե Հայրիկյանն առաջնորդեր երթը, ապա մասնակիցները ոչ թե երկու հազար կլինեին, այլ ամենաքիչը` երկու միլիոն, ու տեղում Ռուսաստանի հարցերը կլուծեինք մեկից մեկ: Ում պարզ չէ` թող հենց հիմա գետինը պատռվի, ու էդ ապերախտը մեջն ընկնի:

Ինչպես միշտ` Հայրիկյանը նաեւ ճշմարիտ, ճշմարիտ է ասում, որ «գումարը եկել է Ռուսաստանի քաղաքացուց, եւ այդ բոլոր հանգամանքները պետք է պարզվեին հրապարակային հարցաքննության ժամանակ»: Ավա՛ղ, այլեւս գաղտնիք չէ` հրապարակային հարցաքննություն չեղավ, Սեդրակյանին տասնչորս տարով ուղարկեցին բանտախուց` առանց պարզելու, թե էդ որ բենամուս Ռուսաստանի քաղաքացին էր «հարյուր հազարն» ուղարկել էպոսագետին: Ինչու չպարզեցի՞ն: Ի՞նչ եք ակնարկում: Հազա՛ր ամոթ էն սրիկա ռուսական ագենտներին, որոնք կասեն, թե Սերժիկ Սարգսյանն է ուղղորդում մեր դատարաններին, մեկ էլ կասեն, թե Հայրիկյանն էս իշխանությունների դեմ ու հատկապես Սերժիկ Սարգսյանի դեմ երբեք չի խոսի, որովհետեւ սրանք իրեն 20 միլիոն դրամ տվեցին, որ գնա ու եվրոպաների բժիշկների օգնությամբ պարզի, թե ինչու է շատ անհասկանալի ձեւով ցավում իր էն թեւը, որին դիպել էր էն ռուսական գնդակը:

Նման բաներ ասողներն ագռավներ են, որոնք օրուգիշեր կռկռում են Հայրիկյանի վրա` Աստծուն փառք տալու փոխարեն (ես ամեն օր փառք եմ տալիս` փառքդ շատ, Տե՛ր Աստված), որ էդ էպոսագետն էդքան ապաշնորհ պատվիրատու դուրս եկավ: Իսկ ահա էդ կռկռացողները չեն հասկանում ամենակարեւորը` մեր դատավորներն աննկարագրելի բարի են ու սրտից խե՜ղճ-խե՜ղճ: Իրենցից բեթար բարի ու սրտից խեղճ Սերժիկ Սարգսյանն ի՞նչ կապ ունի, ընդամենը` «դատարանն ինքնուրույն որոշեց չքննել այդ գործով վկաներին, այլ լսեց հանցագործների խնդրանքը, որ ինչ կլինի` այդ մարդկանց չհարցաքննեն, որովհետեւ վախենում էին, որ հարցաքննվելու ընթացքում այլ բաներ կբացահայտվեն, եւ իրենց գործը կծանրանա»: Հասկացա՞ք, ա՛յ անգութ, դաժան, չնչին մարդուկներ, մեր դատավորների փխրուն սրտիկները չեն դիմացել պարզապես, նրանք անսացել են վարձու մարդասպանների խնդրանքին եւ շատ չեն «խորացել», որ նրանք ոչ թե 24 տարի բանտ նստեն, այլ նստեն ընդամենը 14 տարի: Այս պարզագույն իրողությունը հասկանալու փոխարեն` ռուսական ստոր ագենտներն օրուգիշեր բարբաջում են, թե առանց Սերժիկ Սարգսյանի թույլտվության` դատավորները նույնիսկ զուգարան չեն գնում:

Չերկարացնեմ. չգիտեմ`կբռնակցվենք Մաքսային միությանը, թե` ոնց, բայց ես լեցուն եմ պայծառ ապագայի նկատմամբ հույսուհավատով, քանզի Պարույր Հայրիկյանը խոստացավ, որ հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու է, որպեսզի «չնեղացնի հայ հասարակությանը»:

Էդ ժամանակ բռնակցված-պրծած կլինենք` չգիտեմ, բայց որ հաստատ «նեղացած» չենք լինի` Պարույր Հայրիկյանն արդեն ասել է: Իսկ իր ասածն ասած է, եւ դա արդեն մեծ հաղթանակ է մեզ նման «նեղացկոտ» հասարակության համար:

Փառք Տիրոջը: