11.09.2012 16:32

Նալբանդյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի իր գործընկերոջը

Նալբանդյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի իր գործընկերոջը

Այսօր` սեպտեմբերի 11-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու եւ պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:

Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար՝ ընդգծեց, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով եւ ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:

«Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրեցին Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը: