15.10.2012 23:25

Հենրիխ Մխիթարյան. Գնալու ենք մինչեւ վերջ

Հենրիխ Մխիթարյան. Գնալու ենք մինչեւ վերջ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ինչպես նաեւ Իտալիայի հետ հանդիպմանը:

- Տոնակատարություը հիանալի ստացվեց, շատ բարձր մակարդակով անցկացվեց: Հաճելի էր այդքան մարդ տեսնել Հրապարակում:

- Դու ի՞նքդ էիր եկել միջոցառմանը:

- Այո, սկզբից մենակ էի, հետո մայրս միացավ:

- Իտալիայի հետ խաղի մասին չենք կարող չխոսել: Վարդան Մինասյանն ասել է, որ դա Հայաստանի հավաքականի լավագույն հանդիպումներից մեկն էր: Հաշվի առնելով մրցակցի կարգավիճակը, դուք լավ էիք խաղում: Ինչպիսի՞ն էին քո տպավորությունները:

- Գիտակցում էինք, որ խաղում ենք Իտալիայի հավաքականի դեմ: Շատ դժվար էր, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն ինչ անում էր լավ խաղի համար: Ցանկանում էինք արդյունքի հասնել, սակայն չստացվեց: Մենք բազմաթիվ գոլային պահեր ունեցանք, բայց իրացումը կաղում էր:

 - Բոլոր դեպքերում դուք գոլ խփեցիք: Երբ գնդակը բախումից հետո ձեր մոտ հայտնվեց, միանգամի՞ց որոշեցիք առաջ շարժվել եւ վճռել դրվագի ելքը:

- Այո, որովհետեւ այնտեղ այլ բան չէր մնում անել: Բացի այդ, մենք առաջադրանք ունեինք. ստացար գնդակը՝ անմիջապես գրոհել:

- Դու մինչեւ գարուն հրաժեշտ տվեցիր հավաքականի քո թիմակիցներին: Զրուցե՞լ եք այն մասին, որ ամբողջ պայքարը դեռ առջեւում է:

- Իհարկե: Մենք միշտ ունենք հնարավորություններ: Միանշանակ չենք հանձվելու եւ գնալու ենք մինչեւ վերջ: