27.09.2013 15:57

iLur Բլոգ. Խոսքիդ տեր կանգնիր

iLur Բլոգ. Խոսքիդ տեր կանգնիր

Գեմաֆին Գասպարյան

Հրապարակային խոսքի անպատասխանատվությունը արդեն կոկորդիս է նստում. երբ փողոցում որևէ բան ես ասում և պատասխան չես կարողանում տալ՝ գլխիդ ուտում ես, հեղինակազրկվում ես, և հաջորդ անգամ քո խոսքին էլ ոչ ոք լուրջ չի մոտենում: Էս կանոնը չի գործում հրապարակային խոսքի պարագայում՝ ով ինչ ուզում ասում է, առանց հիմնավորման, լղոզելով, ու էս համախտանիշը չի ճանաչում ոչ մի բևեռ, էնքան որ էս պահին էս է պետք, կամ էս հնչեղ է, կամ էս պահին ընդունելի կլինի, կամ էս պահին…

Պետրոսը Ղազարյան իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին, ու խոսում էին տարբեր թեմաներից՝ է՛լ դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու, է՛լ արտագաղթի դեմ պայքարի, առաջացման պատճառների ու էդ պատճառների վերացման մասին: Իմացանք, որ Էդ. Նալբանդյանի հրաժարականը դաշնակցության օրակարգից հանվել է և այլն ու այլն:Մեկ էլ մեր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը ասում է, որ ինքը ճանաչում է թմրամոլ, կաշառակեր պաշտոնյաների, բայց քանի որ նրանց անունները բարձրաձայնելը գործին չի օգնում, ինքը ձեռնպահ կմնա անուններ տալուց, որ գործը առաջ գնա: Այս հայտարարությունը հրապարակային է ասվել, այսինքն՝ մարդը գիտի քրեական օրենսգրքի՝ 

«Հոդված 271. Թմրամիջոցներ գործածելը

1. Առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

և

Հոդված 311. Կաշառք ստանալը

1. Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»՝

 հոդվածների տակ ընկնող հանցագործների և գաղտնի է պահում դա: Չմոռանանք, որ հոդված կա հանցագործության մասին իմանալ-չհայտնելու վերաբերյալ: Ու այս հայտարարությունը հնչում է անմիջապես արտագաղթի պատճառները թվարկելուց հետո, որտեղ նույն պատգամավորը հնչեցնում է արդարության պակասի և ապագայի հանդեպ անորոշության թեզերը:

Երբ քաղաքացին է իր խոհանոցում կամ տաղավարում խոսում տարբեր բաների մասին, նրան կարելի է: Երբ ես չեմ խոսում տարբեր բաների մասին, դա իմ իրավունքն է, ես պարտավորված չեմ, ունեմ կյանքի իմ ընկալումները և սկզբունքները, չեմ դարձել պատգամավոր և ուխտել օրինավոր լինել: Իսկ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորը պարտավոր է իմանալու դեպքում դիմել դատախազություն գոնե: Թե՞ զապադլոյա:  Եթե զապադլոյա, էլ ինչի՞ ես պատգամավոր դարձել:

Դաշնակցական շատ ընկերներ ունեմ, ընկերներիս սիրում և հարգում եմ: Զարմանում եմ նրանց համբերության վրա: Մեկ-մեկ էլ միասին զայրանում ենք: Է հետո՞, որքա՞ն կարելի է լուրջ պոտենցիալ ունեցող կուսակցությունը վարկաբեկել:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները