02.10.2013 12:46

Լիզա Ճաղարյան. Մեծ կանխազգացող է, բայց ոչ մի գնով չի կանխազգում իր ինքնաոչնչացումը

Լիզա Ճաղարյան. Մեծ կանխազգացող է, բայց ոչ մի գնով չի կանխազգում իր ինքնաոչնչացումը

Չնայած հազարամյա նաիրցուն ձանձրալիորեն քաջածանոթ Արարատյան դաշտի երեկվա լուսապայծառ առավոտը մեծ խառնաշփոթ չէր խոստանում, բայց, փաստորեն, պատահեց: Նույնիսկ նախազգուշական ամպրոպ չեղավ, սև-սև ամպերը չդիզվեցին քաղաքամայր Երևանի գլխին: Միանգամից, առանց նախազգուշացնելու, առանց հաշվի առնելու, որ հնամյա ազգ ենք, ինչը նշանակում է` հոգնած ենք ու նյարդային, մեծադղորդ կայծակը շանթահարեց Հայոց խաղաղ երկնակամարը, և մի պահ թվաց (դա, ի դեպ, պատմական պահ էր, հանկարծ ուխտադրժորեն մտահան չանեք)` ժամանակը կանգ առավ… Ավելի ճիշտ` քարացավ հանկարծահաս հարվածից:  Ու վեր հառնեց դժնատեսիլ ապառաժի նման: Հազարամյա Նաիրին էլ, բնականաբար, հառաչեց սրտակոտոր:

Ամեն դեպքում՝ կանխազգացող եղել էր, որ նման բան լինելու է: Ճիշտ է, իր կանխազգացման մասին նորօրյա Նոստրադամուսը տեղեկացրեց Արարատյան դաշտի մթնդած իրիկնահացից հետո` պատմաբեկումնային լուսանկարի կերպարանքով, ոչ թե, խնայելով հոգնածների և նյարդայինների քայքայված առողջությունը` հենց այդ նույն կայծակնահարված առավոտյան, բայց ո՞վ կհամարձակվի կասկածել, թե նրա շուրթերից, ճշմարտությունից բացի, այլ բան կարող է ժայթքել:

Եվ այսպես` ի՞նչ էր պատահել:

Ազգային ժողովում դատախազ էին ընտրում: Ընտրեցին-պրծան` ինչը կասկած չէր հարուցում, քանի որ բոլորին է հայտնի, որ Սերժիկ Սարգսյանի դակիչները մեծամասնություն են կազմում, և կանխազգացողը նետվեց համակարգչի մոտ, որ ֆեյսբուքաազգին հանելուկ առաջարկի` երկու խմբակցություն հայտարարել է, որ «դեմ» է քվեարկելու, բայց պարզվել է` ընդամենը երեք դեմ կա: Ինչո՞ւ, օրինակ, կանխազգացողը չէր նշել նաև, որ երկու «անվավեր» կա, որոնք, ըստ տեղեկությունների, նույնպես «դեմ»-երի շարքից էին, ինչո՞ւ է նրա հոգում  հաղթել կանխազգացողը, ոչ թե` ԱԺ պատգամավորը, որն, օրինակ, կարող էր կասկածել, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներն են կեղծվել, ինչն այնքան սովորական բան է ռոբասերժիկյան ժամանակների համար, և պահանջեր` վերահաշվարկ անել: Կամ` պարզապես համեստորեն իր տարակուսանքը հայտներ լրատվամիջոցներին:

Ոչ: Կանխազգացողը նետվել էր համակարգչի գիրկն ու հանելուկ երկնել` «կանխազգալով», որ այդ հանելուկից հետո իր ֆեյսբուքյան «լեգեոնը», մոռացած զանազան «վճռականների» և «բադգամավորների», թուրկեծակիները թափահարելու է միմիայն մեկ ուժի դեմ` Հայ ազգային կոնգրեսի, ինչն էլ հենց անվեհեր կանխազգացողի գերխնդիրն էր:

Ով է դեմ քվեարկել, ով` կողմ, չվիճարկենք: Դատելով պնդողների առատությունից` «երեք+երկու» թիվն անվերջության է ձգտում: Բոլորին տրված չէ կանխազգացող ծնվել, որ նախապես կեցվածք ընդունեն ֆոտոխցիկի առջև` քվեաթերթիկի հետ գիրկընդխառն: Եղածը եղած է, և Ֆեյսբուքին ու լրատվամիջոցներին մնաց այսպիսի արտահայտություններով քարացած ժամանակին հարություն տալ` ավելի քան վստահ եմ, որ..., ես հիմք չունեմ կասկածելու, որ…, պարզ չի՞, որ…, ինքը տղայա… և սրանց նման այլևայլ դատողություններով:

  Եվ մեկ էլ մնաց հերթական տհաճագույն նստվածքը, թե ինչպես կարող է մարդ արարածը, սեփական թանկագին «ես»-ի հանդեպ հիվանդագին սիրուց ու փառասիրությունից կուրացած, առաջ վազել` ճանապարհին կոխկռճելով ամեն սուրբ բան, որի մասնակիցն է եղել նաև ինքը: Ինչպես կարող է սեփական անփոխարինելիությունը վկայելու մոլուցքից սթափ գիտակցությունը մթագնած` հրճվել այն մարդկանց էժանագին բաժակաճառերից, որոնք իր դժվարին օրերին գետնի տակն էին անցել, և սմբակահարել նրանց, ովքեր իր կողքին են եղել: Ինչպես կարող է այնքան անգթորեն ինքնաոչնչանալ, որ նույնիսկ իր հակառակորդների սիրտը ցավի…

Կարող է և պատահել է: Շարունակելու է պատահել: Բոլոր նախանշանները կան, որ կանխազգացողը կանգ չի առնելու, շարունակելու է նույն կատաղի արագությամբ գահավիժել: Հենց ի՛ր «բաժակակիցների» ջերմեռանդ օգնությամբ: 

Ի՞նչ ասենք… Օղորմի: