04.10.2013 14:40

Քրիստինե Խանումյան. Ս.Սարգսյանի եվրամետամորֆոզները

Քրիստինե Խանումյան. Ս.Սարգսյանի եվրամետամորֆոզները

Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանում, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման օրոք երկու անգամ է ելույթ ունեցել: Առաջին անգամ՝ 2011 թվականի հունիսին, երկրորդը՝ օրեր առաջ: Ու թեեւ բովանդակային առումով եւ մեծ հաշվով երկու ելույթներն էլ կարելի է դեմագոգիկ տեքստ համարել՝ լսարանի ականջին հերթական անգամ «լապշա» կախելու համար, այդուհանդերձ, անգամ այդ դեպքում ելույթներն ունեն մի շարք կարեւոր առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել:

Առաջին եւ ամենակարեւոր առանձնահատկությունը, թերեւս, երկու ելույթների ակնհայտ տարբերվող ֆոնն ու տոնայնությունն է: 2011-ին Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ակնհայտորեն ու անթաքույց քծնում էր Եվրոպային եւ հայտարարում, թե եվրոպական արժեքները Հայաստանի համար այլընտրանք չունեն, որ դա Հայաստանի համար ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության հարց է, խոսում զիջումների գնալու պատրաստակամությունից՝ ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս անգամ Սարգսյանի «տոնն ու լեզուն» ակնհայտորեն փոխվել են: Եւ դա այն պատասխանն է, որը ստացել են եվրաչինովնիկները Սարգսյանին տարիներ շարունակ գուրգուրելու եւ հետը «սիրաքշտիկներ անելու»  համար:

«Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական և անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլև լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական և ապօրինի շրջափակումը մեր երկու հարևանների կողմից): Բայց բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր հասարակությունը գիտի, թե ուր է գնում և ինչու է ընտրել զարգացման հատկապես այդ ուղին: Մենք վերադառնում ենք եվրոպական քաղաքակրթական-մշակութային տարածք, որտեղ եղել ենք դարեր շարունակ` ակունքներից սկսած»,- 2011-ին ասում էր Սարգսյանը:

Մեծ հաշվով՝ ոչնչի մասին այս ելույթով Սերժ Սարգսյանը փորձում էր հավատացնել եվրոպական պատգամավորներին, թե Հայաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որն այն ժամանակ դեռ բանակցությունների փուլում էր, եւ հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը գտնվում էր եվրաչինովնիկների աննախադեպ քնքշանքի կենտրոնում:

Իսկ այժմ, ահա, Սարգսյանն ասում է, թե «Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն: Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար»: Ապա հավելում է. «Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել»:

Ասել կուզի՝ էն ժամանակ խոստանում էինք, հիմա արդեն մեր խոստացածն իրականություն ենք դարձրել, ու այստեղ եվրաչինովնիկներին մնում է միայն թուլանալ ու հաճույք ստանալ՝ հիշելով Սերժ Սարգսյանի հասցեին քանի տարի շռայլած հաճոյախոսությունների խորը եւ համապարփակ փաթեթները: Բաց է մնում միայն այն հարցը, որ նույն Սարգսյանն էր ընդամենը երկու տարի առաջ խոսում հենց ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության մասին: Միջազգային հարաբերություններում անվստահելի ու ոչ կայուն գործընկերը հենց այսպե՛ս է լինում: Բայց դե՝ արդեն ուշ է, եվրոպացիներն էլ բողոքելու տեղ չունեն:

2011-ին Սերժ Սարգսյանը դեռ խոսում էր 2008-ից՝ ասելով, թե «2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը»:

Այս անգամ 2008-ը Սերժ Սարգսյանի բառապաշարում բացակայում էր:

Ընտրությունների վերաբերյալ Սարգսյանն այն ժամանակ դեռ խոստումներ էր տալիս: Իբր: Ասում էր. «Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետևողական աջակցության և խորհրդատվության համար: … Ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում և ամրապնդեն մեր ձեռքբերումները»:  

Իսկ այս անգամ արդեն ասում էր, թե «Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները: Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում ՝Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին՝ Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ»:

Պարզ ասած՝ սեփական շահերը հետապնդող եւ բարտերային գործարքի գնացած (լավ գնահատականներ՝  իրենց շահերը սպասարելու դիմաց) եվրոպացիների սուբյեկտիվ գնահատականները ընտրությունների վերաբերյալ հնարավորություն տվեցին այս անգամ Սերժ Սարգսյանին խոսել լրիվ այլ լեզվով: Եվրոպացիներին նորից մնում է թուլանալ ու հաճույք ստանալ՝ քաղելով իրեն ցանածի պտուղները:

Հայ-թուրքական հարաբերությունների մասով Սարգսյանն 2011-ին ասում էր. «Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարևոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլև ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգևորիչ և մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի

Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումըԱյդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել»:

Իսկ այս անգա՞մ:

Այս անգամ Սերժ Սարգսյանը, որի թեթեւ ձեռքով Ցյուրիխում ստորագրվեցին Ցեղասպանությունը հարցականի տակ դնող արձանագրությունները, խոսում էր արդեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակմությունից, այլ՝ Ցեղասպանությունից:

«Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին»:

Ահա այսպիսի քաղաքական մետամորֆոզներ. մեզ համար՝ բնական ու սպասելի, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր Սարգսյանի «քաղաքական» տեսակը, եվրոպացիների համար՝ շոկային, բայց,ինչպես ասում են, իրենք բորշը եփել են, իրենք էլ թող ուտեն այն: Ի տարբերություն եվրաչինովնիկների՝ ՀՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանին երբեք «պրիզնատ չեն եկել»՝ որպես Հայաստանի նախագահ: