16.10.2012 17:31

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի հավաքականը Իսպանիայի հետ խաղին «տակը լցրած էր» մտել խաղադաշտ

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի հավաքականը Իսպանիայի հետ խաղին «տակը լցրած էր» մտել խաղադաշտ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ հոկտեմբերի 12-ին Մինսկում Իսպանիայի հավաքականին 0:4 հաշվով պարտվելու համար: «Այդպիսի խայտառակություն, ինչպիսին մեր խաղն էր Իսպանիայի հետ, թեկուզ՝ աշխարհի գործող չեմպիոնի, ես վաղուց չէի տեսել: Կներեք, «տակը լցրած» դուրս գալ խաղադաշտ: Դողդողացող ոտ ու ձեռով»,- հայտարարել է բելառուս առաջնորդը:

«Վրաստանը իսպանացիների հետ պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը, պատահական գոլ բաց թողեց, իսկ մե՞նք»,- ասեկ է Լուկաշենկոն:

Ընդ որում, երկրի ղեկավարը ընդգծել է, որ հատուկ այդ խաղի համար վարչական լծակների շնորհիվ իշխանությունը «Դինամո» մարզադաշտում գրեթե 40 հազար մարդ է հավաքել, որը ֆուտբոլիստներին լրացուցիչ լիցք պետք է հաղորդեր:

«Տեսե’ք, ես խաղի համար ժողովուրդ եմ բերել, իսկ ի՞նչ ստացանք: Իսկ հիմա փոխանցեք իմ ողջույնները նրանց ու ասեք, որ այդ ես եմ նրանց խաղին ժողովուրդ բերել մարզադաշտ: Բայց նման բան այլեւս չեմ անի: Վրաստանի հետ խաղին ինքներդ  մարդ հավաքեք»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում telegraf.by-ն:

Նշենք, որ  2014 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի Բելառուս – Վրաստան հանդիպումը կկայանա այսօր: