09.10.2013 18:17

Ինչպե՞ս են խաղում 2013-2014 մրցաշրջանի 20 ամենաթանկ ֆուտբոլիստները

Ինչպե՞ս են խաղում 2013-2014 մրցաշրջանի 20 ամենաթանկ ֆուտբոլիստները

2013-2014 թթ. ամառային  տրանսֆերային պատուհանը կարելի է համարել վերջին տասնամյակի ամենահետաքրքիրը, և ոչ միայն ռեկորդային գումարներով տրանսֆերների պատճառով: Օգտվելով ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից՝ տեսնենք, թե ինչպես են իրենց դրսևորում այս տրասֆերային պատուհանի 20 ամենաթանկ խաղացողները:

20. Տյագո Ալկանտարա «Բարսելոնայից»՝ «Բավարիա», 25 մլն

Իսպանաբրազիլացու տրանսֆերը ի սկզբանե համարվում էր Գվարդիոլայի անձնական քմահաճությունը՝ իրենք բավարացիները չէին հասկանում՝ ինչ կարիք կա նոր խաղացող գնել այն գոտում, որտեղ նրանք որևէ ակումբի չեն զիջում, բայց բավարարեցին Պեպի ցանկությունը՝ հաշվի առնելով նաև Տյագոյի ոչ այդքան թանկ արժեքը:

Տյագոն վատ չսկսեց, և «փիլիսոփան» հենց նրան էր դիտարկում որպես հիմնական հենակետային, ինչը բավականին տարօրինակ էր «Բավարիայի» համար: Մինչ վնասվածքը անցկացրած խաղերում հասցրեց ցուցադրել և՛ իր բարձր որակները, և՛ նյարդայնացնել գերմանացիներին գնդակի հաճախակի կորստներով: Եթե այսպես շարունակի, դժվար թե կարողանա վերածվել մեկնարկային խաղացողի:

19. Ալվարո Նեգրեդո «Սևիլյայից»՝ «Մանչեստեր Սիթի»,  25 մլն

Իսպանացին դեռևս պայքարում է Ձեկոյի հետ «Սիթիի» հիմնական կազմում Ագուերոյի կողքին տեղ գտնելու համար: Դարձել է 4 գոլի հեղինակ՝ 3-ը «Պրեմիեր լգայում», 1-ը ՉԼ-ում: Պետք է ավելացնի՝ ԱԱ 2014 ուղևորվելու համար:

18. Ստևան Յովետիչ «Ֆիորենտինայից»՝ «Մանչեստեր Սիթի» ,26 մլն

Յովետիչը կարող էր հայտնվել «Յուվենտուսում», և Անգլիայում անցկացրած առաջին ամիսները ստիպում են մտածել, որ դա ճիշտ տարբերակը կլիներ: Պելեգրինին այդքան էլ չի վստահում նրան՝ նախընտրելով Ձեկոյին կամ Նեգրեդոյին: Դեռևս հնարավորություններ կունենա:

17. Հենրիխ Մխիթարյան, «Շախտյորից»՝ «Բորուսիա Դորտմունդ» 27.5 մլն

Համադրելով տրանսֆերային արժեքն ու տաղանդը՝ «Բորուսիան» Գյոտցեին փոխարինելու ավելի լավ տարբերակ դժվար գտներ: Մխիթարյանի միակ վատ կողմը դեռևս ստաբիլության բացակայությունն է՝ «Բունդեսլիգայում» շատ լավ և լավ ելույթներին հաջորդում են միջին և վատ խաղեր ՉԼ-ում:

16. Ռոբերտո Սոլդադո, «Վալենսիայից»՝ «Տոտենհեմ» 30 մլն

Մեկնարկեց 3 խաղում 3 գոլով, ինչից հետո խաղ առ խաղ ավելի վատ հանդիպումներ է անցկացնում, ընդհուպ՝ մինչև այն, որ Վիլաշ-Բոաշը «Պրեմիեր լիգայի» վերջին խաղում իսպանացուն թողեց պահեստայինների նստարանին:

15. Էրիկ Լամելա, «Ռոմայից»՝ «Տոտենհեմ» 30 մլն

Արգենտինացին, ում մասին խոսում էին, երբ նա դեռևս 12 տարեկան էր, համարվելով «Ռոմայի» առաջատարներից մեկը՝ ստիպված էր լքել «Հավերժական քաղաքը» «գայլերի» քաղաքականության պատճառով:

Թվում էր, թե «Տոտենհեմը» իր այս կազմով ունակ է լինելու Անգլիայում հավակնել նույնիսկ Չեմպիոնությանը, իսկ «Ռոման» մաքսիմում կպայքարի «Եվրոպայի լիգայում» տեղ գրավելու համար: Իրականությունն այն է, որ «Ռոման» «Սերիա Ա-ի» առաջատարն է, իսկ «Տոտենհեմը» «Եվրոպայի լիգայի» գոտում է…

Ինքը Լամելան մեկ-երկու լավ հանդիպում անցկացրեց, բայց դեռ չի կարողանում հաղթահարել իր մասին ձևավորված «ապագայի խաղացող» կարծիքը: ԱԱ 2014-ում դժվար թե հայտնվի:

14. Իսկո «Մալագայից»՝ «Ռեալ Մադրիդ» 30 մլն

Փայլուն մեկնարկ, միջին շարունակություն: Կոչված է Օզիլի փոխարեն ստանձնել «սերուցքայինների» ուղեղի դերը: Սպասվածից շատ գոլերի հեղինակ է դառնում, կատարում է նաև գոլային փոխանցումներ, բայց Օզիլից դեռևս շատ հեռու է: Ձախողեց «Ռեալի» մինչ այս պահը կայացած կենտրոնական խաղը «Ատլետիկոյի» դեմ. թերևս պետք է նշել, որ Անչելոտիի թիմից միակը չէր, ով վատ խաղաց «ներքնակավորների» դեմ: Բրազիլիա մեկնելու ավելի շատ շանս ունի, քան Տյագոն:

13. Մարկինյոս, «Ռոմայից»՝ ՊՍԺ 31.4 մլն €

Տյագո Սիլվայից դեռևս շատ բան ունի սովորելու, բայց Բրազիլիայի հավաքականի ավագին իր պոտնցիալով չի զիջում: Մի փոքր անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ տեղեկատվություն տարածվեց Մարկինյոսի հեպատիտի մասին: «Ապագայի խաղացող» է, ով հիմա էլ մեծ օգուտ կտա Բլանի թիմին:

12. Մարուան Ֆելայնի, «Էվերտոնից»՝ «Մանչեստեր Յունայթեդ», 32.4 մլն €

ՄՅՈՒ-ն այսպես թե այնպես պետք է գեթ մեկ կառուցող գներ, իսկ Մոյեսը նույն սկզբունքով իր հետ Մանչեստեր պետք է տեղափոխեր «Էվերտոնից» որևէ մեկին: Ֆելայնին լավ է պայքարում գնդակի համար, ֆիզիկապես հզոր է և գոլերի հեղինակ կարող է դառնալ, բայց սա այն խաղացողը չէ, ում փնտրում էին Մանչեստերում: Հնարավոր է՝ երբ Մոյեսը կարգավորի ամբողջ թիմի մարզավիճակը, կկարգավորվի նաև բելգիացու խաղը:

11. Վիլիան, «Շախտյորից»՝ «Չելսի», 35.5 մլն €

Կիրակի օրը բացեց իր գոլերի հաշիվը «ազնվականների» կազմում: Դեռևս հեռու է իր լավագույն մարզավիճակից, բայց երևում է, որ իր կարգով համապատասխանում է Մոուրինյոյի պահանջներին, ով նրան վերջին պահին փախցրեց «Տոտենհեմից», երբ Վիլիանը արդեն բուժզննում էր անցել վերջիններիս կազմում:

10. Մարիո Գյոտցե, «Բորուսիա Դորտմունդից»՝ «Բավարիա», 37 մլն €

Մինչ այս պահը կարելի է այս տրանսֆերը որակել որպես մեծ հիասթափություն: Սկզբում Մարիոն բուժվում էր վնասվածքից, իսկ ապաքինվելուց հետո ականատեսն է նրա, թե ինչպես է Գվարդիոլան նույն Շաքիրիին ավելի շատ վստահում, քան իրեն: Պետք է շատ աշխատի և համբերատար լինի. մինչդեռ ասում էին, թե Պեպը նրանից երկրորդ Մեսսի է ստանալու:

9. Գոնսալո Իգուաին, «Ռեալ Մադրիդից»՝ «Նապոլի», 37 մլն €

Հեռացավ Մադրիդից այնպիսի մի տեղ, որտեղ նրան ավելի շատ կգնահատեն, և որտեղ նա կարող է իրեն ավելի շատ որպես առաջատար դրսևորվել: Այժմ վնասվածք ունի, բայց թե՛ «Սերիա Ա-ում», թե՛ ՉԼ-ում ապացուցում է, որ առաջնակարգ հարձակվող է, ում պակասում էր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

8. Ասյեր Իլյարամենդի, «Ռեալ Սոսյեդադից»՝ «Ռեալ Մադրիդ», 39 մլն €

Հավակնում է համարվել մրցաշրջանի ձախողումը: Ընդհանրապես, երբ սկսեցին Ասյերի՝ Մադրիդում հայտնվելու մասին խոսակցությունները, տպավորություն կար, որ Ֆլորենտինոն պարզապես ցանկանում է իսպանացիներ գնել, իսկ մանրամասները, թե ինչ դիրքի և արժեքի՝ նրան չեն հետաքրքրում: Ալոնսոյին զիջում է բոլոր խաղային գործոններով,  չի երևում նաև Խեդիրայի կողքին: Մոդրիչը վերածվել է անքննարկելի մեկնարկային կազմի խաղացողի, ինչը բասկի ապագան Մադրիդում ավելի մշուշոտ է դարձնում:

7. Ֆերնանդինյո, «Շախտյորից»՝ «Մանչեստեր Սիթի», 40 մլն €

Պելեգրինին ամեն կերպ փորձում է վստահություն հաղորդել բրազիլացուն, բայց Ֆերնանդինյոյի այն խոսքերը, որ նա արդեն իսկ կարոտում է Ուկրաինան, շատ բան են ասում այս տրանսֆերի մասին:

6. Խամես Ռոդրիգես, «Պորտոյից»՝ «Մոնակո», 45 մլն €

Ի տարբերություն «Պորտոյում» նրա խաղընկեր Մոուտինյոյի՝ Խամեսը ստիպված էր նվաճել իր տեղը Ռանյերիի թիմի մեկնարկային կազմում: Առաջին խաղերում այդքան էլ լավ ելույթներ չէր ունենում, բայց վերջին տուրում տեղի ունեցած «Սենտ Էտիենի» դեմ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:

5. Մեսութ Օզիլ, «Ռեալ Մադրիդից»՝ «Արսենալ», 50 մլն  €

Որքան էլ որ Անչելոտին պնդի, թե նրանք Օզիլի կարիքը չունեն, բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչու նա վաճառվեց «զինագործներին»: Ռեմսիի հետ նրանք «Արսենալին» հասցրեցին «Պրեմիեր լիգայի» առաջին հորիզոնականին, երևույթ, որ մինչ Օզիլի՝ Լոնդոնում հայտնվելը կարող էր ֆանտաստիկա թվալ: Միանշանակ՝ մրցաշրջանի լավագույն գործարքներից մեկը:

4. Նեյմար, «Սանտոսից»՝ «Բարսելոնա», 57 մլն €

Լավագույն տրանսֆերը՝ եթե համադրենք տրանսֆերային արժեք + տաղանդ: Իսկ որքա՞ն շատ էին կասկածները բրազիլացու հեռանկարի վերաբերյալ: Եվրոպայում Նեյմարին համարում էին երկրորդ Դենիլսոն կամ երկրորդ Ռոբինյո, բայց Բարսայում անցկացրած ամսիներից հետո բրազիլացին հավակնում է դառնալ երկրորդ Մեսսին, ոչ թե իր խաղաոճով, այլ իր հանճարեղությամբ: Երկար դադարից հետո կարծես թե Ռոնալդուն և Մեսսին նոր մրցակից ունեն. Երկրորդի բախտը բերել է, որ նա իր կողքին է, և ինչպես ինքը բրազիլացին է պնդում, «եկել է, որպեսզի օգնի Մեսսիին՝ ավելի ուժեղ դառնալ»:

3. Ռադամել Ֆալկաո Ատլետիկո Մադրիդից»՝ «Մոնակո», 60 մլն

Կոլումբիացու համար տարբերություն չկա, թե որտեղ է խաղում, միևնույն է, նա խփելու է և խփելու է շատ: Օգնում է «Մոնակոյին» հավակնել Ֆրանսիայում չեմպիոնության, բայց վերջերս ավելի հաճախակի են այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Ֆալկաոն ցանկանում է վերջապես գրանդ ակումբում հանդես գալ:

2. Էդինսոն Կավանի, «Նապոլիից»՝ ՊՍԺ, 64.5 մլն

Ուրուգվայցին դժվարություններ չունեցավ՝ ՊՍԺ-ի աջ թևում հայտնվելու հետ կապված: Իր խաղով ստիպում է, որ ոչ միայն փարիզցիների ղեկավարները չմտածեն տրանսֆերային բարձր արժեքի մասին:

1.Գարեթ Բեյլ, «Տոտենհեմից»՝ «Ռեալ Մադրիդ», 101 մլն

Մեկնարկային խաղում՝ գոլ, իսկ հետագայում՝ ուրիշ ոչինչ: Ստացած վնասվածքից հետո Անչելոտին նրան ուղարկեց անհատական միջմրցաշրջան անցկացնել: Եթե ձախողվի Ֆլորենտինոյին, չեն ների ոչ միայն Բեյլի տրանսֆերային արժեքի համար, այլև Օզիլին վաճառելու: