12.10.2013 13:58

iLur Բլոգ. Կենացասացները իրենց շարասյունով այսօր էլ կելնեն կեղծարարության

iLur Բլոգ. Կենացասացները իրենց շարասյունով այսօր էլ կելնեն կեղծարարության

Քիչ չեմ հանդիպել հայ ընտանիքների, որտեղ առանձնապես սեր ու ջերմություն չկա, բայց  ուր զգացմունքների անկեղծության պակասը լրացվում է դերասանական բավականին արհեստավարժ հմտություններով: Ընտանիքներ, որտեղ մարդիկ իրար աչքերի մեջ չեն նայում, բայց շարունակում են ապրել իրար հետ. նրանք չգիտեն` ով ինչից է ուրախանում կամ տխրում, բայց շարունակում են շոուն` ի տես ամենքի, ասես ամեն ինչ  հենց այնպես է, ինչպես նրանք ցույց են տալիս` ուրախ, զվարթ, անհոգ ու երջանիկ: Համաձայնեք, որ  նման դեպքերում ամենևին էլ պետք չէ ընտանեկան հոգեբանության գիտակ լինել` հասկանալու համար, թե ենթագիտակցորեն ինչ տեսակ մենակություն ու ինքաօտարում  են թաքցնում այդ ընտանիքները՝  ուրիշների աչքին անվերջ  ուրախ երևալու իրենց  ջանքերում:

Ես իրականում  չեմ ուզում գրել հայկական ընտանիքի խնդիրների մասին: Մանավանդ, որ իրազեկ չեմ: Բայց այն, ինչի մասին ուզում եմ գրել, իմ համեստ կարծիքով ՝ հաստատ շատ ուղիղ կապ ունի դրա հետ: Այսօր Երևանի տոնն է, նրա ծննդյան օրը:  Իրականում  շատ սիրուն ու հուզիչ առիթ `ուրախանալու, վայելելու, զգալու:  Երևանը մեր տունն է, մեր ընտանիքը, համայն հայության ուրախության լույս հատիկը: Եվ, այնուամենայնիվ, այդ տոնը մեզ հետ այսօր կապ չունի, այդ տոնն օտարված է մեզանից հենց այնպես, ինչպես իմ նկարագրած ընտանիքներում մարդիկ են օտարված միմյանց, որտեղ միշտ առիթներ կան սեղաններ գցելու, հյուրեր-հարազատներին իրար գլխի հավաքելու, օջախի ամրության մասին կենացներ խմելու, սակայն որտեղ հյուրերի մեկնելուն պես թամաշան ավարտվում է, ու տիրում  ծանր ու բութ լռություն, և որտեղ երեխաները չեն հասկանում, թե  ինչպես իրար հետ համադրել ջերմության, անկեղծության, գորովանքի, սիրո պակասն ու արդեն ավանդական դարձած ընտանեկան կեղծ թատրոնը:

Երևանի ծննդյան օրը մենք հերթական անգամ կնշենք հենց այսպիսի մթնոլորտում: Կբացվեն սեղաններ, իրենց երևանցի հորջորջող ինչ-որ մարդիկ,  փայլփլուն կոստյումներով, բայց ծույլիկ աշակերտի պես  իրենց ամենաբարդ դասը մի կերպ սերտած՝  կարտասանեն մի քանի նախադասություն, կարմրաճաճանչափայլ եղունգներով ու մարտնչող հայացքով կանայք զինվորականի կեցվածքով կկանգնեն նրանց կողքին ու իրենց գորովագին հայացքով նրանց հետ միասին կխմեն իրենց սրտի ուղեկից Երևանի կենացը: Կպայթեն փուչիկներ, կհնչեն ծափեր, կփակվեն փողոցներ,  մեծ ու փոքրիկ երգիչները շնչակտուր կգոռան, թե ինչքան են սիրում Երևանը: Իսկ այդ ընթացքում իրական երևանցին կիսապառկած կերթևկի Երևանի հասարակական բուրումնավետ տրանսպորտով, մյուսը` կմուրա Երևանի փողոցներում, մյուսը` կքչփորի աղբամանները, մյուսը` կշարունակի երազել իր անվասայլակով Երևանում զբոսնելու մասին, մյուսը կհիշի, որ գարնանամուտին այս ամբողջ կեղծարարությունը սարքած մարդկանց  սրտի ուղեկից Երևանի սրտում տասը հայորդի սպանվեց, որ հարյուրավոր երևանցիներ  քշվեցին իրենց տներից,  մյուսը կփնտրի իր մանկության այգին, փոխարենը կգտնի սուպերմարկետ,  մեկ ուրիշը տոնական փողոցներում կորոնի իր ծանոթ-հարազատ մարդկանց, ու այս ականջ ծակող աղմուկի մեջ ավելի քան լսելի կլինեն նրանց հեռանալու ոտնաձայները:  Երևանի ծննդյան օրը նորից թամաշա կդառնա: Կենացասացներից ոչ ոք չի մտածի անգամ, որ քաղաքը մարդիկ են` իրենց ունեցած տրամադրությամբ, որ ոչինչ ավելի չի գեղեցկացնում քաղաքը, ինչպես մարդը` իր` այդ քաղաքում ապրելու ցանկությամբ:  Այսօրվա գլխավոր կենացասացները առավոտյան քեֆ-ուրախության դուրս գալուց առաջ հայելում կտեսնեն միայն իրենց փայլփլուն կոստյումների գույնը, և ոչ երբեք՝ Երևանն ավերելու մեջ իրենց սուրբ մասնակցության արտացոլանքը: Կենացասացները իրենց հայտնի շարասյունով այսօր էլ կելնեն կեղծարարության ու ամեն ինչ կզգան Երևանի հանդեպ, բացի սիրուց ու պատասխանատվությունից: Նորից կելնեն խաբելու, ներկայանալու, ձևանալու, բայց ոչ երբեք` սիրելու:

Բայց սա վերջը չէ:  Թեև իսկական երևանցին իր  տան պատուհանից արցունքն աչքերին կնայի այս Սոդոմ-Գոմորին, այնուամենայնիվ, նրա սերն է, որ պահում է ու կպահի Երևանը:  Այդ սերը փոփոխություններ բերելու, նորից վերածնելու հսկայական ուժ ունի:  Այդ սիրո առաջ ինչ-որ մի օր փոշեհատիկի կշիռ անգամ չի ունենալու իրեն Երևանի տեր հռչակած ամեն կեղծավոր շարասյուն: