12.10.2013 15:27

Հայաստան - Բուլղարիա՝ 2-1. Կարգ և հակագրոհ

Հայաստան - Բուլղարիա՝ 2-1. Կարգ և հակագրոհ

Միայն հաղթանակ՝ ռևանշ, և միայն դանիացիների նկատմամբ Իտալիայի հաղթանակից հետո՝ մտքեր նաև ԱԱ 2014-ի մասին: Ահա թե ինչ էր մտածում հայ ֆուտբոլասերների մեծամասնությունը Բուլղարիայի հետ խաղից առաջ: Չէ՞ որ հենց Բուլղարիայում, նրանց ֆուտբոլիստների, երկրպագուների, գնդակներ նետող երեխաների ջանքերով մենք կրեցինք այս ընտրական փուլում մեր առաջին պարտությունն ու սկսեցինք երկմտել անցյալ Եվրո 2012-ի ընտրական փուլում մեր հաջողությունների հիմնավոր լինելու մասին:

Այն, որ մենք Բրազիլիա մեկնելու միայն տեսական շանսեր էինք պահպանում, կարող էր միայն օգնել բուլղարացիների դեմ խաղում Երևանում վերջապես առաջին հաղթանակը տանելու հարցում:

Վարդան Մինասյանի առջև կարևորագույն հարցը, որը դրված էր հանդիպումից առաջ, հետևյալն էր. խաղալ իշխողի՞դիրքից, թե՞վերջապես Երևանում էլ փորձել «դրսի» տարբերակը: Մեկնարկային կազմից դատելով՝Մինասյանն ընտրեց միջին տարբերակ՝ «4-2-3-1» կամ «4-1-4-1» (Գվարդիոլայի «Բավարիայի» ներկայիս տակտիկան), քանի որ 2 կենտրոնական կիսապաշտպաններից մեկը միայն «քանդելով» չէր զբաղվելու: Սարկիսովի՝ եզրային հարձակվողի դիրքում հայտնվելը բավականին հիմնավորված էր թվում՝ հաշվի առնելով նրա արագությունն ու նախորդ խաղերում աջ եզրում Կամո Հովհաննիսյանի՝ բազմաթիվ դիրքային և արագության հետ խնդիրները: Բացի այդ, բուլղարացիների ներկայիս առաջատարն ու ավագը՝ Պոպովը, հենց այդ եզրում սկսեց խաղը՝ հետագայում տեղափոխվելով կենտրոն: «10-ի» դիրքում Արասի հայտնվելը նույնպես հիմնավորված էր՝ Մարկոսը լավ մարզավիճակում չէ, իսկ այլ տարբերակ չկար:

Առաջին խաղակես

Առաջինն աչքի զարնողը, նախ, մեկնարկային րոպեների պռեսինգն էր, որը, ճիշտ է, չկիրառվեց ամբողջ հանդիպման ընթացքում, ապա մեր խաղացողների, հատկապես պաշտպանների լարվածությունն ու Մխիթարյանի խնդիրները գրոհներ սկսելու հարցում. Պենևը շատ լավ էր ուսումնասիրել մեր առաջատարի խաղը և Դյակովին պարզապես հրահանգել էր միշտ գտնվել Հենրիխի կողքին: Մեկնարկային րոպեներից քիչ անց բուլղարացիները, բազմաթիվ դադարներներից հետո, որոնց կարիքն ունեին, հստակեցրին իրենց անելիքը: Եզրային ճեղքումներ՝ հիմնականում Կամո Հովհաննիսյանի եզրից, և փոխանցում կենտրոն: 15-րդ րոպեին նրանք արդեն ընգծված խաղային առավելություն ունեին: Մինասյանի սաները Մկրտչյանի օգնությամբ չէին կարողանում սկսել գրոհները, Մխիթարյանը փակ էր, իսկ երկար փոխանցումներից և ոչ մեկը չէր աշխատում: Առաջին լուրջ գոլային պահը մերոնք ստեղծեցին կենտրոնով Օզբիլիսի անհատական անցումից և աջով հարվածից հետո: Անհատական խաղն առաջին խաղակեսում թերևս միակ լուծումն էր՝ հարձակման ձախ եզրը պարզապես չկար, Ղազարյանը պասիվ էր, իսկ Հայրապետյանը առաջ չէր գնում, Սարկիսովն էլ փորձում էր ամեն կերպ ուղղել Հովհաննիսյանի սխալները: Իսկ բուլղարացիներից իրականում որևէ բարդ բան չէր էլ պահանջվում: Նրանք պարզապես մեր կիսադաշտում մանր խախտումների շնորհիվ կարողանում էին և՛գցել խաղի տեմպը, և՛ հասցնել նահանջել:

Մինչ առաջին խաղակեսի ավարտը, երբ արդեն թվում էր, թե Մինասյանը մտածում է երկրորդ խաղակեսում ամբողջովին անցնել «դրսի» խաղերի տարբերակին, մերոնց հաջողվեց վերահսկել գնդակն ու կազմակերպել առաջին խաղակեսի միակ մտածված դիրքային գրոհը, որը շատ երկար «եփվում» էր մեր կիսադաշտում: Գրոհն ավարվեց տուգանայինով և Բոդուրովի հեռացմամբ, որից հետո Օզբիլիսը բացեց հաշիվը:

Երկրորդ խաղակես

Բուլղարացիները, անկախ կարմիր քարտից, միևնույն է՝ գրոհելու էին, և հաշվի առնելով հենակետային գոտում Մկրտչյանի խնդիրներն ու Հովհաննիսյանի՝ իր եզրում անվերջ տառապանքները, խելամիտ կլիներ երկրորդ հենակետային խաղադաշտ դուրս բերելը, որի ընտրությունը պահեստայինների կազմում, ցավոք, չկար: Մինչ Պոպովի պատասխան գոլը և նույնիսկ նրանից հետո, երբ հյուրերը մնացին 9 հոգով, բուլղարացիները կարողանում էին ճեղքել մեր աջ եզրն ու փոխանցումներ կատարել կենտրոն, որտեղ կա՛մ նրանց բախտը չէր բերում, կա՛մ Բերեզովսկին էր փրկում: Մկոյանի և Հայրապետյանի սահանկումները ևս օգնեցին չխայտառակվելու:

70-րդ րոպեից հետո մեր ֆուտբոլիստները կարողացան վերահսկել գնդակն ու բազմաթիվ պահեր ստեղծել (խաղադաշտում 10-ը 8-ի դեմ պայքարում միայն կարգով մրցակցին կտրուկ զիջող թիմը չէր կարողանա նման առավելության հասնել): Բայց, ամեն դեպքում, դաշտում «քաոսային» ֆուտբոլ էր, որից հնարավոր էր սպասել յուրաքնաչյուր արդյունք:

Այն տպավորությունը, որ մերոնք գոլի հեղինակ կդառնան կամ կարգի, կամ հակագրոհի շնորհիվ, ընդհանրացվում էր աջ եզրում Ղազարյանի անմիտ հնարքներով կամ դիրքային գրոհներից մեկում Մկրտչյանի՝ տուգանայինի առջև «կմկմումով»:

Արդյունքում՝ հենց հակագրոհից, որը սկսեց Մխիթարյանը, ստեղծվեց Մովսիսյանի գոլը:

Եզրափակում

Երազել, որ Դանիան միավորներ կկորցնի Մալթայի դեմ խաղում, ոչ ոք չի արգելում, բայց այս հաղթանակն այն պատճառով չնվաճվեց, որ Մինասյանի սաներն ավելի լավն էին: Սա հաղթանակ էր, որը երկրպագուները ցանկանում էին տեսնել «կարևոր չէ՝ ինչ գնով, ինչ խաղով և ինչ հաշվով», ինչին վերջնական արդյունքում, միևնույն է, հասանք:

Անկախ Մալթայում ակնկալվող հրաշքից, Մխիթարյան, Օզբիլիս, Մովսիսյան եռյակը ոչ բոլոր թիմերի դեմ կարող է արդյունք ապահովել, թեև, եթե կարողանան նույնն անել երեքշաբթի երեկոյան Նապոլիում՝ դա, իհարկե, հրաշալի կլինի:

Խաղացողների անհատական գնահատականները

Բերեզովսկի. 7.0 Փայլում է յուրաքանչյուր դրվագում, թե՛ մեն-մենակ իրավիճակներում, թե՛ ոտքով խաղով:  Պոպովի հարվածի ժամանակ ոչինչ չէր կարող անել, այլ հարց է, որ կարող էր կենտրոնում չդիրքավորվել:

Հովհաննիսյան 2.0 Բուլղարիայի դեմ առաջին խաղից հետո հավաքականից հեռացավ Սարգիս Հովսեփյանը, ինչո՞ւ հենց բուլղարացիների դեմ խաղից հետո հավաքականում իր ելույթները չավարտի Հովհաննիսյանը: Նրա խաղի վերաբերյալ ավելին ասելու ցանկություն չկա:

Արզումանյան - Հարոյանի օրինակով՝ նետվում է, որպեսզի ուղղի Հովհաննիսյանի սխալը, և վնասվածք է ստանում:

Մկոյան 5.5 Հուզվում է, մեկնարկում չի հասցնում, երկրորդ խաղակեսում սահանկումով մի փոքր վստահություն է ձեռք բերում:

Ալեքսանյան 4.5 Ավելի վատ, քան նրա խաղընկերը: Հաճախակի կորցնում է դիրքն ու մրցակցի խաղացողներին: Սխալվում է նաև փոխանցումներում:

Հայրապետյան 6.0 Առջևում ակտիվ չէ, բայց փայլուն է պաշտպանվելիս: Իր գոտում գրեթե չի սխալվում, կատարում է երկու հիանալի «իտալական» սահանկումներ:

Մկրտչյան 6.0 Միայնակ չի հասցնում  հենակետային գոտում. զգուշավոր է: Երկրորդ խաղակեսում ազատություն ստանալով՝ փորձում է մասնակցել նաև գրոհներին:

Մխիթարյան 6.0 Չի գտնում իրեն առաջին խաղակեսում, բայց կարգավորում է սեփական խաղը երկրորդ խաղակեսում և ստեղծում Յուրայի գոլը:

Օզբիլիս 7.0 Հրաշալի է թե՛ «10-ի» դիրքում, թե՛ եզրային անցումների ժամանակ: Աչքի ընկավ թերևս անկախությունից ի վեր ամենահիշարժան ֆուտբոլային կարգի դրսևորման դետալով:

Մարկոս 5.0 Խաղային պրակտիկայի բացակայությունից կորցրել է խաղընկերների հետ փոխըմբռնումն ու հարվածների դիպուկությունը: Մի քանի անգամ կարող էր վճռել հանդիպման ելքը:

Սարկիսով 5.5 Փորձում է ամեն կերպ հասցնել պաշպանությունում. առջևում չի օգտագործում իր միակ լավ պահը:

Ղազարյան 5.5 Պասիվ է առաջին խաղակեսում, բացվում է երկրորդում, բայց խճճվում է սեփական ցանկությունների և կարողությունների արանքում: Վրիպում է մի քանի լավ դիրքերից:

Մովսիսյան 6.0  Չափազանց երկար ժամանակ մեջքով է գտնվում դեպի բուլղարացիների դարպասը: Չի օգտագործում իր պահերը, բայց չի հանձնվում և վճռում է հաղթողի հարցը: Դրսևորվում է որպես ավագ:

Մինասյան 5.5 Հետաքրքիր կազմ է դաշտ դուրս բերում՝ այդպես էլ մինչև վերջ չհստակեցնելով թե ինչպես պետք է այն օգտագործել: Երկրորդ խաղն է անընմեջ կատարում է երկու պարտադրված փոփոխություն, ինչը թույլ չի տալիս բավարար ազդել խաղի ընթացքի վրա:

Մինասյանի հրաժարականը պահանջողներին արժե հիշեցնել Սարգիս Հովսեփյանի հետ տեղի ունեցածը, որպեսզի հասկանալի լինի՝ լուծումը ոչ թե ինչ-որ մեկին հեռացնելն է, այլ այն, թե ով է նրան փոխարինում: