17.10.2012 10:38

Երկրի եւ Լուսնի բաղադրությունների նմանությունը բացատրում է «հոլ-մոլորակի» տեսությունը

Երկրի եւ Լուսնի բաղադրությունների նմանությունը բացատրում է «հոլ-մոլորակի» տեսությունը

Երկիրն ու Լուսինը կարող էին կազմավորվել արագ պտտվող հոլանման Երկրի «սաղմի» եւ Մարսի կեսի չափերի նախամոլորակային մարմնի բախման արդյունքում, ինչը հանգեցրել է այդ երկնային մարմինների մատերիայի միախառնմանը եւ գրեթե Երկրի իզոտոպային կազմվածքով Լուսնի առաջացմանը: Այս մասին հայտնում են ամերիկյան գիտնականները:

Մինչ օրս ընդունված հիպոթեզի համաձայն, Լուսինը առաջացել է Թեայի՝ նախամոլորակային մարմնի՝ Երկրի «սաղմի» հետ բախման արդյունքում: ԲԱխումը հանգեցրել է Թեայի եւ պրոտո-Երկրի մատերիայի հոսքին տիեզերք, որից էլ «ձուլվել» է մեր մոլորակի բնական արբանյակը: Գիտնականները ենթադրում էին, թե Լուսինն իր մատերիայի 40 տոկոսը «ժառանգել է» Թեայից, 60 տոկոսը՝ Երկրից: Վերջին շրջանում այս տեսակետը վիճարկվում է լուսնային եւ երկրային հանքանյութերում տիտանի եւ այլ մետաղների իզոտոպների գրեթե համանման հարաբերակցության պատճառով:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սարա Ստյուարտը եւ նրա գործընկեր, ոչ երկրային քաղաքակրթությունների ուսումնասիրման ինստիտուտի (Մաունտին Վյու, ԱՄՆ) դասախոս Մաթիա Չուկը իրենց ուսումնասիրութունների արդյունքները ներկայացրել են Ամերիկյան աստղագիտական ընկերակցության համաժողովի ընթացքում:

Ստյուարտն ու Չուկը վերլուծել են երկու նախամոլորակային մարմինների բախումից հետո Երկրի եւ Լուսնի ձեւավորման մի քանի սցենարներ՝ գնահատելով դրանց ճշմարտացիությունը՝ մոլորակների առաջացման դիտանկյունից: Պարզվել է, որ ավելի ճշմարտանման է այն մոդելը, որը նկարագրում է արագորեն պտտվող Երկրի «սաղմի» եւ Թեայի բախումը: Պրոտո-Երկիրն այդպիսի մոդելի ժամանակ մեկ պտույտը կատարում էր ընդամնեը երկու ժամբվա ընթացքում, եւ իր ձեւով հիշեցնում էր ոչ թե գունդ, այլ ռեգբիի գնդակ կամ հոլ:    

 

Լուսանկարը՝ NASA