15.10.2013 14:50

Լիզա Ճաղարյան. Նավապետների առատությունից նավն սկսել է ընկղմվել

Լիզա Ճաղարյան. Նավապետների առատությունից նավն սկսել է ընկղմվել

Գիտենք. Հայաստանի իշխանական վերնախավի մի մասն անգրագետ է ու հանցագործ, մի մասը կիսագրագետ է եւ հանցագործ, մի մասն էլ` գրագետ է ու հանցագործ: Եվ այս պարագայում երկրորդական խնդիր է թվում` հանցագործը գրագե՞տ է, կիսագրագե՞տ է, թե՞ անգրագետ է: Նույնիսկ գերադասելի են անգրագետն ու կիսագրագետը, որովհետեւ գրագետ հանցագործը, հայտնի բան է, կրկնակի վտանգավոր է: Ավելին, հանցագործները պետք է բանտում լինեին, ոչ թե ազատության մեջ, այն էլ` իշխանության ղեկին: Հետեւություն. Հայաստանի իշխանական վերնախավն իր արժանի տեղում չէ: Սա էլ է հայտնի բան:

Իսկ մի՞թե այս իրավիճակը չի իշխում իշխանական շրջանակից դուրս գործող քաղաքական դաշտում: Լրատվամիջոցների «սիրած» զրուցընկերների  որոշակի մասի հարցազրույցները կարդալիս կամ լսելիս միայն իմ ներսու՞մ է հարց ծագել` եղբայրիկ կամ քույրիկ, ախր դու ու՜ր, քաղաքական վերլուծություն անելը, քաղաքական ուժի առաջնորդ լինելն` ուր: Վստահ եմ, որ ես միակը չեմ. այս հարցը շատերն են տալիս իրենք իրենց կամ մտերիմ միջավայրում:

Իսկ հրապարակավ լռում ենք: Որովհետեւ, հասկանում եք, էլի՛, այդ մարդկանց թիկունքում ծանրակշիռ կենսագրություն կա: Բայց որքան էլ հանցագործ իշխանության դեմ պայքարի ընթացքում տվյալ անձը հերոսական կամ անզուգական ճանապարհ անցած լինի, նույնիսկ բազմաթիվ զրկանքներ կրած լինի, արդյո՞ք դա բավարար պայման է, որ մարդը Չերչիլի կամ Դուչեի կեցվածքն ընդունի եւ սկսի մեզ սովորեցնել, թե ինչպես պետք է փրկել Հայաստանը: Գուցե նման մարդկանց անցած ճանապարհը բավարար պայման է, որ շատերս կույր ձեւանանք եւ չարձագանքենք նրանց «քաղաքական վերլուծություններին», չասենք` դու հերոս տղա ես, ես խոնարհվում եմ քո անցած ճանապարհի առջեւ, բայց արի պայմանավորվենք` «քաղաքական վերլուծաբանի» թիկնոցը նետիր թիկնեղ ուսերիցդ, էդ մեկը քո «հագովը» չէ: Կամ էլ` եթե մեր ծով համբերության բաժակը լցվի, առաջնորդվենք «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով: Բայց` մինչեւ ե՞րբ:

Մի օր պե՞տք է այդ մարդկանց ասվի` եթե դու զենքը ձեռքիդ հայրենիքի պաշտպան ես դարձել, եթե դու հրապարակներում մեզ թեւ ես տվել՝ դա հրաշալի է, բայց ամենեւին չի նշանակում, որ քո գիտելիքներն այնքան են, որ դու նաեւ քաղաքագետի կամ դատավորի ծանր բեռն առնես ուսերիդ: Եվ եթե վաղը հայտնվես Ազգային ժողովի խոսափողի մոտ կամ կառավարության կազմում` ծիծաղելի ու մերժելի չե՞ս դառնալու այնքան, որքան այսօրվա իշխանություններն են:

Ուրիշներին գնահատական տալն աշխարհի ամենահեշտ բանն է. ի վերջո, ո՞վ չգիտե, որ լեզվի տակ ոսկոր չկա: Ինքնագնահատական տալն է դժվար, սեփական հնարավորությունները կշռելն ու չափելն է դժվար: Զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելու չափ դժվար է:

Եվ եթե այսօր դու դա չես հասկանում, չեն հասկանում նաեւ քո համախոհներն ու քեզ թեւ տվողները, ուրեմն` այս իշխանություններին իրենց արժանի տեղն ուղարկելուց եւ ձեզ նման «քաղաքական գործիչներին» իշխանություն վստահելուց հետո կանգնելու ենք այն նույն կոտրած տաշտակի առջեւ, ինչի առջեւ ենք այստե՛ղ եւ հիմա՛:

Քանի՜-քանի՜ նախկին հերոսներ են այժմ Հայաստանը ծախող Սերժիկ Սարգսյանի ոտքերը լիզում: Միակ պատճառն այն է, որ պաշտոնի ու փողի գերի՞ են դարձել: Ո՛չ: Իմ խորին համոզմամբ` նրանցից շատերը պարզապես ունակ չեն գիտակցելու, թե ինչպիսի վիհի եզրին է հայտնվել Հայաստանը:

Պարզ ասած` խելքները չի հասնում: Այնպես` ինչպես ժամանակին խելքները չի հասել, որ իրենք` գուցե անձնվեր, բայց ընդամենը նավաստիներ են, ոչ թե` նավապետ:

Նավապետների առատությունից մեր նավն սկսել է ընկղմվել:

Ես նավաստի եմ: Եվ հպարտ եմ, որ նավաստի եմ: