16.10.2013 12:21

Լավագույնը Գերմանիան և Հոլանդիան են (ընտրական փուլի արդյունքներ)

Լավագույնը Գերմանիան և Հոլանդիան են (ընտրական փուլի արդյունքներ)
Գրաֆիկան՝ chempionat.com-ի

Երեկ ավարտվեցին ԱԱ-2014 եվրոպական գոտու ընտրական փուլի խմբային հանդիպումները: Հայտնի դարձան այն 9 թիմերի անունները, որոնք 2014թ. ամռանը Եվրոպայից կուղևորվեն Բրազիլիա: Եվս 8 թիմ այդ իրավունքի համար կմրցի անցումային հանդիպումներում:

Այսպիսով՝ Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Բոսնիայի, Անգլիայի և Իսպանիայի հավաքականները կուղևորվեն Բրազիլիա, իսկ Խորվաթիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ընտրանիներից ևս 4-ը կնվաճեն այդ հնարավորությունը մինչև տարեվերջ: Նշենք նաև, որ 9 ընտրական խմբերում 2-րդ տեղ գրաված թիմերից միայն մեկը չէր շարունակելու պայքարը փլեյ-օֆֆում: Այդ թիմը Դանիայի հավաքականն էր, որը ընդգրկված էր Հայաստանի հետ նույն խմբում:

Ամենաշատ միավորները վաստակեցին գերմանացիները և հոլանդացիները (28-ական միավոր), իսկ Սան-Մարինոյի ֆուտբոլիստները ամենաանհաջողը անցկացրին ընտրական մրցաշարը՝  չվաստակելով ոչ մի միավոր և սեփական դարպասն ընդունելով 54 գնդակ:

Երկրորդ հորիզոնականում հայտնված թիմերից ամենալավ արդյունքը արձանագրեց Հունաստանի հավաքականը, որը հավաքեց 25 միավոր: Համեմատության համար նշենք, որ H խմբի առաջատարները՝ անգլիացիները, հավաքել էին ընդամենը 22 միավոր:

Մոտ օրերս տեղի կունենա փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Իսկ անցումային հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19-ին:

Մի փոքր էլ Հայաստանի հավաքականի մասին:

Մեր թիմի խաղը ընտրական փուլում կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ. «Բարձր գլխով, բայց նախավերջին տեղում»: Մեջբերենք մի հատված football365-ի հոդվածից.

«Ընտրական ցիկլը ավարտեցինք 13 միավորով: Այդքան միավորով բազմաթիվ խմբերում թիմերը գրավեցին 3-րդ տեղը: Անիմաստ է հիշել Մալթային կորցրած միավորների մասին…

Նեապոլում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ այս հավաքականը պետք է խաղա ԵՎՐՈ-2016-ում, և սայթաքումը ոչ մեկ չի հասկանա:

ԵՎՐՈ-ի ընտրական մրցաշարին պետք է պատրաստվել հենց այսօրվանից: Իսկ Վարդան Մինասյանի հետ, թե առանց նրա՝ դա արդեն քննարկման այլ թեմա է»:

Մեր կողմից հավելենք, որ անթույլատրելի է ՀՖՖ նախագահ Ռուբեն «նեմեց» Հայրապետյանի գործելաոճը: Նա մշտապես միջամտում է հավաքականի գործերին և երբեմն միանձնյա որոշում կազմը: Մեր կարծիքով, առաջին հերթին պետք է կարգի հրավիրել Հայրապետյանին, կամ, պարզապես, ազատվել նրանից, հետո նոր մտածել գլխավոր մարզիչի մասին: