16.10.2013 20:50

«B» խումբը մնաց առանց փլեյ-օֆֆ-ի

«B» խումբը մնաց առանց փլեյ-օֆֆ-ի

Հոկտեմբերի 15-ին, ուշ երեկոյան հայտնի դարձան 21 հավաքականների անունները, որոնք 2014 թ. ամռանը կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ մասնակիցների թիվը 32 է: Առաջիկա Մունդիալում Եվրոպան կներկայացնեն` Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Անգլիայի և Իսպանիայի հավաքականները: Եվրոպական ևս չորս ուղեգրերի տերերի անունները հայտնի կդառնան անցումային խաղերից հետո, երբ պայքարի մեջ կմտնեն Հունաստանի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռումինիայի և Իսլանդիայի ազգային թիմերը:

Նշենք նաև, որ B խմբի երկրորդ հորիզոնականում հայտնված Դանիայի ընտրանին չի մտել փլեյ-օֆֆ, քանի որ երկրորդը ճանաչված թիմերի շարքում ամենավատ արդյունքն ունի: Անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 21-ին, Ցյուրիխում, իսկ հանդիպումները` նոյեմբերի 15-ին և 19-ին: Հավելենք նաև, որ աշխարհի 2014 թ. առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքում, հունիսի 12-ից հուլիսի 13-ը: