18.10.2013 15:54

Լիզա Ճաղարյան. Շնորհակալություն «Իրավունք» թերթին` ինքնախոստովանական ցուցմունքի համար

Լիզա Ճաղարյան. Շնորհակալություն «Իրավունք» թերթին` ինքնախոստովանական ցուցմունքի համար

Չեմ թաքցնում. Հոկտեմբերի 27 տեսած, Մարտի 1 տեսած, շմայսների, թոխմախիմհերների, լֆիկների նման ԱԺ պատգամավորներ տեսած, ռոբասերժական ընտրություններ տեսած, խայտառակ դատավարություններ տեսած Հայաստանի քաղաքացիս ապշեցի, երբ tert.am-ում կարդացի «Իրավունք» թերթում այսօր հրապարակված հոդվածից մի հատված (մեջբերում եմ ամբողջությամբ եւ առանց խմբագրման-սրբագրման). «Շատերի մոտ զարմանք հարուցեց այն հանգամանքը, որ գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը այդպես էլ համաներումով ազատ չարձակվեց: Բայց, ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրից, դա արդյունք է այն բանի, որ նրա պարագայում տեղի էր ունեցել պայմանավորվածությունների խախտում: Վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ բողոքի ակցիաներ անող ազատամարտիկների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, թե կոնկրետ ինչպիսի լուծումներ են ստանում բարձրացված հարցերը, եւ պայմանավորվողներից մեկը հենց գնդապետն էր: Սակայն այնուհետ, երբ գնդապետը հանդիպեց «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների հետ, վերջիններս նրան համոզեցին, որ պետք է շարունակի հրապարակավ հանդես գալ եւ մի բան էլ պետք է ավելի ու ավելի սուր ելույթներ ունենա, ինչի արդյունքում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում, որը եւ դրսեւորվեց արդեն իր հետեւանքներով` դատարանի դահլիճում»:

Կարդացի՞ք: Հիմա` «պատմական էքսկուրս»: «Իրավունք» թերթը, առանց դույզն-ինչ չափազանցության, պատկանում է մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Հայկ Բաբուխանյանն է: Այս բարեհաջող սեփականաշնորհումն իրականացավ այն բանից հետո, երբ նա, բարիկադների վրա անձնազոհ պայքար մղելով իր հալալ-զուլալ ընկեր Հրանտ Խաչատրյանի դեմ, կրծքով պաշտպանեց ՍԻՄ կուսակցությունն ու վերոնշյալ թերթը եւ ջախջախիչ հաղթանակ տարավ ընդդեմ ուխտադրուժ ոսոխի: Դե, հետո, քանի որ բերանացի գիտեր, որ «ուժն է ծնում իրավունք», դես ման եկավ՝ ուժեղ տիրոջ փնտրտուքի հայրենասիրական մղումով, դեն ման եկավ, գտավ իր երազանքների աղբյուր Հանրապետական կուսակցությունը եւ «ազատ, արդար, թափանցիկ» ընտրությունների միջոցով հայտնվեց Ազգային ժողովում: Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Ու հիմա «ազնվորեն, անաչառորեն եւ անշահախնդրորեն» ծառայում է իր տիրոջը, որը մոխիրների միջից փյունիկի պես «վեր հառնԸցրեց» իրեն:

Եվ հիմա Բաբուխանյան Հայկի անձնական օգտագործման թերթը հրապարակել է «վստահելի աղբյուրից» ստացած վերոգրյալ տեղեկությունը: Հիմա եկեք վերհիշենք, թե ինչու է կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության` Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերի խարդախություն իրականացնելու կասկածանքով: Հատված՝ այդ հայտարարությունից. «Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար»:

Այս երկու տեքստերը համադրելով` մի քանի հետեւություն կարելի է անել: Մեկն այն է, որ այս «ինքնախոստովանական ցուցմունքը» հասարակությանը նետելով, ըստ որի` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ոչ թե խոշոր չափերի խարդախության համար են ձերբակալել, այլ` «պայմանավորվածությունները խախտելու» համար, Հայկ Բաբուխանյանը որոշել է պատռել Հանրապետական կուսակցության հանցավոր դիմակը եւ անձնազոհաբար նահատակվել բարիկադների վրա: Սա, ըստ իս, հեքիաթի ժանրից է:

Երկրորդ հետեւություն. Հայկ Բաբուխանյանն ու նշված տեղեկությունը «լույս ընծայողներն» անմեղսունակ են: Սա` դժվար թե, եթե հաշվի առնենք, թե իրենց սեփական շահի համար ինչպիսի «զոհաբերություններ» են արել սրանք:

Երրորդ հետեւություն. Հայկ Բաբուխանյանն ու իր անձնական օգտագործման թերթի պատասխանատուն այնքան ինքնամոռաց են ծառայում իրենց տերերին, որ սրանց բոստանում «խիարն սկսել է թարս բուսնել». սրանք արդեն վստահ են, որ «պայմանավորվածությունները խախտողների» դեմ քրեական գործեր «սարքելը» օրենքի աղաղակող խախտում չէ եւ ընդհանրապես օրենքի խախտում չէ: «Հաբռգածների» պարագայում սա ամենահավանական տարբերակն է:

Չորրորդ հետեւություն, որն էն գլխից ակնհայտ էր. գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չի պարել հանցագործ իշխանությունների դուդուկի տակ, դրա համար էլ այժմ բանտախցում է: Ինչն էլ նշանակում է, որ նա քաղբանտարկյալ է: Եվ որքան շուտ սա գիտակցեն Ազատության հրապարակում իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարող ազատամարտիկները, այնքան ավելի շատ աջակիցներ կունենան: