24.10.2013 18:06

Քրիստինե Խանումյան. Փող կա, կամք չկա

Քրիստինե Խանումյան. Փող կա, կամք չկա

Ազգային ժողովը բուռն կերպով քննարկում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը: Դրան զուգահեռ՝ Ազգային ժողովը վերջին 18 հազար դրամ նպաստից է զրկում գործազուրկ քաղաքացիներին: Աշխատանք չունեցող անձանց համար մեր գրպանից ձեւավորվող բյուջեում փող, փաստորեն, չկա, իսկ ահա՝ առանց այդ էլ դոլարով միլիոնատեր չինովնիկների համար՝ գումար կա:

Տրանսպորտը չթանկացնելու համար գումար չկա, գազը չթանկացնելու համար գումար չկա, Գյումրիի անօթեւաններին բնակարանով ապահովելու համար գումար չկա, սահմանամերձ գյուղերում տիրող թշվառ իրավիճակը փոքր-ինչ բարելավելու համար գումար չկա, ոչ մի կարեւոր ու լուրջ հարցի համար գումար չկա: Բայց իրենց աշխատավարձերը կրկնապատկելու համար գումար գտնում են: «Էրեբունի-Երեւան» տոնախմբությունները, Նունեեսայանների համերգները կազմակերպելու համար գումար կա: Ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու համար գումար չկա: Տիգրան Սարգսյանն ասում է՝ սպասեք, թոշակառուների սոցիալական պայմանները բարելավելու համար գումար չկա: Սերժ Սարգսյանը ընտրությունից ընտրություն ասում է՝ սպասեք: Երբ գալիս է առերեսման պահը, ասում են՝ սպասեք, արդեն սկսել ենք: Բայց ավարտը չի երեւում, կարիք ունեցողներին ասում են՝ սպասեք, չունեցողներին ասում են՝ ահա ձեզ գումար, եւ անընդհատ գումար են տալիս նրանց, ովքեր դրա կարիքը չունեն, որպեսզի, իրենց ասելով՝ սրանք վերջնականապես «չխժռեն» նրանց, ովքեր կարիք ունեն:

Իրականում խնդիրը գումարը չէ: Գումար, իրականում, կա: Կարեւոր, երբեմն նույնիսկ կենսական նշանակություն ունեցող խնդիրների համար գումար միշտ էլ հնարավոր է գտնել, եթե մեկը բարեհաճեր գլխին մի քիչ զոռ տալ, նո՛ւյն կերպ, ինչպես որ զոռ են տալիս հազար ու մի տեսակ զարտուղի ճանապարհներ մոգոնելու համար, երբ պետք է գումար գրպանեն բյուջեից:

Իրականում գումար կա: Կա՛մք չկա, ցանկությո՛ւն չկա: Ցանկություն չկա եղած գումարը արդյունավետ եւ ըստ կարեւորության բաշխելու: Մեզ, իհարկե, փորձում են համոզել, թե այդ գումարներն իրե՛նց համար չեն բարձրացնում, որովհետեւ իրենք (Գալուստ Սահակյանի ականջը կանչի) միշտ իշխանության չեն լինելու, եւ կամ էլ թե՝ այդպես պայքարում են կոռուպցիայի դեմ: Այդպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում: Երբ գողանում են բոլորը, աշխատավարձի չափն այլեւս կարեւոր չէ: Կոռուպցիան համակարգային է,կոռուպցիան ինքն այս համակարգն է, կոռուպցիան պետական ապարատը ուղնուծուծով խժռած հիվանդություն է դարձել, եւ հետեւաբար, պետք է վիրահատական մեթոդներով (Տիգրան Սարգսյանի հիշատակած վիրահատական մեթոդներից հեռու) հեռացնել բուն ախտը, եւ ոչ թե դեմքի համար թանկ քսուքներ գնել՝ ինչ է թե հիվանդության հետեւանքները չերեւան:

Բայց սա Հայաստանն է, իսկ այսօրվա Հայաստանում խիյարն էլի թարս է բուսնել, որովհետեւ գլխից չեն բռնում՝ մեծերին, որովհետեւ բոլոր ոլոլորտներում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել, որովհետեւ քաղաքացուն ասում են՝ «եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:

Ասում են՝ գումար չկա: Չկա՞: Բա այդ դեպքում ինչպես են պետական համակարգին առնչվող մի քանի հարյուր հոգի դարձել դոլարով միլիոնատեր, իսկ աղքատության մակարդակը Հայաստանում վաղուց հատել է 30 տոկոսի սահմանը: Այսինքն՝ ամեն երրորդն աղքատ է: Եթե գումար չկա, աղքատ երկրում որտեղի՞ց այսքան միլիոնատեր: Գումար կա, ուղղակի այն իշխանության գրպաններում է: Առայժմ: