25.10.2013 18:36

Լիզա Ճաղարյան. Եվ նորից «վճռականների» մասին

Լիզա Ճաղարյան. Եվ նորից «վճռականների» մասին

Պատկերացրեք` մի քաղաքական գործիչ երկար-բարակ հարցազրույց է տալիս մի փորձառու լրագրողի, եւ այդ հարցազրույցի ընթացքում մանրամասն ներկայացնում է, թե ինչ արհավիրք է սպասվում Հայաստանին, եթե այս նույն Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը: Այդ արհավիրքի անունն է` Հայաստանի անկախության կորուստ: Ողջ հարցազրույցի ընթացքում սա՛ է պնդում սույն քաղաքական գործիչը: Փորձառու լրագրողն էլ շատ ըմբռնումով ունկնդրում է` ակնհայտորեն համաձայն է: Այսքանից հետո, բնականաբար, փորձառու լրագրողը պետք է հարցնի. «Դուք պահանջու՞մ եք Սերժիկ Սարգսյանի հրաժարականը»: Հիշեցնեմ. Սերժիկ Սարգսյանը հենց այն մարդն է, որը, որքան էլ ցավալի ու զավեշտալի է, իրավասու է համաձայնել կամ չհամաձայնել` Հայաստանը մտնի՞ Մաքսային միություն, թե ոչ, եթե նաեւ նկատի առնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությունը հենց այս նույն Սերժիկ Սարգսյանի ցանկացած խայտառակ հրահանգի անդեմ «կոճակն» է ընդամենը: Ավելի ուշ հասկացողների համար պարզաբանեմ. քանի որ Սերժիկ Սարգսյանն է իրավասու համաձայնել կամ չհամաձայնել` մտնել Մաքսային միություն, ուրեմն` պարզագույն տրամաբանությունը հուշում է` հենց ինքն է էն գլխավոր մեղավորը, որ էդ արհավիրքը` Հայաստանի անկախության կորստի վտանգը, եկել ու կախվել է Հայաստանի գլխին: Ինչն էլ նշանակում է, որ այս ամենը գիտակցող քաղաքական գործիչը պետք է անհապաղ եւ վճռականորեն պահանջի Սերժիկ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի այս Սերժիկ Սարգսյանը Հայաստանի անկախությունը սկուտեղի վրա չմատուցի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:

Փորձառու լրագրողը, իրոք, հարցնում է. «Դուք պահանջու՞մ եք Սերժիկ Սարգսյանի հրաժարականը»: Առավել փորձառու քաղաքական գործիչը` հանց պարտիզան, հպարտորեն պատասխանում է` ո՛չ: Թվում է` փորձառու լրագրողը պետք է ապշահարությունից ցնցվի ու հարցնի` ո՞նց թե` ոչ, կարծեմ ասում էիք, որ Մաքսային միություն մտնելը հավասարազոր է Հայաստանի անկախության կորստին, իսկ այդ զարհուրելի Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է Սերժիկ Սարգսյանը, ինչու՞ չեք պահանջում նրա հրաժարականը, չէ՞ որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխել Հայաստանի անկախության կորուստը: Չէ, չի հարցնում: Փորձառու լրագրողն ու առավել փորձառու քաղաքական գործիչը հավեսով «ջրում են» էս շատ տրամաբանական հարցը, եւ ինչպես միշտ` փրկության օղակը Հայ ազգային կոնգրեսն է: Ավելի ճիշտ` «վճռականորեն» Հայ ազգային կոնգրեսին դիմակազերծ անելը:

Հիմա տեսնենք` ով է այս փորձառու քաղաքական գործիչը: Սա հենց այս նույն Հայ ազգային կոնգրեսը լքող կարկառուններից մեկն է: Հիշեցնեմ. Հայաստանի եթե ոչ միակ, ապա ամենածանրակշիռ ընդդիմադիր ուժը ներկայացնող Հայ ազգային կոնգրեսի շարքերը սկսեցին լքել մի շարք աննկարագրելի վճռական քաղաքական գործիչներ, որոնցից մեկն էլ այս փորձառու քաղաքական գործիչն էր: Մի շատ կարեւոր հանգամանք էլ հիշեցնեմ. ահա՛ այս քաղաքական գործիչների` Կոնգրեսից հեռանալու փաստը գրեթե բոլոր լրատվամիջոցների լրագրողները, Ֆեյսբուքի «վճռականներն» ընդունում էին օվացիայով` տե՛ղն է դրանց, էդ ծախված կոնգրեսականներին, կեցցե՛ն Կոնգրեսը լքող հերոսները, հիմա կտեսնեք` ինչեր են անելու, հո կոնգրեսականների նման ճլորած չեն, հեսա-հեսա «մի զարկ կտան ցարի գահին, որ խորտակվի նա հիմնովին»:

Օրերը, շաբաթները, ամիսները, տարիները գլորվում են: Ժամանակ առ ժամանակ ասպարեզում հայտնվում են այս վճռականները (եթե, իհարկե, Հայաստանում են, ոչ թե արդեն «տնավորվել են» արտերկրում)` հենց այս փորձառու քաղաքական գործչի հանգույն, Կոնգրեսի քարը քարի վրա չեն թողնում, «դուք պահանջու՞մ եք Սերժիկ Սարգսյանի հրաժարականը» հարցին կամ այս փորձառու քաղաքական գործչի նման` հանց պարտիզան, պատասխանում են`ո՛չ, կամ էլ` բարեհաջող խուսանավում են պատասխանից: Եվ եթե մի հարց կա, որին պատասխանում են հավեսո՜վ, ոգեւորվա՜ծ, վճռականորե՜ն` Հայ ազգային կոնգրեսին վերաբերող հարցն է: Անխնա՛ քննադատում են, եւ ամեն անգամ էս վճռականներին տուշ տվողների բերանը հիացմունքից ու ակնածանքից բաց է մնում` լա՜վ, հասկացանք` խիզախ եւ անձնազոհ, բայց էսքա՞ն, վույ ամա՜ն…

Հասանք ամենակարեւորին. այն մարդիկ, որոնք ժամանակին օվացիաներով էին դիմավորում էս անվճռական Կոնգրեսը լքողներին, լուռ են ձկան նման, չնայած լավ էլ տեսնում են, որ իրենց հերթական «վճռականը» Սերժիկ Սարգսյանի առջեւ փորսող տալու ակնհայտ նշաններ է ցույց տալիս: Կամ էլ` պաշտպանության անճոռնի փորձեր են անում: Շա՛տ անճոռնի:

Իսկ հիմա պատկերացրեք, որ այս նույն փորձառու լրագրողի հյուրն է Հայ ազգային կոնգրեսի որեւէ ներկայացուցիչ, եւ այս նույն փորձառու լրագրողը կոնգրեսականին է հարցնում. «Դուք պահանջու՞մ եք Սերժիկ Սարգսյանի հրաժարականը»: Եվ հանկարծ` ինչը գրեթե անհնար է, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն ասում է` ո՛չ: Պատկերացրի՞ք: Դե, հիմա էլ պատկերացրեք, թե ինչ մերկացնող հարցեր կտա փորձառու լրագրողը, եւ զանազան լրատվամիջոցներից ու Ֆեյսբուքից ինչ շանթուորոտ, հուրուկայծակ կթափվի Կոնգրեսի գլխին: Եվ ո՜վ զարմանք. այս վայնասունի հեղինակները կլինեն հենց այն մարդիկ, որոնք «թարս բուսնած խիարի» պես են պահում իրենց, եթե Սերժիկ Սարգսյանի առջեւ ակնհայտ ռեւերանս անողը Կոնգրեսը լքող խիզախներից մեկն է:

Ընկերներիցս մեկը մի անգամ կես կատակ-կես լուրջ ասաց` ով ինչից խոսի ու գրի, քո մշտական թեման «վճռականներն» են: Ճիշտ է, այդպես էլ կա: Որովհետեւ վստահ եմ, որ հենց սրա՛նց նենգ ջանքերով մասնատվեց ու առաջվա պես հզոր չէ Կոնգրեսը, հենց սրանց ծախու դավադրության հետեւանքով է այսօր Սերժիկ Սարգսյանն իրեն այնքան ապահով զգում, որ առանց աչքը թարթելու` Հայաստանը ծախում է փուլերով ու փաթեթով:

Եվ ով սա չի հասկանում կամ ձեւացնում է, որ չի հասկանում ու իրեն «թարս աճած խիարի» նման է պահում` ծառայում է (կամա թե ակամա` ինձ ի՞նչ) հենց այս նույն Սերժիկ Սարգսյանին, որի դեմ անվճռական պայքարելու համար մեղադրում էր Կոնգրեսին:

Այնպես որ` ես ձեզ չեմ մոռացել եւ երբեք չեմ մոռանալու, «վճռականներ»: