29.10.2013 21:06

ԼՂՀ ԱԺ պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանը խոհեմ է եւ հրաժարական կտա

ԼՂՀ ԱԺ պատգամավորը  համոզված է, որ Սերժ Սարգսյանը խոհեմ է եւ հրաժարական կտա

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը դիմել է Սերժ Սարգսյանին` ճշգրիտ թվարկելով այն բոլոր «ձեռքբերումները», որոնք արձանագրվել են Հայաստանում` նրա ղեկավարության օրոք. «Այսօր ունենք մի իրավիճակ, որն էապես սպառնում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ ինչի մասին հատկապես վկայեց Մաքսային միության Մինսկի գագաթնաժողովը, ցույց տալով, որ այդ միության անդամների համար Հայաստանը ոչ թե սպասված գործընկեր է, այլ շանտաժի եւ քաղաքական առեւտրի առարկա՝ Արցախի խնդրով հանդերձ:

Մենք ունենք ֆուտբոլային տապալված դիվանագիտություն, ունենք Հայաստանի ինքնիշխանության խոսուն սպառնալիքներ, ունենք ժողովրդագրական լրջագույն խնդիր՝ մեծ ծավալների հասնող արտագաղթ, հասարակության բարոյահոգեբանական անկումային վիճակ, մտավորական, գիտական պոտենցիալի սոցիալ-հոգեբանական անմխիթար կեցություն, ունենք հայրենի բնության հանդեպ անխնա եւ անտարբեր վերաբերմունք՝ հանուն մի խումբ անձանց գերշահույթների, ինչը բերել է Հայաստանում բնական միջավայրի հանդեպ լուրջ սպառնալիքի եւ բնակչության ու սերունդների առողջությանը սպառնացող վտանգների, ունենք օրենքի հանդեպ խտրական վերաբերմունք՝ երբ Ձեր շրջապատի շատ անձինք հանցագործություններ են կատարում եւ իրենք էլ որոշում իրենց պատժելիության կամ ավելի ճիշտ` անպատժելիության աստիճանը: Այդ ամենի հետեւանքով, Հայաստանն ու Արցախը ներկայում մեծ վտանգի առաջ են»:

Չնայած այս տագնապահարույց իրողությունների թվարկմանը` Վահան Բադասյանը նաեւ համոզված է Սերժ Սարգսյանի` «Հայաստանի ու Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգության հարցում», եւ քանի որ համոզված է` նրան «խոհեմության եւ հրաժարականի կոչ է անում»: