09.11.2013 11:11

Իրանի հարցով բանակցությունների երրորդ օրը կարող է վճռորոշ լինել

Իրանի հարցով բանակցությունների երրորդ օրը կարող է վճռորոշ լինել

Ժնևում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի և «վեցյակի» միջև ընթացող բանակցությունների երկրորդ օրը: Նոյեմբերի 9-ը, հնարավոր է, վճռորոշ դառնա կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու հարցում:

Նախապես ծրագրված էր, որ բանակցությունները կտևեն երկու օր: Ուրբաթ օրը քննարկումներն ավարտվել են ուշ երեկոյան: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ կողմերի միջև դեռևս «էական տարաձայնություններ» կան:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ, որպեսզի ցրի Իրանի հետ հնարավոր գործարքի մասին կասկածները: Բինիամին Նեթանյահուն դրանից առաջ հայտարարել էր, որ Իրանի հետ փոխզիջումն անընդունելի է Իսրայելի համար, և իր երկիրը պնդում է Իրանում միջուկային վառելիքի արտադրության լիակատար դադարեցման և համապատասխան հզորությունների ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետներն ակնկալում են, որ Իրանը կխոստանա մասամբ կրճատել ուրանի հարստացումը՝ պայմանով, որ Արևմուտքը կմեղմացնի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: «Բանակցություններն արդյունավետ էին, սակայն դեռ շատ անելիք կա»,- հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտարարել էր Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

Ժնևում BBC-ի թղթակիցը նշում է, որ երկար տարիներ ի վեր առաջին անգամ է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են այդպիսի արագությամբ: