11.11.2013 19:26

Վեցյակին չհաջողվեց համոզել Իրանին

Վեցյակին չհաջողվեց համոզել Իրանին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ-ի հինգ մշտական անդամների և Գերմանիայի ժնևյան շաբաթօրյա բանակցությունների ժամանակ Իրանը հրաժարվել է համաձայնագիր կնքել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Կիրակի օրը միջազգային լրահոսում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ համաձայնությունը չի կայացել, քանի որ դրա դեմ հանդես է եկել  Ֆրանսիան: Լրագրողների հետ Աբու-Դաբիում կայացած հանդիպման ժամանակ, սակայն, ԱՄՆ պետքարտուղար Քերին հայտարարել է. «Ֆրանսիան այն պաշտպանում էր, մենք այն պաշտպանում էինք, սակայն Իրանը կոնկրետ այդ պահին չհամաձայնեց պայմանագրի տեքստին»:

Քերին նաև հավելել է, որ հույս ունի, թե մոտակա ամիսների ընթացքում կմշակվի համաձայնագրի նոր տեքստ, որը կբավարարի բոլոր կողմերին:  BBC-ն հայտնում է, որ «Վեցյակի» նոր հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին:

Նշենք, որ ուրբաթ օրը կայացած բանակցություններից հետո Reuters-ի հետ զրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, թե բանակցությունները հաջող են ընթացել: «Ես հուսով եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել, մենք հասնում ենք առաջընթացի, բայց դա բարդ է»,- հայտարարել էր Իրանի արտգործնախարարը:

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին ևս հույս էր հայտնել, որ գործարքը կարող էր կնքվել, սակայն հայտարարել էր, որ կողմերի միջև դեռևս փոխըմբռնում չկա:
«Կողմերի միջև կան տարբերություններ: Դա անվիճելի է, և բանակցությունների շարունակումը հեշտ չի լինի, սակայն մենք չենք կորցնում հույսը»,- հայտարարել էր Իրանի փոխարտգործնախարարը:
Նշենք, որ այսօր Ժնևում նախատեսվում էր կատարել Իրանի և Արևմուտքի միջև համաձայնության առաջին քայլը: Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ Իրանը կդադարեցներ իր միջուկային ծրագիրը վեց ամսով, և դրա փոխարեն Արևմուտքը կթուլացներ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ Իրանը պնդում է,  թե իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, և պահանջում է, որ իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թուլացվեն, քանի որ դրանք լուրջ վնաս են հասցնում իրանական տնտեսությանը, փոխանցում է BBC-ն: