12.11.2013 14:26

Լիզա Ճաղարյան. Արդարությունը ձեզ նման երկերեսանի չէ, պարոնայք եւ տիկնայք

Լիզա Ճաղարյան. Արդարությունը ձեզ նման երկերեսանի չէ, պարոնայք եւ տիկնայք

Բոլորս ենք հիշում, իսկ ով «բարեհաջող» մոռացել է` հիշեցնեմ. նոյեմբերի 2-ին, բազմաթիվ ականատեսների վկայությամբ` Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալից, ծեծված եւ մազապուրծ եղած՝ փախել են չորս զինվորներ: Պարզ է, չէ՞. եթե այս զինվորները հոսպիտալում են եղել, ուրեմն` առողջական խնդիրներ են ունեցել: Եվ ովքե՞ր են ծեծել այս հիվանդ զինվորներին: …Բժիշկները: Ըստ ծեծված զինվորներից մեկի հոր` Սամվել Մարկոսյանի («Ժողովուրդ» թերթ)` զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ են ծեծել, ինչ-որ սարսափելի բա՞ն են արել այս զինվորները` չգիտեմ: Եթե նույնիսկ արել են որեւէ աններելի բան, միեւնույն է` այս պատմության մեջ երեք հանցագործ կա, եւ դրանք վերը նշված բժիշկներն են, որոնց կոչումը բուժելն է, եթե նույնիսկ իրենց հիվանդը մանկապիղծ է: Եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ անչափահաս տղաների ճակատագիրը խեղելու համար վերջապես ազատազրկված ոչ անհայտ Սերոբին շատ քնքշանքով բուժում էին բժիշկները, եւ մինչեւ հիմա չեմ լսել, որ որեւէ բժշկի ջղերը տեղի տային, ու նրանցից մեկնեւմեկը գոնե մի քանի դառը խոսք ասած լիներ այս արարածին: Որքան էլ որ ցանկությունը մեծ լիներ նման բան անելու` ճիշտ են արել բժիշկները, որ զսպել են իրենց զայրույթը. կրկնեմ` իրենց կոչումը բուժելն է նույնիսկ ոխերիմ թշնամուն, ոչ թե` ինքնադատաստանը: Այնպես որ` երկրորդական-տասներորդական հարց է, թե ինչ են արել զինվորները, որ արժանացել են այդ վայրի վերաբերմունքին. այս պատմության մեջ առայժմ երեք հանցագործ է հայտնի` հիվանդ զինվորներին ծեծի ենթարկող բժիշկները: Հետագայում գուցե պարզվի, որ զինվորներն էլ անմեղ չեն, բայց նույնիսկ դրանից հետո` այս բժիշկները չեն դադարում հանցագործ մնալ, եւ եթե որեւէ մեկը հիմա պետք է բանտախցում լիներ, ապա դրանք հենց այս բժիշկները պետք է լինեին:

Եվ ի՞նչ. քրեական գործ է հարուցվել, եւ հիմա ծեծված զինվորներից երկուսը կալանավորված են, մեկը հիվանդանոցում բուժվում է (չի բացառվում, որ բուժվելուց հետո նա էլ արժանանա իր ընկերների ճակատագրին):

Հիմա ստիպված եմ մեկ այլ դաժան պատմություն հիշել ու հիշեցնել: Շատ հավանական է, որ այս նույն բժիշկները անասելի ծանր են տարել «Հարսնաքար» ռեստորանում իրենց գործընկեր, ռազմաբժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանությունը եւ իրենց մյուս ընկերների նկատմամբ դաժան ծեծը (ծանր չէին տանի միայն մարդկային կերպարանքով գազանները), եւ խնջույքի սեղանների շուրջն այս նույն մարդիկ բորբոքված բարձրաձայնել են, թե ինչ խայտառակ վիճակ է Հայաստանի արդարադատություն կոչեցյալ «կանտորայում»: Հիմա` այս նույն զինվորների նկատմամբ կատարվածն ինչո՞վ է տարբերվում նեմեցական պատժիչ ջոկատի գազանությունից: Ավելին` Վահե Ավետյանին մահվան դուռը հասցնողներին հենց դրա համար էլ վարժեցրել էին, իսկ բժիշկները, կարծեմ, Հիպոկրատի էն բազմաչարչար գլխարկից են դնում գլխներին, եւ որքան էլ հաճելի չէ բարձրաձայնել` իրենց արարքը կրկնակի դատապարտելի է եւ զազրելի:

Այդ կողմերից բողոքի ձայն լսո՞ւմ եք… Ես չեմ լսում:

Ստիպված եմ հիշել եւ հիշեցնել մի ողբերգական պատմություն եւս` այս օրերին շոուբիզնեսի աշխարհին քնից արթնացրած վթարի մասին: Վարդան Պետրոսյանին շուտափույթ ապաքինում եւ արդար դատ եմ մաղթում, բայցեւ` արդարության մասին անսպասելի հիշած նրա գործընկերների ուշադրությունը հրավիրում եմ ծեծված եւ հետո կալանավորված զինվորների ճակատագրի վրա:

Իրենք դերասան չեն, արվեստագետ չեն, ընդամենը` մեր երեխաներն են… Դե՛, խոսեք, ասեք, որ աղաղակող անարդարություն է կատարվել:

Դուք այս կողմերից ձայն լսո՞ւմ եք… Ես չեմ լսում: