13.11.2013 15:16

Բագրատյան. Սովորական՝ ճղճիմ, զարգացման որեւէ ազդակ չպարունակող բյուջե

Բագրատյան. Սովորական՝  ճղճիմ, զարգացման որեւէ ազդակ չպարունակող բյուջե

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը

-Պարոն Բագրատյան, 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այս բյուջեն «ծրագրային» բյուջե է, եւ ներկայացրել էր իր հիմնավորումները: Համամի՞տ եք այդ գնահատականին:

- Վարչապետն ասել է բյուջեի ծրագրային լինելու մասին։ Բայց հիմնավորում չի եղել։ Համենայն դեպս՝ ինձ այդպիսի բան հայտնի չէ։ Իսկ այս տարվա բյուջեն այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ։ Բյուջեի` ծրագրային լինելու որեւէ փաստ չկա։ Կարելի է, իհարկե, հայտարարել, որ այս կամ այն համայնքին աղբահանության կամ կարկտի դեմ պայքարելու համար հատկացված փողը ծրագրային փող է, կամ էլ ուսուցիչների աշխատավարձն այլեւս ծրագրային աշխատավարձ է։ Սա արդեն ճաշակի հարց է։

- Եթե համամիտ չեք «ծրագրային բյուջե» արտահայտությանը, ապա ինքներդ ի՞նչ անուն կտաք դրան:

- Սովորական՝ ճղճիմ, զարգացման որևէ ազդակ չպարունակող փաստաթուղթ է։

- Որքանո՞վ եք իրագործելի համարում այս բյուջեն:

- Այն արդեն իրականացված է։ Այնտեղ որեւէ աճ չկա։ Եթե զտում ենք գնաճը, գրեթե կրկնում ենք (2.2% տարբերությամբ) 2013-ի բյուջեն։

- Անդրադառնանք նաեւ բյուջեի ռիսկերին. ըստ կառավարության՝ արտաքին ռիսկեր կան: Համամի՞տ եք, որ միայն արտաքին ռիսկերն են:

-Ամենամեծ ռիսկերը ներքին են։ Եվ ամենաառաջին ռիսկը այս կառավարության պաշտոնավարումն է։

- Իսկ Ձեր կարծիքով՝ այս բյուջեի արդյունքում մարդկանց կյանքը կլավանա՞, թե՞ ոչ:

- Չգիտեմ։ 1200 էջ փաստաթղթի մեջ այդ մասին ոչինչ չկա։ Եթե լավացնելու ցանկություն լիներ, այդ մասին կգրեին։

- Կխնդրեի անդարդառնալ նաեւ այս տարվա տնտեսական աճին. ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում խոստացած տեմպերն ապահովել:

- Այս տարվա 9 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 3,2% է։ Խոստացել էին 7%։ Նույնիսկ այդ 3,2%-ն է այսօր հարցական: Արտադրության թվերը (ծառայություններ, գյուղատնտեսություն) կեղծված են։

- Իսկ կառավարության բերած հիմնավորումները դուք արժանահավատ համարո՞ւմ եք:

- Ոչ մի հիմնավորում էլ չկա։

- Ինչո՞ւ: Ասում են՝ համաշխարհային տնտեսական աճն է դանդաղել:

 

- Այո, օրինակ, ասում են, որ համաշխարհային տնտեսական աճը դանդաղել է։ Վարչապետի ասածն է։ Իրականությունն այն է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 3,3-3,8%։ Վեջին 15 տարիներին միայն 4 անգամ է աճն ավելի բարձր եղել։ 10 անգամ այդ աճն ավելի ցածր է եղել։ Այնպես որ՝ վարչապետն է, էլի, մի հատ սուտ ասաց՝ գնաց։ 

Արման Գալոյան