14.11.2013 10:39

Անտեղյակը` Կառավարությունում, կամ Տիգրան Սարգսյանի ոդիսականը

Անտեղյակը` Կառավարությունում, կամ Տիգրան Սարգսյանի ոդիսականը

Պատմությունը փաստում է, որ ժամանակին հայտնի դիկտատորներն ունեցել են իրենց նմանակներին, որոնց հարկ եղած դեպքում իրենց փոխարեն ուղարկել են մասնակցելու այս կամ այն միջոցառմանը:

Քավ լիցի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, իհարկե, դիկտատոր չէ: Բայց երեկ տպավորություն էր, թե ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին խորհրդարան էր եկել ոչ թե մեզ հայտնի Տիգրան Սարգսյանը, այլ`նրա նմանակը: Համենայն դեպս, երեկ նա խորհրդարանում այնպիսի հայտարարություններ է արել, որոնք տարակուսանքի տեղիք են տվել ու կասկածներ են սերմանում առ այն, որ ԱԺ ամբիոնից խոսողը մեզ հայտնի վարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյանն է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությանն ուղղված հարցում հիշեցրել է Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրած փաստաթուղթը, համաձայն որի` Հայաստանը պարտավորվում է Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն չանել: Եվ տիկին Զոհրաբյանը հարցրել է կառավարությանը՝ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին, եւ, ընդհանրապես, ո՞րն է Մաքսային միության շահը։ Վարչապետը փորձել է ընդհանրական պատասխաններ տալ: Իսկ երբ պատգամավորը հայտարարել է, թե իր հարցի պատասխանն ինքը չստացավ, Տ.Սարգսյանը հարցրել է. «Նման հայտարարություն ո՞ր փաստաթղթում է առկա»։ «Մինսկում, Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթում»,- պարզաբանել է Ն.Զոհրաբյանը: «Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա դուք հղում եք կատարում և կտամ ձեզ լրացուցիչ պարզաբանումներ, բայց կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններով չեն որոշվում ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները։ Ուստի որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր հայտարարություններում»,- եղել է Տիգրան Սարգսյանի պատասխանը:

Այս երկխոսությունը, թերեւս, ապշեցրել է շատերին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի  24-ին այցելել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ,  որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին: Ըստ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի` «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են»: Դրանց թվում է նաեւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիր»-ը, որի 3-րդ կետը (առաջարկվող հղումով` երկրորդ փաստաթուղթը-խմբ.) սահմանում է, որ ՀՀ-ն ձեռնպահ է մնում այնպիսի հայտարարություններ ու գործողություններ անելուց, որոնք ուղղված կլինեն Մաքսային միության եւ Միասնական տնտեսական համագործակցության շահերին:

Այստեղ, թերեւս, խնդիրը նույնիսկ այն չէ, որ Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթի բովանդակությունց: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիր»-ը հետո այլ «ճակատագիր է ունեցել»: Նոյեմբերի 6-ին Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը, որը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից. «Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն»:

Ասել է, թե հուշագիրը, որի մասին հարցրել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Երեւանում ստորագրվել է նույն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից. ի դեպ, այն պետք է ստորագրվեր դեռ Մինսկում, բայց քանի որ Տիգրան Սարգսյանը չէր մեկնել Մինսկ, որոշվել էր` Խրիստենկոն կգա Երեւան եւ այն այստեղ կստորագրեն: Ու հիմա, փաստորեն, ՀՀ ԱԺ-ում Տ.Սարգսյանը խոստովանել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը. «Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա դուք հղում եք կատարում և կտամ ձեզ լրացուցիչ պարզաբանումներ»:

Սա, թերեւս, կարելի է համարել լրջագույն, ընդ որում` ամոթալի սկանդալ: Ու այսքանից հետո կարելի է անել մի քանի եզրակացություն.

ա. Երեկ ԱԺ-ում վարչապետի անվան տակ եկել ու պատգամավորների հարցերին պատասխանում էր բոլորովին այլ մարդ, հավանաբար` նրա նմանակը:

բ. Տիգրան Սարգսյանի մոտ պարզապես անձի երկվություն է. ռուս պաշտոնյաների մոտ նա բոլորովին այլ մարդ է, եվրոպացիների մոտ` բոլորովին այլ մարդ, ՀՀ ԱԺ-ում` մեկ այլ մարդ:

գ. Վ. Խրիստենկոյի հետ փաստաթուղթ ստորագրած անձնավորությունը եղել է ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ` բոլորովին ուրիշ մարդ: Այլ կերպ ասած` հռչակագիրը ստորագրած վարչապետ Տիգրան Սարգսյանն ամենեւին էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը չէ:

դ. Եվ վերջապես, որն ամենահավանականն է` վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես չի ծանոթացել այդ հռչակագրի տեքստին, եւ ստորագրել է այն փաստաթղթի տակ, ինչ իրեն հրամցրել են ռուսները: Ի դեպ, այդ փաստաթուղթը տեղադրված է նաեւ համացանցում եւ հասանելի է բոլորին, եւ նորագույն տեխնոլոգիաների սիրահար վարչապետն այն չի կարդացել նաեւ ստորագրելուց հետո: Ասում են` այս տարբերակն ամենահավանականն է: Ամենահավանականն է ու ամենաամոթալին: Իրեն հարգող ցանկացած մարդ, իրեն հարգող ցանկացած պաշտոնյա նման բան երբեք թույլ չի տա:

Այսքանից հետո մնում է եզրակացնել`անկախ նրանից, թե ինչն է այս ամենի պատճառը, միեւնույն է, դա արդարացում չէ: Եվ այս միջադեպը եւս գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախումբը չի տիրապետում իրավիճակին, եւ նրա գոյության ամեն մի օրը երկիրը տանում է կործանման:

Արման Գալոյան