14.11.2013 16:37

Քրիստինե Խանումյան. Իսկ մեղսունա՞կ էր արդյոք «հանգուցյալը»

Քրիստինե Խանումյան. Իսկ մեղսունա՞կ էր արդյոք «հանգուցյալը»

Երեկ ԱԺ-ում Օֆշորի Տիկոյի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի բենեֆիսն էր: Բացասական իմաստով, իհարկե: Երկու կարեւոր հարցի պատասխանեց, երկուսն էլ, մեղմ ասած` սկանդալային: Նախ, փաստացի հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը, այլեւ անգամ այն փաստաթղթինը, որն իր իսկ ձեռքով է ստորագրել:

Երկրորդն ավելի ակնառու էր, մեղմ ասած՝ ցինիզմի գագաթնակետ: Պատգամավորը հարց է տալիս, թե այս նեղ պահին, երբ դպրոցներն ու հիվանդանոցները վերանորոգման կարիք ունեն, ինչո՞ւ եք գումար նախատեսում եկող տարվա բյուջեից՝ պետական մի քանի շենքեր (ԱԺ, նախագահական, կառավարություն) վերանորոգելու համար: Հարցնում է՝ հնարավոր չէ՞ այդ ծախսերը հետաձգել, ու դրա փոխարեն՝ այդ գումարները տալ երեխաներին: Հնարավոր է, իհարկե: Ասում է Տիգրան Սարգսյանը: Ուրեմն՝ կտա՞ք այդ գումարները նրանց: Հարցնում է պատգամավորը: Ոչ: Ասում է Սարգսյանն ու հեռանում:

Միայն այս երկու պատասխանները համեմատելով՝ կարելի է փաստել, որ մի դեպքում՝ սույն քաղաքական գործիչը ցուցաբերում է քաղաքական կատարյալ անմեղսունակություն (քանի որ մեղսունակ մարդը չի կարող չիմանալ, թե ինքն ինչ փաստաթղթի տակ է ստորագրում, այն էլ՝ պետության անունից), իսկ երկրորդ դեպքում՝ կատարյալ ցինիզմ, որովհետեւ պետք է կատարյալ ցինիկ լինել ՝ հանրության աչքերին ուղիղ նայելով՝ նման բան ասելու համար: Միայն կատարյալ ցինիկը կարող է առանց ավելորդ սեթեւեթանքների ասել, թե, իհարկե, մենք կարող ենք մեր՝ իշխանության կարիքների փոխարեն, ձեր՝ մեզ փող տվող հանրության կարիքները հոգալ, բայց չենք անի: Չենք անի, ու վերջ: Առանց ավելորդ դեմագոգիայի: Կարող էր, իհարկե, սովորականի պես ասել՝ գիտե՞ք ինչ կա, սիրելի հասարակություն, մեզ էլ հասկացեք, ախր մեր վարչական շենքերը վատ վիճակում են, չենք կարող դրանք չվերանորոգել: Գալուստ Սահակյանն, օրինակ, կասեր, թե «մեզ համար հո չե՞նք անում, անում ենք նաեւ մեզանից հետո եկող իշխանությունների համար, հո մենք միշտ իշխանության չե՞նք լինելու, ու նաև՝ այդքան արտասահմանցի հյուրեր են գալիս, բա ամո՞թ չի, որ մեր վարչական շենքերը տեսնեն այս վիճակում, այդ շենքերի լավ տեսքը կբարձրացնի նաեւ պետության վարկը միջազգային ասպարեզում» եւ այլն, եւ այլն: Բայց նույնիսկ այս դեմագոգիկ արդարացումները չեն արվում: Անգամ նեղություն չեն տալիս իրենց՝ արդարանալու, ինչ-որ պատճառներ բերելու, թեկուզ եւ՝ չհիմնավորված պատճառներ: Չե՛նք տալիս, ու վերջ: Սա՛ է: Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ հեչ էլ ուզեք:

Կանենք այն, ինչ մենք ենք ցանկանում, եւ եթե մինչեւ հիմա գոնե ձեւական կողմը պահել ենք, ապա սրանից հետո դա էլ չենք անի: Այ հիմա կտեսնեք իշխանության իրական դեմքը: Ցանկանում էիք, որ իշխանությունը դեմքով շրջվի դեպի հանրությո՞ւնը: Ստացա՛ք, ահա՛ իշխանությունն արդեն դեմքով շրջվել է դեպի հանրությունն ու ներկայացել իր ողջ ցինիզմով ու լկտիությամբ: Ու բոլոր նրանք, ովքեր զարմանում են, թե բա այս ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ, լավ կլինի՝ չզարմանան: Հենց այսպես էլ պիտի լիներ: Սկզբում նրանք պահում են գոնե ձեւական կողմը, բայց երբ մոտենում են սահմանագծին ու հասկանում են, որ բոլոր քարոզչական փամփուշտները կրակել են, այլեւս ձեւականությունների հետեւից չեն ընկնում: Զարմանալ ամենեւին էլ պետք չէ. պատանդ վերցրած գողերը միշտ էլ վերջում դանակը դեմ են տալիս զոհի կոկորդին եւ սպառնում են սպանել, եթե տեսնում են, որ բոլոր հնարավոր ելքերն արդեն սպառված են: Զարմանալ պետք չէ. ինչքան վատ, ինչքան ցինիկ լինեն՝ այնքան լավ: Նշանակում է՝ իրենք էլ են հասկացել, որ վերջը մոտ է: Ինչքան քիչ խաղան, ինչքան բացահայտեն իրենք իրենց, որքան բացահայտ լկտի պահեն իրենց, ուրեմն՝ այնքան վատ է վիճակները՝ նշանակում է: Մինչեւ հիմա նազ ու տուզով են թալանել, հատ- հատ ծանրութեթեւ անելով՝ ինչն է իրենց պետք, ինչը՝ չէ, թալանել են՝ ըստ ճաշակի, հիմա արդեն, փախուստից առաջ հանել են դիմակներն ու ձեռքների տակ ինչ կա-չկա՝ արագ-արագ լցնում են պայուսակների մեջ, հասել են արդեն վերջին կռճոններին, որովհետեւ իրականում իրենք շատ էլ լավ գիտեն՝ ողջ այս ընթացքում ինչեր են ստորագրել, ինչեր են շուտով ստորագրելու, եւ այդ իրենց ստորագրած թղթերն ինչով են սպառնալու Հայաստանին: Սրանք արդեն փախուստի են պատրաստվում: Ակնհայտորեն: Բայց վայ թե՝ չհասցնեն:

Հ.Գ. Տիգրան Սարգսյանն ու նրա նմաններն, անշուշտ, մի օր դատարանի առաջ պատասխան են տալու բոլոր գործած հանցանքների համար: Իրավակա՛ն դաշտում: Իսկ ահա երեկվա նման ցինիկությունների համար արդեն այլ դաշտում պատասխան կտան: Ու վայ թե հաջորդ իշխանություններն անգամ չկարողանան ժողովրդի ձեռքից փրկել սրանց: