19.10.2012 14:41

Դավիթ Ջամալյան. Արցախի զորավարժությունները տարածաշրջանային զարգացումներին ուղղություն են հաղորդում

Դավիթ Ջամալյան. Արցախի զորավարժությունները տարածաշրջանային զարգացումներին ուղղություն են հաղորդում

Արցախում անցկացվող զորավարժություններն իրենց մասշտաբով մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին ուղղություն հաղորդելու բնույթ ունեն: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա համոզմամբ՝ այդ զորավարժությունները կարևոր են նաև բարոյահոգեբանական հարթությունում:

«Մի բան է՝ ասել՝ բանակը մարտունակ է, մի բան է՝ առարկայորեն ապացուցել դա: Այս զորավարժությունները ժողովրդի մոտ անորոշությունը ցրելու ու ապագան կանխատեսելի դարձնելու գործառույթ կարող են ունենալ: Սրանք կայունություն, խաղաղություն պարտադրող միջոցառումներ են», - նշեց Ջամալյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանն իր հայտարարությունների ագրեսիվ տոնայնությունը վերջին շրջանում փոխել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի վերջին հայտարարության մեջ, ըստ Ջամալյանի, ագրեսիվ տոնայնությունն իր տեղը զիջել է պաշտպանականին: Սա, փորձագետի համոզմամբ, նշանակում է, որ դիմացինն իրենից ուժ է ներկայացնում: